Թուրքիան, Եվրամիությունը և դեմոպոլիտիկան


Վերջին մի քանի տարում Թուրքիայում ներհասարակական զարգացումների վրա, անշուշտ, ազդել է նաև Եվրամիությանը հնարավոր անդամակցության հարցը: Հայաստանը ևս չի կարող անտարբեր մնալ Եվրամիությանն իր հարևանի հնարավոր անդամակցությանը: Կարծիք կա, ըստ որի` Հայաստանը միայն կշահի այդ հեղինակավոր կառույցին անդամակցող, եվրոպական արժեքներ դավանող, այդ արժեքներով առաջնորդվող հարևանի առկայությամբ: Սակայն Եվրամիությունը Թուրքիայի անդամակցության համար որոշակի լուրջ նախապայմաններ է առաջադրում: Դրանց թվում է նաև Հայոց ցեղասպանության ընդունման խնդիրը, որի շուրջ քննարկումները մեզանում ակտիվանում են, բնականաբար, հատկապես ապրիլ ամսին: Այդ քննարկումներում հիմնականում բախվում են երկու կարծիք: Ըստ դրանիցից մեկի` Հայաստանը չպետք է պետական մակարդակով միջամտի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին. այլ կերպ ասած, ցեղասպանության միջազգային ճանաչումը չպետք է ներառվի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Այս դիրքորոշման ընդդիմախոսները ևս, ինչպես կողմնակից ները, ունեն իրենց ոչ պակաս հիմնավորումները: Սակայն, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում տնտեսական, աշխարհաքաղաքական խնդիրներից բացի, էական դեր է խաղում նաև, թերևս, ժողովրդագրական քաղաքականությունը` դեմոպոլիտիկան: Բանն այն է, որ տնտեսական աճ ապահովելու համար եվրոպական երկրները այլ երկրներից միլիոնների հասնող աշխատուժ են «ներմուծել»: Եվրամիության երկրները, մասնավորապես Ֆրանսիան, Գերմանիան այսօր արդեն հաճախ են խնդիրներ ունենում նոր գաղթյալների հետ: Օրինակ, 2005-ին Ֆրանսիայում տեղի ունեցած միջէթնիկական լարումները դրա վառ ապացույցն են: Հատկապես մահմեդականների համար ֆրանսիական արժեքներն ընդունելի չեն: Խորը հակասությունը իսլամի և եվրոպական, ֆրանսիական արժեքների միջև չի մեղմանում: Պատահական չէ, որ եվրամիությունը շտապեց իր շարքերն ընդունել իր «աղքատ ազգականներին»` Արևելյան եվրոպայի երկրներին, արտաքուստ ցույց տալով, թե նրանք համապատասխանում են եվրաչափանիշներին և° տնտեսական կարողությունների, և° ժողովրդավարության հարցերում: Իրականում եվրոպական երկրները միավորվում են, որպեսզի միասնաբար դիմագրավեն սպառնացող ժողովրդագրական աղետը: Եվրամիությունն իր «աղքատ ազգականներին» ընդունեց նրանց հաշվին սեփական աշխատանքային ռեսուրսները համալրելու նպատակով: Իսկ Թուրքիային Եվրամիությունը այնքան ժամանակ չի ընդունի իր շարքերը, քանի դեռ նա բնակչության աճի բարձր տեմպեր ունի: Իսկ այդ ընթացքում Թուրքիայի անդամակցությունը մերժելու համար Եվրամիությունը պատրվարկներ միշտ կարող է գտնել` Հայոց ցեղասպանության ընդունում, քրդական հարց, ազգային փոքրամասնությունների խնդիր, քրեական օրենսգրքի թիվ 301 հոդված… Բացի այդ, Թուրքիայի անդամակցությունը մերժելու պատրվակներ փնտրելու համար Եվրամիությանը «պատեպատ խփվելու» կարիք չունի: Իրականում, թուրք հասարակությունը, ոչ էլ պետությունը պատրաստ չեն Եվրամիության գիրկը նետվելու: Տնտեսական նկատառումներով` գուցե, բայց թուրք հասարակության արժեքային համակարգն այսօր չի կարող եվրոպականի մաս դառնալ: Վերջերս Թուրքիայի խորհրդարանը ընդունեց տխրահռչակ 301 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Իրականում այդ փոփոխությունները հոդվածի էությունն այնքան էլ չեն փոխում: Խոսքը գնում է միայն ոչ թե թուրք ինքնությունը, այլ թուրք պետությանը վիրավորելու համար պատասխանատվության մասին: Եվ այս ոչ էական փոքրիկ փոփոխությունը կատարելու համար էլ թուրք հասարակությունը ստիպված էր մեծ ջանքեր գործադրել: Իսկ քրիստոնյաների հանդեպ գործադրված բռնարարքները, սպանությունները, մասնավորապես, Հրանտ Դինքի սպանությունը հիմքեր չեն տալիս մտածելու, թե Թուրքիան մոտ ապագայում կարող է «դարձի գալ»: Իսկ վերջերս Հայաստանի հանդեպ Թուրքիայի ցուցադրած ռեվերանսները կարելի է համարել թուրքական խորամանկ դիվանագիտության դրսևորում: Թերևս, բոլորովին պատահական չէր, որ Հայաստանի նորանշանակ արտագործնախարար Էդուարդ Նալբանդյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին հասցեագրված շնորհավորանքները հնչեցին ապրիլի 24-ի օրերին: Դրանով Թուրքիան պարզապես ջանում էր աշխարհի աչքերին թոզ փչել, թե` տեսե°ք-տեսե°ք` ինչ խաղաղասերն եմ, բարեկամական ձեռք եմ մեկնում հարևանիս: «Բարեկամական ձեռք մեկնելով» հանդերձ, Անկարան չշտապեց հրաժարվել սահմանը բացելու նախապայմանից` Արցախից հայկական զորքերը դուրս բերելու մասին իր պահանջից: Իսկ ընդամենը մի երկու օր առաջ Թուրքիայի արյունակից եղբայրը` Ադրբեջանը, հրաժարվեց Հայաստանին վերադարձնել թյուրիմացաբար հայ-ադրբեջանական սահմանն անցած` Հայաստանի թվով չորս քաղաքացիներին: Որ Թուրքիան և Ադրբեջանը հատկապես Հայաստանին վերաբերող բոլոր հարցերում միասնաբար են գործում` կասկած չկա: Մի խոսքով, միամտություն կլինի կարծել, թե Թուրքիան կարող է մոտ ապագայում վերափոխվել ու համալրել առաջադեմ մարդկության ընտանիքը: Նույնքան էլ միամտություն կլինի մտածել, թե Ադրբեջանը երբևէ կարող է հոժարակամ հրաժարվել Արցախը հետ նվաճելու և հայաթափելու երազներից: Թուրքիայի եվրոպականացվելը և Արցախից Ադրբեջանի հրաժարվելը հակասում են պանթուրքիզմի պլաններին:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ