Միշտ թանկ` առաջին ուսուցչուհին...


Կրթության գիտության, մշակույթի և ցանկացած այլ բնագավառներում նվիրյալներ են պետք, որպեսզի շարունակ ետ չնայենք ու չհպարտանանք լոկ անցյալի արժեքներով: Դեպի վեր, դեպի բարձունք, դեպի հավերժը գնալու համար պետք է սկսել կրթական համակարգից, դպրոցից, ուր ՈՒՍՈՒՑԻՉ հասկացությունը պիտի սրբանա` դառնալով մեր նախնյաց մեծ ուսուցչապետերի նմանատիպը: «Ծանր է ոչ միայն Հիպոկրատի գլխարկը», այլև ուսուցչի պատվավոր ու պարտավորեցնող կոչմանն արժանանալու նախապայմանը` այրվել, լույս տալով սպառվել, նվիրվել անմնացորդ: Նախանշված ճանապարհներով է միշտ քայլել և այսպես է ապրել մայրաքաղաքի «Ա. Խալաթյան վարժարանի»-ի դասվար Կարինե Գասպարյանը: Հոգեբան դառնալու, հոգեբանությունն ուսումնասիրելու մեծ ցանկության մղումով էլ Կարինե Գասպարյանն ընտրում է իր մասնագիտությունը` ընդունվելով Խ. Աբովյանի անվան պետական մանկավար ժական ինստիտուտ: Ուսումնառության տարիները նաև ինքնաբացահայտման, ինքնադրսևորման տարիներ էին. այո°, ինքը ճիշտ էր ընտրել իր ճանապարհը, որն էլ նրան տարավ նախ` մանկապարտեզ, ուր տասը տարի հնարավորություն է ունենում լավագույնս դրսևորել իր` մանկավարժ-հոգեբանի գիտելիքները: 1994-ից տեղափոխվեց մայրաքաղաքի բարեհամբավ կրթօջախներից մեկը` Վ. Թեքեյանի անվան N 92 միջնակարգ դպրոց և շարունակում է աշխատել նույն դպրոցի հենքի վրա ձևավորված «Ա. Խալաթյան» վարժարանում: …Բազմանդամ ընտանիք, կենցաղային հոգսեր, պարտականություններ. այս ամենը չի խանգարել նրան հրաշալիորեն համատեղել աշխատանքն ու առտնին հոգսերը: …Փոքրամարմին, մեղմախոս, խստապահանջ, սրտացավ ուսուցչուհու մեջ որտեղի՞ց այդքան կրակ, այդքան ջերմություն. պատասխանը գալիս է ի վերուստ տրված շնորհից, կոչումից: Դասվարական փորձն ու հմտությունը, գիտելիքների մեծ պաշարը, ինքնակատարելագործման անդադրում ու արգասաբեր աշխատանքը նրան դարձրել են, կոպիտ ասած, մեծ պահանջարկ ունեցող ուսուցչուհի: «Ես շատերից եմ սովորել` թե° իմ Մուշեղ ու Հազարավարդ ծնողներից, թե° իմ ավագ կոլեգաներից, առավել ևս` իմ դասախոսներից, ինչո՞ւ չէ` նաև հենց իրենցից` երեխաներից»,- խոստովանում է ուսուցչուհին: Սիրում է արվեստի պատմությունը, հաճախում է լավագույն ներկայացումների բեմադրություններին, բուռն քննարկումների մեջ է լինում իր արվեստագետ հարազատների հետ: Երբեք կանգ չի առնում նույն տեղում և չի համարում, որ ինքն ամեն ինչ ձեռք է բերել: Սա է նրա հաջողությունների գրավականը: ..Քանի¯, քանի¯ սերունդ է ճանապարհել միջին դպրոց. իր նախկին սաները ոչ մի առիթ բաց չեն թողնում` գեթ մի րոպեով այցելելու սիրելի ուսուցչուհուն, անգամ` կարճատև դասամիջոցներին: Խաղաղ, մեղմ, հավասարակշռված, զուսպ, համբերատար, խիստ և միևնույն ժամանակ անչափ բարի մանկավարժն իր անձնական կյանքը կառուցելու համար երբեք ժամանակ չունեցավ: Նա միշտ ապրում է անանձնական կյանքով, ուր ամենից կարևորն իր աշակերտներն են` մեսրոպյան ոսկեղենիկ տառերը նոր-նոր սովորող, թվերի հրաշագործ աշխարհը զարմանքից լայն բացված աչիկներով ըմբոշխնող, և ինքն այդ մանուկների մեջ միշտ մնում է նույնը` անխոնջ, անաղարտ, բարեհամբավ, սիրելի ու գնահատված թե° ծնողների, թե° երեխաների, թե° դպրոցի տնօրինության կողմից, որի լավագույն օրինակը վարժարանի երիտասարդ տնօրեն Արման Խալաթյանի մեծ ցանկությունից ծնված այս ներբողն է: …Առաջին ուսուցիչը, ուսուցչուհին մեր հիշողությունների մեջ մնում է միշտ ամենաթանկը, և այդ անունն իսկ արտաբերելիս հուզվում ենք: Թո°ղ որ միշտ, բոլոր ժամանակներում առաջին ուսուցիչը լինի անկրկնելի, լինի Կարինե Գասպարյանի հղկված, սիրելի կերպարի նմանողությամբ:

Կարինե ԱՎԱԳՅԱՆ