Պատերազմում հաղթում է ոչ թե զենքը, այլ զինվորը


Պաշտպանության բանակի հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես ՀԱԿՈԲՅԱՆԸ զերծ է ամբիցիաներից, բարեկիրթ է, անմիջական: Նա շատ հաճելի զրուցակից է, պատմում է անկեղծ, չգունազարդելով իրականությունը: Գեներալը առանձնապես չի հետևում դիվանագիտական նրբություններին և իր արտահայտություններում կտրուկ է ու ծայրահեղ: Նրա խոսքը զուրկ է պաթոսից, ամբիոնային ֆրազներից, կոչերից, սակայն զարմանալիորեն համոզիչ է ու արժանահավատ, լի ներքին ուժով: ԼՂ-ի պաշտպանության նախարարի հետ հինգ րոպեանոց զրույցը բավական է, որ Բաքվի 5 տարվա ռազմակոչն ու սպառնալիքները զավեշտ դառնան: - Ձեր ծննդավայր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ճարտար գյուղի անունը որտեղի՞ց է առաջացել, ինչո՞վ են ճարտար ձեր համագյուղացիները: - Մեր գյուղացիները շատ աշխատասեր են, ստեղծող, բարեսիրտ են, հյուրընկալ, ազնիվ են ու տոկուն: Հողին կպած մարդիկ են: Ճարտարը Հայաստանի ամենամեծ գյուղերից էր, հարուստ տնտեսություն ուներ: Մեր գյուղում երբեք ոչ մի թուրք չի ապրել, ի տարբերություն դրկից շեների, որոնք մեծանում էին ադրբեջանցիների հաշվին: Գյուղում գործարան կար, ձեռնարկություններ, բայց ժողովրդի մեծ մասը զբաղված էր հողագործությամբ: - Ձեր ծնողնե՞րն էլ: - Իմ հայրը գյուղատնտես էր, մայրս չէր աշխատում: Մեր ընտանիքը մեծ էր` պապս, տատս, ծնողներս և հինգ երեխաները: Հայրս խիստ, ազդեցիկ մարդ էր: Քանի որ ղեկավար աշխատող էր, շատ քիչ էր տանը լինում: Մեր ընտանիքը համերաշխ էր, ջերմություն ու հարգանք կար միմյանց հանդեպ: Հարս շատ օրինավոր էր ու թույլ չէր տալիս որևէ անկարգություն: Օրինակ` արգելում էր ընկույզ քաղել կոլտնտեսության այգուց և միշտ ստուգում էր ձեռքերս (նորահաս ընկույզը ներկում է մատները): Մի անգամ խորամանկություն արեցի. չորս ընկերներով բարձրացանք ծառը և սկսեցինք քաղել: Ընկերներս ընկույզը մաքրում, տալիս էին ինձ, որ ձեռքերս չկեղտոտվի: Մեկ էլ պահակը եկավ, նստեց ծառի տակ: Սպասում ենք, սպասում, ծառի տակից չէր հեռանում: Ծառից թռանք ու ձեռնակռիվ սկսեցինք պահակի հետ: Գյուղամիջում պահակը հանդիպում է հորս: Հայրս հարցնում է, թե ինչ քերծվածք է ձեռքին, պահակն ասում է` քո լակոտդ է արել: Հայրս եկավ տուն, թե` ձեռքերդ ցույց տուր: Ձեռքերս մաքուր-մաքուր ցույց տվի: Ու թափով ապտակը իջավ դեմքիս: Ի տարբերություն հորս, մայրս շատ մեղմ էր, հնազանդ: Ես աշխույժ, պարտաճանաչ, մարդամոտ տղա էի: Լիդեր չէի իմ խառնվածքով, բայց ինքնուրույն էի. երբեք թույլ չեմ տվել, որ ինձ կառավարեն: Դպրոցն ավարտելուց հետո ես ինքս էի որոշումներ կայացնում ինձ վերաբերող հարցերի կապակցությամբ և դա անում էի առանց խորհրդակցելու: Այդպես ես ընտրեցի զինվորականի մասնագիտությունը: Մի անգամ մենք դասընկերներով գնացինք Չարդախլու, որտեղ ծնվել են մարշալներ Բաղրամյանն ու Բաբաջանյանը: Մենք այցելեցինք թանգարան: Ես շատ տպավորվեցի, հատկապես ինձ դուր եկավ խորհրդային բանակի մարշալի անձրևանոցը: - Դուք երբեմն շատ ինքնատիպ անձրևանոց եք կրում: Այն կապ ունի՞ մարշալի անձրևանոցի հետ: - Ուղղակի կապ ունի. նույն անձրևանոցից է: Չարդախլուից վերադառնալուց հետո ես սկսեցի մտածել զինվորական դառնալու մասին: Մեկ ամիս փաստաթղթեր էի հավաքում ռազմական բուհ դիմելու համար, բայց տնեցիները ոչինչ չգիտեին: Նրանց հայտնեցի, երբ արդեն դարձել էի Ալմա-Աթայի բարձրագույն զինվորական ուսումնարանի ուսանող: - Ի՞նչ փոխեց Ձեր խառնվածքում զինվորական կրթությունը: - Ընդհանրապես, զինվորական ռեժիմը մարդուն դարձնում է կարգապահ, պարտաճանաչ, հաստատակամ: Իսկ սրանք շատ կարևոր որակներ են զինվորականի համար: Հայտնի խոսք կա, թե միայն զինվորականի երազները չեն կանոնակարգված և նախապես սահմանված: Ես կավելացնեմ, որ մենք նույնիսկ մեր երազների տերը չենք, որովհետև ցանկացած պահի կարող են ընդհատել քունդ և հանձնարարություն տալ: Զինվորական բուհի, այսպես ասած, բարոյական նկարագրի կարևոր գծերից էր սպայական պատվի խոր ըմբռնումը: Խորհրդային բանակի սպան իրեն համարում էր էլիտար խավի ներկայացուցիչ: Նրա մեջ բուհը դաստիարակում էր սեփական մասնագիտության, կոչման բացառիկության գիտակցում: - Պատմեք, խնդրեմ, Ձեր ծառայական կենսագրությունը: - Սկսել եմ Կիրովականում դասակի հրամանատարից: Պատերազմի ժամանակ ծառայել եմ Աֆղանստանում, որպես վաշտի հրամանատարի տեղակալ, հետո ծառայել եմ Ստեփանակեր տում, եղել եմ վաշտի հրամանատարի տեղակալ: Մասնակցել եմ պատերազմին: Եղբայրս` Սուրեն Հակոբյանը զոհվել է Արցախի ինքնապաշտպանական մարտերում: 1992-ի սկզբներին Մոնթեի հետ էի, ապրիլին Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվեցի Ճարտարի պաշտպանության հրամանատար: Ազգային բանակում սկսել եմ գումարտակի հրամանատարից, ղեկավարել եմ մի քանի պաշտպանական շրջաններ: 1999-ին նշանակվել եմ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, հետո I տեղակալ: Ավարտել եմ ՌԴ Գլխավոր Շտաբի ակադեմիան: 2007-ին նշանակվել եմ պաշտպանության բանակի հրամանատար: - Պարոն գեներալ-լեյտենանտ, Ադրբեջանական կողմի ռազմաշունչ սպառնալիքները ստիպում են մտածել ուժերի հարաբերակցության մասին: Պաշտոնական Բաքվի ու պաշտպանության նախարարի հոխորտանքը և մեր իշխանությունների ու զինվորականների լավատեսությունը մի տեսակ անհամատեղելի են: - Ես պաշտպանության նախարար Աբիևից լավ գիտեմ, թե ինչ վիճակում է Ադրբեջանական բանակը: Պետք է միանշանակ ասեմ, որ նավթադոլարները շատ վատ են օգտագործվում, փոշիացվում են և արդյունավետորեն չեն նպաստում բանակի մարտունակության բարձրացմանը: Ադրբեջանի բանակում բարոյահոգեբանական վիճակը հեռու է մխիթարական լինելուց: Բանակի հրամանատարները ավելի շուտ զբաղված են ցուցամոլությամբ, քան իրական աշխատանքով, ընդհանրապես, Ադրբեջանի ոճով է չեղած բանից մեծ աղմուկ սարքել: Օրինակ` Արցախի հաղթած ժողովուրդը պատերազմի 14 հերոս ունի, իսկ պարտված Ադրբեջանը` 120: Կարո՞ղ եք բացատրել, թե ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում են հերոսացել այդ 120 ռազմիկը: Դե, եթե Ադրբեջանը պարտված պատերազմում 120 հերոս ունի, ինչո՞ւ չի կարող այսօր խոսել իր բանակի հզորության և մարտունակության մասին: Այդ քարոզչական հիստերիան նպատակ ունի սեփական ժողովրդին ու զինծառայողներին հաղորդել ինքնավստահություն, հավատ, բարձրացնել մարտական ոգին: Ինչ վերաբերում է մեր լավատեսությանն ու հանգստությանը, ապա դրա համար կան ռեալ հիմքեր: Զինվորի մարտունակությունը, խիզախությունը, ոգին պայմանավորված են նրա պատրաստվածությամբ: Զինվորը համարձակ է, մարտական ոգին բարձր է, եթե վստահ է, որ լավ է տիրապետում զենքին, կարող է հաջողությամբ խոցել նշանակետերը, կատարել առաջադրանքը, հերոսանալ և մնալ կենդանի: Մեր ինքնավստահության երաշխիքը մեր զինվորի բարձր մարտական պատրաստությունն է և հաղթական ոգին: Մենք մեծ բարոյական ներուժ ունենք: Մեր հրամանատարները զորամաս են մտնում «Մարտական խաչը» կրծքին, յուրաքանչյուր զորամաս իր փառապանծ պատմությունն ունի, իր հերոսական անունները: Զորք մտնելով` յուրաքանչյուր զինվոր առաջին հերթին լսում է Արցախյան պատերազմի հերոսական պատմությունը, նրան բացատրում են, թե ինչ հողի վրա է ինքը կանգնած, ինչ հերոսական ավանդույթների շարունակող է և ինչ առաքելություն ունի: Պաշտպանության բանակում զինվորի համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որ նա չմտածի կենցաղային հարցերի մասին, ծառայի ողջ նվիրումով: Պաշտպանության բանակի զինվորը շատ լավ է սնվում, ունի համապատասխան հագուստ և բարեկեցիկ կենսապայմաններ: Դիրքերում գրեթե նույն կենսապայմաններն են, ինչ զորանոցներում: Պատերազմի ժամանակ Գարեգին II-ը եկել էր առաջին գիծ, որ գոտեպնդի ռազմիկներին: Վերադարձին նա ասաց. «Եկել էի ոգևորելու մարտիկներին, բայց նրանք ինձ ոգևորեցին»: Այժմ երբ ես ցանկանում եմ քաջալերվել, խանդավառվել, գնում եմ առաջին գիծ ու վերադառնում եմ էլ ավելի հանգիստ ու ինքնավստահ: Մեր բանակը պատրաստ է ցանկացած պահի փակել հակառակորդի ճանապարհը: - Իսկ Արցախի ժողովուրդը ինչպե՞ս է վերաբերվում պատերազմի սպառնալիքներին: - Ամենայն հանգստությամբ: Արցախի ժողովուրդը հիշում է, թե 90-ականների սկզբին զենքով ու թվաքանակով որքան էին գերազանցում ադրբեջանցիները հայերին: Բայց պարտվեցին: Հիշում է, թե ինչ ծանր սոցիալական-տնտեսական վիճակում էր ժողովուրդը, բայց հաղթեց: Ես չեմ թաքցնի` ադրբեջանցիներն այսօր ավելի շատ զենք ունեն, քան մենք (իհարկե, ոչ այնքան շատ, որքան 92-ին), բայց պատերազմում հաղթում է ոչ թե զենքը, այլ զինվորը: Մեր զինվորը հաղթել է, հաղթելու է:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ