Հայաստանը խաչմերուկում. ԱՐԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ


Հայ իրականությունում ազգային խնդիրների նկատմամբ ոչ միահամուռ, տարակարծիք դրսևորումները ունեն իրենց նախադեպը: Խորհրդային իշխանության տարիներին հայ գիտնականների և հրապարակախոսների կողմից հսկայական քանակությամբ վարկաբեկիչ բովանդակությամբ գրքեր և հոդվածներ են լույս տեսել մեր առաջին հանրապետության, նրա ղեկավարության և ազգային կուսակցությունների նկատմամբ: Պատմական ճակատագրի թելադրանքով հայ ժողովրդին ավելի բնորոշ է կենտրոնանալ անցյալի վրա: Դրա վառ օրինակը ջանքերի կենտրոնացումն է ցեղասպանության ճանաչման վրա: Այդ պայմանավորված է սեփական գոյության բացասական փորձով, ապագայի նկատմամբ մտավախությամբ: Հուսադրող է հանրապետության նախագահի հայտարարությունը` առաջիկայում էլ հետամուտ լինել միջազգային հանրության կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ցեղասպանության ճանաչումը հայության համար ունի ոչ միայն բարոյահոգեբանական և ազգային միավորման նշանակություն: Այն կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից: Հանցագործության միջազգային դատապարտումը կանխարգելիչ կարող է լինել ապագայում նման գործողություններ թույլ չտալու համար: Հին Հռոմում ընդունված էր ասել, որ ժողովրդական զանգվածներին անհրաժեշտ է հաց և տեսարան: Դարերի ընթացքում նման մոտեցման բովանդակությունը չի փոխվել: Հայաստանի Հանրապետությունում էլ ջանքեր են գործադրվում մասսայական տեսարանը ապահովելու համար: Ցանկալի է, որ տոնախմբություններին հսակայական միջոցներ չծախսվեն այլ երկրներից շոու-բիզնեսի աստղերին հրավիրելու վրա: Խելամիտ կլինի հանդիսություններին մասնակից դարձնեն հանրապետության երաժշտական և պարային դպրոցների սաներին, թատրոնների կոլեկտիվներին, որոնց ելույթները հասարակական ավելի մեծ հնչեղություն կունենան և կթեթևացնեն նաև գեղարվեստական կոլեկտիվների ֆինանսական խնդիրները: Կյանքը ցույց է տալիս, որ հասարակական-քաղաքական կյանքում գնալով աճում է տպագիր և հատկապես էլեկտրոնային ԶԼՄ-ների դերը: Ժուռնալիստիկան, հանդիսանալով իրականության հայելե արտացոլում, իրենից ներկայացնում է հասարակական կյանքի կոլեկտիվ իմաստավորման արդյունք: Օրախնդիր է, թե ինչպես գտնել ժուռնալիստական միտքը հասարակությանը ներկայացնելու ամենակարճ ուղին` միաժամանակ չկորցնելով մասնագիտական անհատականությունը: Մինչդեռ հանրապետության ժուռնալիստների նման որոնումները ոչ միշտ են պսակվում հաջողությամբ: Նկատելի է նաև հանրապետության առանձին հեռուստաալիքների հաղորդումների թերացումը: Քիչ են գիտաճանաչողական, ուսուցողական բնույթի հաղորդումները: Հաճախ հեռուստաէկրաններ են հրավիրում գիտության բնագավառի աշխատողների, որոնց հետ զրույցը ընթանում է ոչ թե արդի գիտության նվաճումների, տվյալ գիտնականի հետազոտական աշխատանք ների, այլև քաղաքական անցուդարձի մասին: Զավեշտական է, երբ կենսաբանը կամ քիմիկոսը իր նախընտրած գիտության նվաճումները մասսայականացնելու փոխարեն պարզունակ դատողություններ է անում հանրապետության ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Արժե հիշեցնել անվանի դիվանագետ Թալեյրանի այն միտքը, որ անցումային շրջանում մարդիկ սովորաբար փորձում են ինքնահաստատվել ոչ իրենց հիմնական մասնագիտության շրջանակներում: Հեռուստաէկրաններում եզակի են այնպիսի ճանաչողական և ուսուցողական հաղորդումները, ինչպես «Արմենիայի» «Դար» հաղորդաշարն է: Մինչդեռ հեռուստաէկրանները ողողված են գռեհկաբանությամբ և քստմնելի սպանությունների տեսարաններով, որոնք դիտողների մոտ ոչ միայն ձևավորում են ցածր ճաշակ, այլև դաժանություն: Բարվոք չէ հանրապետությունում հրատարակվող պարբերական մամուլի վիճակը: Խիստ անապահով են հատկապես մարզային լրատվամիջոցները` թերթերը, հեռուստաընկերություննե րը, միաժամանակ խզված է նրանց ստեղծագործական կապը Երևանում լույս ընծայվող լրատվամիջոցների հետ: Հանրապետական ԶԼՄ-ները, ըստ էության, բավարար չափով չեն իրականացնում իրենց առաքելությունը Հայաստանի տնտեսության և մշակույթի զարգացման արտացոլման գործում: Ըստ էության` հանրապետության շրջանները գտնվում են մայրաքաղաքից տարանջատված և այն էլ տեղեկատվական պակասի պայմաններում: Երևանից մի փոքր հեռանալու դեպքում հեռուստաալիքների զգալի մասը դառնում է անմատչելի: Այս ամենը բացասաբար է ազդում գյուղի բնակչության` որպես քաղաքի հետ մեկ ընդհանրության գիտակցմանը: Քաղաքական գործընթացների ավելորդ շահարկումը հանգեցրել է նրան, որ տպավորություն է ստեղծվում, որ երևանցիների զգալի մասը դադարել է ընտանիքի, երեխաների մասին հոգացողությունից: Կարծես նրանց չեն մտահոգում մերձավորների առողջական խնդիրները, կենցաղային առօրյա հոգսերը: Ժամանակը չէ արդյո՞ք ջանքերը կենտրոնացնել բացառապես արարելու վրա: Հսկայական է Ս. Սարգսյանի դերը հայ նոր պետականության կազմավորման գործում: Վերջին տասնամյակում նա իրեն դրսևորել է որպես ազգի լիդերներից մեկը: Ս. Սարգսյանը առանձնանում է իրադարձությունների իրական գնահատմամբ, հասարակության զարգացման օրինաչափությունների հստակ գիտակցմամբ և հնարավոր զարգացումների կանխատեսմամբ: Ազգային-ազատագրական պայքարի բովում կոփված և հետագայում շարունակաբար իր գիտելիքները հարստացնող հմուտ և նախաձեռնող խոշոր պետական գործիչը առանձնանում է կամային բարձր հատկանիշներով, անձնական պատասխանատվության բարձր զգացումով, բացառիկ աշխատասիրությամբ և միաժամանակ անմիջական և մարդամոտ պահվածքով: Որպես պետության և հասարակության ղեկավար Ս. Սարգսյանի առաջնահերթ խնդիրներն են դառնում պետության ամրապնդումը, նրա սահմանների անձեռնմխելիության ապահովումը, երկրի զարգացումը, ազգի համախմբման պայմանների ստեղծումը, անձի իրավունքների և ազատությունների երաշխավորումը: Եթե ներկա պահին հանրապետության նորընտիր նախագահը չդրսևորի անհրաժեշտ կամք և հետևողականություն, ապա մեր երկիրը կհայտնվի քաոսային վիճակում` միանգամայն կանխատեսելի կործանարար հետևանքներով: Հաշվի առնելով Ս. Սարգսյանի հարուստ կենսափորձը, քաղաքական գործչի իմաստնությունը, հայրենասիրությունը և հոգատարությունը մեր հայրենակիցների խնդիրների լուծման գործում, կարելի է համոզված ասել, որ նոր նախագահի ղեկավարությամբ Հայաստանը հաջողությամբ կլուծի իր առջև կանգնած բարդ խնդիրները և դուրս կգա զարգացման նոր մայրուղի: Ժողովրդավարական երկրներում նախագահի անձնական կյանքը և նրա ընտանիքի անդամների կեցվածքը ունի հասարակական հնչեղություն: Ս. Սարգսյանը ունի ավանդապաշտ հայկական ընտանիք: Բարեգործական տարբեր միջոցառումների մասնակցության հեռուստատեսային տեսագրությունները համոզում են, որ հայոց նոր առաջին տիկինը անմիջական, արհեստականություն չունեցող, գեղեցիկ, ժպտադեմ հայ մայր է և ամուսին: Յուրաքանչյուր անհատի մտահոգում է շրջապատի` իր նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Նույնը զգացմունքներով է ապրում նաև ժողովրդասեր Ս. Սարգսյանը: Ուրեմն բոլորս համախմբվենք նոր նախագահի շուրջը` հանուն ազգի և պետականության առաջնահերթային խնդիրների լուծման: Ա. Իսահակյանի պատկերավոր արտահայտությամբ` Հայաստանը «ընկած է քառուղու վրա բախվող ազգերի»: Պատմականորեն մեր ժողովուրդը միշտ էլ միավորվել է սպառնացող վտանգի պահին, որը նրան օգնել է հաղթահարել դժվարությունները և թևակոխել առաջընթացի և զարգացման նոր շրջան: Պահի թելադրանքով թերևս առաջնային է երկխոսության հաստատումը քաղաքական բոլոր ուժերի միջև: Միաժամանակ նախապատվությունը պետք է տալ ռազմավարական խնդիրների լուծմանը. այն է` մեր ժողովրդի համար արժանավայել կյանքի ապահովումը, գիտության, կրթության և մշակույթի զարգացումը, միջազգային ասպարեզում ակտիվ քաղաքականության իրականացումը: Ներկայումս հայկական հասարակության մեջ տիրապետող են ժամանակակից իրողությունների իմաստավորման և ապագայի կանխատեսումների մոտիվները: Ժամանակակից աշխարհին բնորոշ իրողությունների ըմբռնումը Հայաստանին կօգնի ճիշտ կողմնորոշվել տեղի ունեցող գործընթացներում, միաժամանակ պահպանելով իրեն հատուկ դիմագիծը և մեր ժողովրդին բնորոշ հոգեկերտվածքը: