ՍԵՐՈՒՆԴՆԵՐ ՇԱՂԿԱՊՈՂ ԵՐԱԺԻՇՏԸ


1. Մանկության ղողանջներ Խորհրդահայ անվանի փողհար, բարձրակարգ երաժիշտ-մանկավարժ Ցոլակ Վարդազարյանի ընտանեկան տարեգրության մեջ 1938 թվականը կենսափուլային նշանակություն ունեցավ: Կարևոր իրադարձությունների մի ամբողջ շարքով: Նորաբաց «Մոսկվա» կինոթատրոնի, ապա` Օպերայի և բալետի մենակատարը ու դիրիժորն ընդգրկվեց հիանալի թավջութակահար և կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի ստեղծած պետական ջազ նվագախմբի հիմնադիր կազմում: Մաշտոցի 16-ում (երևանցիների կողմից «Լոմբարդի շենք» կոչված) բնակարանամուտը զուգադիպեց մինուճար որդու` Մարտինի միաժամանակ քայլելուն ու խոսելուն, նվագելու բնազդային փորձերին: Եվ վաղ հասակից ծնողները ձեռնամուխ եղան նրա երաժշտական դաստիարակությանը: 4-5 տարեկանից, շիկագանգուրների թողած արտասովոր տպավորությամբ, «բուլիկ» մականունը ստացած մանչուկը ջութակի մասնավոր դասերի տառապանքը, ուսուցչի բարյացակամությամբ, մեղմում էր` նախապես մանկական խաղերով գոտեպնդվելով: Միառժամանակ անց տարվեց պատեֆոնով: Փողային գործիքների երաժիշտ կատարողների համամիու թենական մրցույթի (1941 թ.) դափնեկիր, դասական շեփորահար հայրը, ով առանձնահատուկ սիրում էր ջազային երաժշտությունը, հարուստ ձայնադարան ուներ: Տառաճանաչ չլինելով` փոքրիկ Մարտինն ինքնուրույն գործի էր գցում իրեն վստահված հատուկ սարքը, անվրեպ ընտրում հյուրաշատ հավաքույթներին «պատվիրվող» ձայնասկառակը և ուշի-ուշով կլանում երաժշտության աշխարհն իր բազմազանությամբ: Համոզվեց, որ նախնական մի քանի նոտաներով անհնար է ամբողջի մասին պատկերացում կազմել, առավել ևս` կարծիք հայտնել: Հարկ էր մինչև վերջ լսել ստեղծագործությունը` ճիշտ հասկանալու և գնահատելու համար: Բարձրաճաշակ ու տարաժանր երաժշտարվեստի գերիշխանությունն էր հաստատված Մարտինենց ընտանեկան հարկի տակ: Համալսարանի կենսաբանական ֆակուլտետի ուսանողուհի մայրն էր անգամ սաքսաֆոն նվագելու փորձեր արել` դառնալով ի վերջո գիտակ երաժշտասեր: 1944-ին ավտովթարից զոհվում են հայրն ու հորաքույրը` վաղաժամ տրտմությամբ ստվերելով խայտաբղետ երաժշտաշխարհի զվարթ ելևէջները: Հորաքրոջ աղջկա` Իվետայի հետ 6-ամյա Մարտինը, որպես մխիթարություն միաժամանակ կորցրած զավակների կսկիծի, թողնվում է Աննա տատիկի խնամքին: Հաճախում էին Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, հասակ առնում ընթերցասեր ու բարեսիրտ տատիկի ջերմ գուրգուրանքով, ով խելամտորեն իր ունեցվածքը տնօրինում էր այնպես, որ իրենք երբևէ անլիարժեքության զգացողություն չունենան: Երաժշտարվեստի անփոխարինելի կենդանի դասեր քաղեց Մարտինը մոր երկրորդ ամուսնուց` Կոմիտասի անվան քառյակի առաջին ջութակահար Ավետ Գաբրիելյանից` դպրոցական արձակուրդներին հյուրընկալվելով Մոսկվայի նրանց տանը: Ստեղծագործական բազմազան լիցքերով էին հագեցած մոսկովյան այդ հրաշալի երեկոները Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ադամ Խուդոյանի, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի, նկարիչ Արմեն Չիլինգարյանի, բեմադրիչ Հենրիկ Հովհաննիսյանի մասնակցությամբ: Ավետ Կարպովիչը Ռոստրոպովիչի հետ նվագում էր ֆլորենտին յան սեքստետը, սուրճի կամ թեյի ընդմիջումից հետո Ռոստրոպովիչը հնչեցնում էր Ստրավինսկու կատակախառն մի գործ գինովցած ռուս մուժիկի մասին: Հիանալի դաշնակահար Ռոմանովս կու հետ Ավետ Գաբրիելյանը նվագում էր սոնատներ: Մի առանձնակի հաճույք էր նորելուկ երաժշտի համար մոսկովյան հեծանվապտույտներից հոգնաբեկ ըմբոշխնել Ավետ Կարպովիչի ջութակի նվագը. ինչպես էր մերձենում գործիքին, հարևաններին չանհանգստացնելու նպատակով հատուկ խլացուցիչ էր դնում ու պարապում օրեկան առնվազն 2 ժամ: Հետո կոնսերվատո րիայի դասերն էին, կվարտետի գործերը, որոնց շնորհիվ էր նաև, որ այն ճանաչվեց ամբողջ աշխարհում` տարածելով Կոմիտասի երաժշտության հմայքը` Սերգեյ Ասլամազյանի մշակումներով: Ավագներից մասնագիտական հստակ կողմնորոշում ու գիտելիքների նախնական կայուն պաշար ստացած` Մարտին Վարդազարյանը 1956-ին ընդունվում է Կոնսերվատորիա` ավարտելով, նախ, Գեորգի Սարաջևի դաշնամուրային բաժինը, ապա` Էդուարդ Միրզոյանի` կոմպոզիտորականը: Հընթացս ակտիվորեն ներգրավվում երաժշտական կյանքում որպես կատարող ու միաժամանակ ստեղծագործող երաժիշտ` հենց սկզբից աչքի ընկնելով հետաքրքրությունների բազմազանությամբ: 2. Ստեղծագործական աշխույժ առօրյայի կայացնող ուժը Արվեստագետներից քչերին է բախտ վիճակվել հասակ առնել մշակութային համարժեք ընտանեկան ու հասարակական միջավայրում, ստանալ մասնագիտական բարձրակարգ կրթություն` միաժամանակ գործնականում բացահայտելով ու զարգացնելով սեփական բնատուր շնորհն ու կարողությունները: Կոնսերվատորիա ընդունվելուն պես Մարտին Վարդազարյանը, կոմպոզիտոր-դաշնակահար-մանկավարժ Էդուարդ Բաղդասարյանի առաջարկով, ընդգրկվում է ռադիոյի կվինտետում որպես ակորդեոնահար և Անդրանիկ Փիլոսյանի (կլարնետ), Ալեքսանդր Շահբազյանի (կիթառ), Նապոլեոն Կյուրեղյանի (կոնտրաբաս) և Էդուարդ Բաղդասարյանի (դաշնամուր) հետ միասին հնչեցնում հայ կոմպոզիտորների գործիքային ստեղծագործություններ: Ավաղ, այսօր հազվադեպ են հնչում նրանց կատարած ձայնագրությունները, մինչդեռ դրանք զարմանալի անսամբլային հնչողություն ունեին` ի հեճուկս ժամանակի ռադիոտեխնիկայի սահմանափակ հնարավորությունների: Կենդանի հնչողությամբ արված այդ ձայնագրություններում հաճախ են տեղ գտել Տաթևիկ Սազանդարյանի, Արշավիր Կարապետյանի, Նինա Ստեփանյանի և երգարվեստի ուրիշ երևելիների կատարումները: Միաժամանակ դաշնամուր էր նվագում «Նաիրի» կինոթատրոնում` նույնպես ուսանելի, համերաշխ մթնոլորտում: «Երևաննախագիծ» ինստիտուտի առաջարկով 1957-ին նվագախումբ է հավաքում տեղի աշխատակիցներից` ներգրավելով իր մի քանի ընկերներին: Հայաստանում ամեն կազմակերպություն ուներ իր ինքնագործ խումբը: Պրոֆեսիոնալների եռանդուն աջակցությամբ դրանք մեծապես խթանում էին երաժշտարվեստի զարգացումն ու մասսայականացումը` ամենամյա մրցույթներում ի հայտ բերելով նորանոր շնորհալիներ: Պետությունը համապատասխան գումար էր հատկացնում դրանց անխափան գործունեության համար: Կոնստանդին Օրբելյանի առաջարկով գրում է մեծ նվագախմբի իր առաջին պարտիտուրը` մենանվագ թմբկահար Ռոբերտ Յոլչյանի համար (1959), գործիքավորելով Դոմինիկո Մոդունյոյի «Թռչում եմ» երգը: 1961-ին Խորեն Աբրահամյանն առաջարկեց երաժշտություն գրել Արմեն Սարգսյանի «Լուսամուտ» պիեսի բեմադրության համար, որ Սունդուկյանի թատրոնում անում էր Մհեր Մկրտչյանի հետ միասին: Երիտասարդ Վարդազարյանը, ով դեռ կոմպոզիտորական հատուկ կրթություն չուներ, կարդում է առօրյա կյանքին առնչվող կիսակատակերգական-կիսաբանիմացական պիեսը, մասնակցում փորձերին ու գրում երաժշտութ յուն, որը ձայնագրվում է ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում, իր իսկ ցանկությամբ կազմված մեծ երաժշտախմբով: Դրանից հետո համագործակցության բազմաթիվ առաջարկություններ է ստանում Հայաստանի տարբեր թատրոններից: Գրում է կինոերաժշտություն նաև` տպավորվելով առաջին իսկ` Էռնեստ Մարտիրոսյանի «Մարդ լինելը տաղանդ է» ֆիլմի համար գրածով. դիպլոմային աշխատանքն իրականացնելու նպատակով տրամադրվել էր կինոստուդիա, սարքավորում, տաղավար, ժապավեն` ամեն ինչ, նույնիսկ հատուկ երաժշտություն պատվիրելու հնարավորություն: Այնուհետև ձեռնարկում է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»` իր առաջին մեծ ֆիլմին` հանդես գալով նաև երիտասարդ գիտնականի էպիզոդիկ դերակատարմամբ: Ըմբռնում է երաժշտության «կիրառական» յուրահատկությունը կինոյում և թատրոնում` ամբողջին ծառայելով տարրալուծվել ընդհանուր կոնտեքստում, լրացնել ու հարստացնել հիմնական ասելիքը: Կոմպոզիտորների տանը, որի գեղարվեստական ղեկավարն էր ինքը, ամեն ամիս նոր ստեղծագործությունների համերգներ էին կազմակերպվում: Մուտքն ազատ էր: Հրապարակային այս լսումները նպաստում էին հայ կոմպոզիտորի նոր գործի ճանաչմանն ու գնահատմանը: Ծախսերն արվում էին կենտրոնացված կերպով: Հաջողված գործերը գնվում էին պետության կողմից: Հեղինակային ներշնչանքի արդյունավետության բարձրացման ֆինանսական լծակներ ուներ նաև ռադիոն: Դրա շնորհիվ էր, որ 1966-ին, Բաղդասարյանի առաջարկությամբ, Վարդազարյանի ստեղծած իննը հոգանոց անսամբլը, հիմք դնելով էստրադային երաժշտության նվագախմբային կատարմանը ռադիոյում, դարձավ ներկայիս նվագախմբի բջիջը: Շուտով ընդլայնվեցին ձայնագրման ու տեխնիկական հնարավորությունները, համալրվեց կազմը: Եվ 1972-ից էստրադային սիմֆոնիկ այդ կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնեց Մելիք Մավիսակալյանը, 1986-ից` Երվանդ Երզնկյանը, իսկ Վարդազարյանը երբեք չդադարեց իր ստեղծագործական ամենօրյա տքնանքով աջակցել հարուստ հայկական երկացանկ ունեցող այդ բացառիկ կառույցի բարձրարվեստ պահպանմանը: Խստապահանջ գեղարվեստական խորհրդի նպատակասլաց աշխատանքով բացառվում էր արվեստի նվազագույն չափորոշիչները չբավարարող գործերի ընդունումը, առավել ևս` եթերից հնչեցումը: 3. Հայկական ջազի չծերացող նահապետը Այսօր 116 թատերական ներկայացումների և 41 ֆիլմերի (վավերագրական, կարճամետրաժ, գեղարվեստական, հեռուստատեսային, մուլտիպլիկացիոն) երաժշտության հեղինակ է Մարտին Վարդազարյանը: Համագործակցել է բեմադրիչներ Վարդան Աճեմյանի, Հրաչյա Ղափլանյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Զավեն Տատինցյանի, Մարատ Սիմոնյանի, Վիգեն Չալդրանյանի և այլոց հետ: Ինքնուրույն ստեղծագործության առաջին փորձը արել է դեռևս Չայկովսկու դպրոցում սովորելիս, բայց այդպես էլ չի հրապարակել այդ փոքրիկ պրելյուդը: Ժանրային բաժանումը համարում է զուտ պայմանական` ընդունելով որպես նույն երաժշտության տարբեր ելևէջներ: Լուրջ երաժշտության բնագավառում ունի մեկ սիմֆոնիա` «Ահեղ մարտերի անմեղ զոհերին», սիմֆոնիկ պոեմներ, որոնցից մեկը հունգարացի կոմպոզիտոր Բարտոկին նվիրված, մյուսը` «Մակբեթ» ներկայացման համար գրված երաժշտության հիման վրա, մեկ քառամաս կվարտետ` 2 խմբագրությամբ, դաշնամուրային ստեղծագործություններ, ալբոմներ պատանիների ու մանուկների համար, ֆլեյտայի կոնցերտինոն կվարտետի հետ, Շեքսպիրի սոնետները… Բազմաթիվ երգչախմբային գործեր է հեղինակել Մարտին Վարդազարյանը, որոնցից մի քանիսն արժանացել են հանրապետական և համամիութենական մրցանակների: Էստրադային-ջազային բնագավառում` նշանակություն չունի քանակը: Կարևորը` դրանցից շատերը մի քանի սերունդներ են կատարել ու կատարում: Կոնսերվատորիայի ջազային-էստրադային բաժնում Երվանդ Երզնկյանի հետ կրթելով նոր սերունդ` համատեղ էլ պահպանում է ռադիոյի նվագախումբը: Անմնացորդ ծառայելով երաժշտարվեստին` արվեստի վաստակավոր գործիչը, իմպրովիզի իր տաղանդով, հավատարիմ ժառանգած ավանդույթներին, նույն երիտասարդական ավյունով ամրապնդում է կեղծ նոտաներ չհանդուրժող, մնայուն երաժշտության ազնիվ պաշտամունքը «Լոմբարդի շենքի» նույն ընտանեկան հարկի տակ` դաշնակահարուհի կնոջ ու աղջկա, ջութակահար տղայի և Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում կրթված թոռների համադաշնությամբ: Նոր հոգևոր երկունքի անխախտ հավատով` իր հարուստ, բազմաշերտ կենսափորձն է փոխանցում օժտված երիտասարդներին` չթուլացնելով եռանդուն մասնակցությունը երաժշտական մեծ ընտանիքի ընթացիկ հոգսերը թեթևացնելուն, ցանկացած ուշագրավ նախաձեռնության պատշաճ կայացումն ապահովելուն: Վազգեն Ասատրյանի կազմակերպած համերգները 70-ականների երկացանկով ու ասպարեզում եղած երաժիշտ կատարողներով` վերջին տարիների երաժշտական միջոցառումներից ամենամեծն էր: Վերջին լավագույնը, այս առումով, «Շարմ» ընկերության մտահղացած մեկամյա փառատոնն է` նվիրված հայկական ջազի պաշտոնական հիմնադրման 70-ամյակին: Եվ հրաշալի էր, որ այն բացվեց իրենց երաժշտական կենսագրությամբ հասակակից, օրգանապես անանջատ Մաեստրոյի ու երաժշտախմբի տարեդարձների հոբելյանական նշանավորմամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ