Լույս` ճերմակած էջերին


Ազգային պատկերասրահի երկրորդ հարկի ցուցասրահի միջանկյալ սենյակներում կազմակերպված ցուցադրությունը Սեդրակ Առաքելյանի (1884-1942) ստեղծած նկարների 20 էսքիզների ու ճեպանկարների և Վանո Խոջաբեկյանի (1875-1922) 12 մատիտանկարների, ոչ միայն յուրովի նշանավորում է հայ կերպարվեստի տարեգրության մեջ սեփական հետագիծը թողած վարպետների 125 և 135 ամյակները, այլև հանրաճանաչման լույս սփռում ակամա մոռացության մատնված նրանց բարձրարվեստ ստեղծագործության անհայտ մնացած էջերին£ Պատմագեղարվեստական արժեք ներկայացնող այս հավաքածուն ի հայտ է բերվել տարիներ առաջ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շենքի վերանորոգման ժամանակ գրադարանը գույքագրելիս£ ԵԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանի և Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի փոխհամաձայնությամբ նվիրաբերվելով մեր պատկերասրահին` գտել հուսալի հանգրվան հայ կերպարվեստի արդի ամենախոշոր գանձարանում£ Եվ գիտահետազոտական բուռն գործունեութամբ զբաղվող այս մշակութային օջախի նվիրյալներին պատկառելի հիմք տվել խորազնին ուսումնասիրություններով լրացնելու անվանի արվեստագետների ավանդած ժառանգության համապատկերը£ Անմիջական հայեցողությամբ արված այս գործերը դիտելիս այցելուներն առանց ավելորդ ջանադրության կրկին ու նորից հավաստիանում էին դասական վարպետության պարզ ու խորունկ արտահայտչականության անփոխարինելի, իմաստուն, անսեթևեթ պատկերավորության մեջ£ Անհամեմատ տպավորիչ էին, առաջին հայացքից, Սեդրակ Առաքելյանի` սև ու գունավոր մատիտներով, ջրաներկով ու գուաշով արած «Ընթերցող տղամարդ», «Աղջկա գլուխ», «Կնոջ դիմանկար», «Այրիվանքի Սուրբ գիրքը» զարմանալիորեն ավարտուն աշխատանքները, ծեր կնոջ ճեպանկարները£ Կերպարային բնութագրականությամբ առանձնացող «Ինքնադիմանկար»¬ից (1918) նկարիչն ինքն էլ, ասես, ակնդետ հետևում էր նորահայտ պատկերաշարը զննող այցելուի ընկալման ընթացքին, աներևույթ ուղղորդում£ Ոտք դնելով Վանո Խոջաբեկյանի «հարկաբաժինը»` շուտով գլխի ես ընկնում, թե որքան խեղճուկրակ է եղել նրա անցած երկրային ուղին£ «Փեսացուի հարսանեկան նվերները», «Խոյերի կռիվը», «Զատկի առևտուր», «Ավանակների պայտումը», «Շատախցի զինվորները» և մյուս խունացած մատիտանկարները, ակնածանք ներշնչելով մեն¬մի գծով ամբողջական պատկեր ստեղծելու նրա բնատուր շնորհի հանդեպ, տխրեցնում են դրա լիարժեք ու բեղուն դրսևորման հնարավորությունից իրապես զրկված լինելու փաստով£ Գուցե թե կենսական անբարենպաստ հանգամանքների մռայլի թանձրացմամբ են սրվել ողբերգական շեշտադրումները հայ գաղթականությանը պատկերող մատիտանկարներում£ Թիֆլիսահային բնորոշ արտիստիկ կենսախնդությունն է ցայտում հարսանեկան, խրախճանային ու հասարակ ժողովրդի առօրյայից քաղված այլ կոլորիտային դրվագներից£ Պատահաբար չէ, որ Խոջաբեկյանը հին Թիֆլիսի ժողովրդական խավերի նկարիչ-տարեգրի համարում է ձեռք բերել իր ստեղծած կերպարների ցայտուն բնութագրականությամբ, տեղական ու ազգային յուրահատկությունների դիպուկ ընդհանրացմամբ£ Լինեն դրանք` մեծահարուստ, թե կինտո. քելեխ ուտող, թե զուռնաչի. հարսանքավոր, թե Երևանի կամ Էջմիածնի գաղթական` Մեծ Եղեռնից մազապուրծ փրկված£ Քաջատեղյակ ազգային պատկերասրահում հաստատված ու տարեցտարի ընդլայնվող արվեստապահպան «նիստուկացին»` գոհունակությամբ ես հեռանում հանիրավի ստվերված արժեքների, թող որ հանգամանքների բերումով` ժամկետանց, հոգատար վերագնահատության հավաստիք այս ցուցահանդեսից£ Հայ կերպարվեստի պատմության ճերմակած այս էջերին հառված լույսի ուժգնությամբ նրանցում թաքուստված անանցողիկ հարստությանը անմիջականորեն հաղորդակցվելուց սրտապնդված£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ