Ի ՎԵՐՈՒՍՏ ԷՐ ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ ԱՎՈՅԻ` ՄԱՐՏՈՒՆԻ ԳԱԼԸ


Հատված ...Հեքիաթի պես եկավ Ավոն: Առաջին անգամ նրան տեսա 1992 թ. հունիսին, Գյուլաբլուում: Եկավ, ոգի տվեց մեզ: Շատ տպավորվեցինք իր խոսքերից: Ոգևորվել էինք, որ մեր պայքարին սփյուռքահայ է մասնակցում: Հետո ավելի մոտիկից ճանաչեցինք, հունիսի 28-ին, Ուրյանա սարում: Հակառակորդի տանկերը բարձրանում էին դեպի մեր դիրքերը: Այդքան տանկ չէինք տեսել, և վախ կար: Իսկ Ավոն ուրախացել էր, որ այդքան զինտեխնիկա ենք գրավելու թուրքերից: Մենք չունեինք: Հրացանով տանկերի դեմ էինք ելնում: Եվ, իրոք, կռվից հետո հակառակորդի ամբողջ զինտեխնիկան մնաց մեզ: Ավոն լավ կռվող տղաներին նվերներ էր տալիս` կոշիկ, հագուստ, ուտելիք: Նորը տալիս էր զինվորներին, իսկ ինքը մաշված, կարկատած հագուստ էր հագնում: Մի օր զրուցում էինք, որ ճարտարցի մեր լավագույն կռվողներից Անդրանիկ Ղահրամանյանը (զոհվեց 1993թ. դեկտեմբերի 30-ին, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով) ասաց. - Ավո°, որ գնամ թուրքի կարեկտիրովշչիկին բերեմ, մի զույգ ֆրանսիական կոշիկ կտա՞ս: Ավոն ծիծաղելով ասաց. - Հենց նրանն էլ կվերցնես: 1992թ. հուլիսի կեսն էր: Ավոյին լուր են տալիս, որ մարդիկ գյուղից հեռանում են: Զայրացած գնում, փակում է ճանապարհը, ավտոբուսի վառելանյութը վերցնում` ասելով. - Այսպիսի դեպքերում վառելիքն ափսո°ս է: Արդարանում են. - Ավո°, զոհվածի երեխաներ են, ծերեր... Ավոն անդրդվելի էր. - Գնացե°ք նկուղ, որ ձեր զավակներն իմանան` ո°ւմ համար են կռվում: Ճարտարի վրա հարձակում պիտի լիներ: Ավոն առանց մեքենայի էր: Անհրաժեշտաբար ուղարկել էր Մարտունի: Գիշերն անցել էր, արդեն լուսանում էր, ու հարձակում չեղավ: Ասացինք. - Զանգահարենք` մեքենա գա: - Ո°չ,- ասաց,- այդքան վառելիք չունենք, ոտքով կգնամ: Մեր կողքին Ճարտար գյուղն էր, որի ֆերման Մարտունիում էր: Ճարտար-2 գյուղից աշխատողները մեքենայով գնում էին ֆերմա: Ասացինք. - Ավո°, զանգահարիր, թող ֆերմա գնացող մեքենան գա, տանի Քեզ: - Ո°չ, ոչ,- ասաց,- ես կգնամ Ճարտար-2 և այնտեղից Մարտունի գնացող պատահած մեքենան կնստեմ: Գնաց: Ճարտար-2-ի ֆերմայի վարիչը ճանաչել էր. - Ավո° ջան, արի, նստիր մեքենայի խցիկում, ես կբարձրանամ թափք: Հրաժարվել էր. - Ո°չ, դա քո տեղն է, ե°ս կելնեմ թափք: Այդպիսին էր` պարզ, հասարակ, նեղությունն իր ուսերին էր վերցնում: ... Այդ օրը գլխից թեթև վիրավորվեց: Չէինք պատկերացնում, որ նրան գնդակ կդիպչի: Այդ օրն զգացինք, որ ինքն էլ է մահկանացու: Երբ իր զոհվելու լուրն առանք, չհավատացինք: Բոլորս ողբում էինք, ասես կռիվը տանուլ էինք տվել... Ավոյի աճյունը Երևան տանելը ճիշտ չէր: Նա գրանցված էր Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում: Արցախցի էր Ավոն: Աստծո առաքելությամբ էր եկել մեր հողը: Եկավ, ապացուցեց, որ այդպիսի մարդ էլ է լինում, ալեկոծեց մեր հոգիներն ու գնաց: Երանի¯ եկած չլիներ, իր մահը չտեսնեինք...