ՀԵՏԱՔՐՔԻՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


 

Հեռավոր Շվեդիայում ապրող բարեկամներիցս մեկը մի առիթով, խոսելով տարբեր սոցհարցումների մասին, ասաց.

- Իմ տևական պրպտումները հանգեցրել են այն եզրակացության, որ սոցիոլոգիան չի կարելի համարել ճշգրիտ գիտությունների շարունակությունը: Դա անգամ հումանիտար գիտություն չէ, որ շատ հաճախ իր արդյունքները կառուցում է սուբյեկտիվ տպավորությունների և արտահայտված կարծիքների վրա:

Այս կարծիքը միշտ առաջնային համարելով` ոչ միշտ եմ կարևորություն տվել հատկապես սոցիոլոգիական այն հարցումներին, որոնք իրականացվում են ընտրությունների նախօրյակին: Սակայն չէի կարող անտարբեր մնալ «500 ձայն» սոցիոլոգիական հետազոտությունների խմբի իրականացրած հարցումների արդյունքների հանդեպ: Դրանք, ըստ էության, այնքան էլ հեռու չեն իրականությունից և գրեթե օբյեկտիվորեն արտացոլում են իրավիճակը, հանրային որոշ շերտերի տրամադրությունները:

Անտարակույս, չենք ուզում որպես զուտ ճշմարտություն ընդունել հրապարակված տվյալները, մանավանդ որ հստակեցված չեն, թե քանի՞ հարցվողի գնահատականներն են արտացոլված, որտե՞ղ և ի՞նչ պայմաններում են իրականացվել հարցումները, սոցիալական ի՞նչ խմբեր են ընդգրկվել:

Ըստ այդ տվյալների, եթե ընտրությունները տեղի ունենային մոտակա օրերին, ապա առաջատար կհռչակվեր «Բարգավաճ Հայաստանը», որի վարկանիշը 36 տոկոս է: Հետազոտական կենտրոնը նաև այսպիսի մեկնաբանություն է տվել.

- Բանն այն է, որ ԲՀԿ-ի վարկանիշը շատ մեծ է հասարակության առավել ապաքաղաքական տրամադրություններ ունեցող զանգվածի մոտ: Մինչդեռ քաղաքացիական հասարակության մոտ առավելապես անորոշ է ԲՀԿ-ի հանդեպ տրամադրվածությունը:

Այս դիտարկման մեջ ճշմարտություն կա, որը նաև պիտի մղի ԲՀԿ-ին` ձգտելու դառնալ քաղաքական կուսակցություն: Ըստ այս հարցումների`

- ՀՀԿ-ի իրական վարկանիշը տատանվում 9 և 12 տոկոսների միջև, սակայն հաշվի առնելով, որ ՀՀԿ-ի ձեռքում կենտրոնացած է ողջ վարչական ռեսուրսը` կարելի է ակնկալել, որ ՀՀԿ-ն կարող է հավաքել ձայների 20-25 տոկոս»:

Ցանկացած սոցիոլոգիական հետազոտություն ունի տատանումների աստիճան, սակայն այստեղ մենք տեսնում ենք 100 տոկոսանոց շրջադարձ, ինչը, մեղմ ասած, հեռու է ճշմարտությունից. իբր 9-12 տոկոս վարկանիշ ունեցող կուսակցությունը չի կարող ընտրություններին կրկնապատկել իր ձայների տոկոսը: Ավելին, հարցման արդյունքներ հրապարակողները հաշվի չեն նստել օբյեկտիվ իրականության հետ: Իսկ այդ իրականությունը հետևյալն է. այսօր վարչական և պետական համակարգում գերիշխող են հանրապետականները, կուսակցության անդամների թիվն անցնում է 300 հազարից, համայնքների գերակշռող մեծամասնությունը ղեկավարում են ՀՀԿ անդամներ: Հետևաբար հարցնողները հաշվի չեն առել այս ամենը և ներկայացրել են մի թիվ, որը չափազանց տարակուսելի է:

«500 ձայնը» Դաշնակցության համար ցուցանիշ է ներկայացնում 12 տոկոսը, «Ժառանգությանը» տալիս է 7-9 տոկոս, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ին` 27 տոկոս: Եթե գումարենք բոլոր ցուցանիշները, ապա բավական զավեշտական պատկեր կստացվի. 36+25+12+27+9` ստացվում է 109 տոկոս: Իսկ մի՞թե մյուս կուսակցությունները միասին գոնե 5-6 տոկոս ձայն չեն ստանալու... Հենց նման սոցհարցումներն ու վիճակագրությունն էլ հեղինակազրկում են հարցումները, դրանք դարձնում ծիծաղելի: Ավելին, հուշում են, որ այս կամ այն ուժի հանձնարարություններ կատարելիս` ոմանք այն աստիճան են ընկնում ծայրահեղությունների մեջ, որ մոռանում են կատարել պարզունակ թվաբանական գործողություններ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ