ԲԱՆԱԿԱՅԻՆ ՌԵՖՈՐՄՆԵՐ


Յուրաքանչյուր պաշտոն ստանձնելիս` անհատի առջև ծառանում է հաջողության առհավատչյան. հետևողականությունը, հարգանքը մասնագիտության հանդեպ և անաչառությունը: Առավել ևս, երբ պետության սահմանային ապահովության գրավական բանակի ղեկավարի պատասխանատվությունն ես հանձն առել: Վերոբերյալ սկզբունքների յուրօրինակ ամրագրումն էր ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Ս. Օհանյանի շրջայցը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտի: Նախարարի պաշտոնում առաջին անգամ լինելով 3-րդ բանակային զորամիավորման զորամասերում, Ոսկեպար գյուղի մոտակայքի սահմանամերձ դիրքերում, առանց պաշտոնական այլևայլությունների նա հետևում էր բացատրություններ տվող սպաներին: Եվ նրա հայացքը ենթադրել էր տալիս` առկա թերությունները մնայուն չեն և պետք է վերացվեն հնարավորին չափ սեղմ ժամկետում: Այնուհետև ողջունելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` նա հավաստիացրեց, որ զինված ուժերի գործունեությունը այսուհետ ավելի թափանցիկ է լինելու լրատվամիջոցների և հասարակության համար` չանցնելով, իհարկե, ռազմական գաղտնիության սահմանագիծը: Ապա խոսելով բանակի առաջնային խնդիրների մասին` նշեց. - Կարևորում եմ մեր երկրի պաշտպանունակության ամրապնդումը, բանակի մարտունակության բարձրացումը և, ընդհանուր առմամբ, բնակչության ու մատաղ սերնդի ռազմա-հայրե նասիրական դաստիարակության մակարդակի զարգացումը: Գիտեք, որ մի քանի օր առաջ Ազգային ժողովում հաստատվեց մեր կառավարության գործունեության ծրագիրը, որտեղ իրենց ուրույն դերն ունեն այս դրույթները: Ասեմ, որ այս տարի մեր Զինված ուժերի ամբողջ գործունեությունը իրականացվում է «նոր որակ, բարեփոխումների հաստատուն ընթացք» կարգախոսով: Սա ասում է, որ մենք նորովի պետք է մոտենանք այն բոլոր խնդիրներին, որոնք դրված են մեր առջև` իհարկե ներդնելով բոլոր այն առաջատար չափանիշները, որ գործուն են աշխարհի ամենահզոր բանակներում: Ասվածի ապացույցը ինքնաբերաբար ուրվագծում էր Սեյրան Օհանյանի մեկնաբանությունն իր այցի վերաբերյալ. - Քանի որ այս հատվածում են գտնվում ամենաշատ բնակավայրերը, որոնք դիտարկվում են դիմացի կանգնած հակառակորդի կողմից և կարող են այս կամ այն դրդպատճառներով գնդակոծության տակ գտնվել, ուստի նախագահի ցուցումով ուսումնասիրում ենք, թե պաշտպանության ինժեներական կառույցների կատարելագործման գործում կատարված աշխատանք ների ընթացքում ինչ հաջողությունների, արդյունքների ենք հասել և դեռևս ինչ բացթողումներ կան: Սակայն` այս ամենի հետ մեկտեղ, բանակը հասարակության միկրոպատկերն է, և յուրաքանչյուր զորակոչով նաև բացասական բարքերն են «ներմուծվում» այդտեղ, և երբեմն, ինչպես նաև վերջերս, տհաճ միջադեպեր են պատահում: Այս հարցում նախարարի դիտարկումը այսպիսին էր. - Ավելի լուրջ վերահսկողության տակ պետք է վերցնել և° դաստիարակչական աշխատանքները, և° կարգապահության մակարդակը` մանավանդ միջանձնային հարաբերություններում: Բայց այստեղ մենք պետք է գիտակցենք հետևյալը, որ բանակը մի այնպիսի կառույց է` տղամարդկանց մի մեծ հասարակություն, որտեղ ինքնահաստատման պահեր կան, որոնք քաղաքացիական հասարակությունում էլ են հանդիպում: Վիճաբանություններ են լինում: Բայց մենք համապատասխան հետևություն անելու ենք: Բոլոր մեղավորները, ընդհուպ եթե լինեն հրամանատարներ, կպատժվեն: Անշուշտ հավատընծա է Ս. Օհանյանի վճռականությունն ու սթափ հեռատեսությունը: Նախարարը մտահոգ է հայ զինվորի դաստիարակության խնդրով: Ընդ որում` նաև նրա գեղագիտակի ճաշակի բարձրացմամբ` արվեստին ու մշակույթին մերձեցնելու ճանապարհով: Այս առումով, ավելի նպաստավոր կլինի մշակութային օջախների հետ ավելի սերտ համագործակցումը: Եվ, հուրախություն ամենքի` նախարար Ս. Օհանյանը փաստում է. - Ես արդեն հանձնարարել եմ, որ ինչպես ես կազմակերպել եմ այդ դաստիարակության և հասարակության համար թափանցիկ լինելու գործընթացը նախորդ իմ ծառայության վայրերում, համատեղ պլան կազմվի Կրթության և գիտության, Մշակույթի նախարարությունների միջև: Մենք համապատասխան գործունեություն կծավալենք և համագործակցություն կկազմակերպենք և° մշակութային օջախների, և° կրթօջախների, ընդ որում նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Նաև համապատասխան պարտավորվածություն կվերցնենք փոխադարձ այցելությունների, լեկտորական խմբերի կազմավորման, փոխադարձ դասախոսությունների կազմակերպման, հուշարձանների կցման և այդ հուշարձանների շուրջը և° զինվորների և° դպրոցականների դաստիարակման գործընթացում: Բավական խոստումնալից են նաև Ս. Օհանյանի` սպաների հետ տարվելիք աշխատանքների ծրագրերը. - Բանակում կադրային քաղաքականությունը մշտական է. չպետք է սպասել այս կամ այն թերությունների կուտակմանը` հետո դրանք լուծելու համար: Մարդիկ, ովքեր ծառայողական հաջողություններ ունեն, աստիճանապես պետք է աճեն: Կան պաշտոններ, որոնք որ հրամանատարական և շտաբային են: Եթե սպան չունի համապատասխան ունակություններ` հավասարազոր պաշտոններին, պետք է տեղափոխվեն: Մենք որոշում ենք ընդունել նաև փոփոխություններ կատարել այն պաշտոնատար անձանց շրջանում, ովքեր երկար ժամանակ նույն պաշտոններ են զբաղեցնում, որովհետև տվյալ պաշտոնում երկար գտնվելը միշտ հանգեցնում է իրենից, ասենք, լարվածության զգոնության թուլացման: Իմ սկզբունքը հետևյալն է` սկսվել է աշխատանքը, մենք սլանում ենք առաջ. ով դիմացավ մեր տեմպերին, մեր հետ կքայլի, ով չդիմացավ, ապա մենք նրանց համար այլ աշխատանք, այլ ծառայության վայր կգտնենք: Հիրավի, ոգևորիչ է նախարարի նպատակասլացությունը և գոտեպնդող, ուստի մաղթենք նրան ուժ ու եռանդ` կազմակերպչական ջիղը է°լ ավելի արդյունավետ օգտագործելու համար:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ