Խղճահարույց այդ «արհեստը»


Պատիվը արտաքին խիղճն է, իսկ խիղճը` ներքին պատիվը: Ա. ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ Ժամանակաշրջանի բարքերի խառնաշփոթ հասարակության անառիկ գրպաններում ծվարած «նորին դժվարություն» խիղճը` երբեմն, անտեսելով տգիտության կողմից ծաղրվելու հավանականությունը, ինքնաբերաբար գլուխ է բարձրացնում: Այսպիսի հոգեվիճակում ենք հաճախ հայտնվում`` մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում մուրացիկների հանդիպելիս: Առհասարակ մարդ արարածը, երբ ինչ-որ բան է խնդրում` անկախ խնդրանքի բովանդակությունից, ներքուստ նրան բզկտում է հպարտությունը: Հոգեխռովությունը առավել սաստկանում, նույնիսկ ոմանց մեջ վերածվում է ատելության, երբ սառնասիրտ մերժման են արժանանում: Ահա թե ինչու անբնական չենք համարում վախվորած խղճի հիշյալ պոռթկումները. քեզ նմանը, ճարահատյալ վայր դնելով արժանապատվության որոշ մասը, հավասարվել է այն հարթությանը, որի վրայով դու քայլում ես: Իրադրության անմխիթարությունն է°լ ավելի է սրվում, երբ օրապահիկի խնդիր ունեցող ծնողիդ կամ էլ պապիկիդ տարիքի համաքաղաքացուդ ի վիճակի չես լինում օգնել: Ինչ խոսք, ցավալի է, որ աշխատասիրությամբ, ստեղծարարությամբ հատկանշվող հայը, ուրիշ աշխատանք չգտնելու պատճառով , այդ գթաշարժ մասնագիտությանն է դիմում: Բայց, ի գիտություն մակերեսային պատկերացում ունեցողների` այս արհեստը նույնպես չի բավարարվում միօրինակությամբ: Բացի լռակյաց ոճի ողորմներից, ոմանք երաժշտական ծառայություններ մատուցելով են փորձում հանապազօրյա հացը վաստակել, ոմանք էլ նախընտրում են դռները թակելով մատաղի կամ երեխայի վիրահատման հանգանահավաք ներկայանալը: Այո°, անկախ մեր կամքից, ժողովրդի հոգեբանության մեջ, ավաղ, չի դադարել գործել և նույնիսկ կատարելագործվել է` դյուրին միջոցներով փող ձեռք բերելու, այլ ոչ թե արդար քրտինքով վաստակելու սովորույթը: Ճիշտ է` երկրում առկա սոցիալական պայմաններն ու աշխատանք ընտրելու հնարավորությունները կատարյալ չեն, բայց ցանկության դեպքում հնարավոր է ինչ-որ բան ձեռնարկել` գոնե միջին տարիքի պարագայում: Թեև անտեսվածության գիրկը նետված խավի ստվար զանգվածը ծերունական տարիքի են, ինչը ենթադրել է տալիս, որ մեր երկրի իշխանությունները գործնական եզրահանգումներ կանեն: Ի վերջո, այս իրավիճակը երկրի հեղինակության վրա էլ է բացասաբար անդրադառնում: Գառնի-Գեղարդ, Սևանա լիճ, Ծաղկաձոր և մնացյալ տեսարժան վայրերում շրջելուց հետո մայրաքաղաքի բանուկ հատվածներում տարատեսակ մուրացկանների հանդիպող օտարերկրացի զբոսաշրջիկի գիտակցության մեջ անհնար է, որ Հայաստանի վարկանիշը հուսադրող լինի Այնպես որ…

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ