Բարդ իրավիճակներից կարելի է օգուտներ քաղել
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Քաղաքագետների միության վարչության անդամ Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ դիվանագիտական հարուստ կենսափորձ ունի: Նրա հետ զրույցը հայ-ռուսական հարաբերությունների, միջազգային ներկա իրողություններում Հայաստանի դիվանագիտական կեցվածքի մասին է:
- ՌԴ նախագահի ընտրություններից հետո Հայաստանն առաջիններից մեկն էր, որ շնորհավորեց Վլ. Պուտինին: Սակայն, գիտենք, որ միջազգային հանրությունը քննադատել է ՌԴ ընտրությունները: Արդյո՞ք Հայաստանը շատ չի շտապել և Պուտինին շնորհավորելով չի զատվում միջազգային հանրությունից :
- Ես ինձ թույլ կտամ չհամաձայնել ձեր կարծիքի հետ: Քաղաքականությունը, դիվանագիտությունն ունեն իրենց տրամաբանությունը և բոլոր գործողություններում տրամաբանական շարունակությունը:
Արևմուտքը պետք է այդպիսի դիրքորոշում ունենար, եթե նույնիսկ ընտրություններն ընդհանրապես անթերի անցած լինեին: Իմ կարծիքով, Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները հետընթաց քայլ են անում վերջին շրջանում: Դրանից ելնելով, Արևմուտքը պետք է որ այդպիսի դիրքորոշում ունենար: Իսկ Հայաստանը համարվում է ՌԴ ռազմավարական գործընկերը, և մեր նախագահը չէր կարող այդ քայլին չդիմել:
-Վերջին շրջանում մեր քաղաքագիտական շրջանակներում սկսել են հաճախ քննարկել Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացնելու նպատակահարմարությունը: Այս հարցում կարծես նոր շեշտադրումներ են նկատվում: Ձեր կարծիքով, ինչո՞վ է դա պայմանավորված :
- Այս խնդիրը ես դիտարկում եմ հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր համատեքստում: Եթե անկողմնակալ լինենք` պետք է ասենք, որ Ռուսաստանի նկատմամբ մեր հասարակության տրամադրությունները գնում են, այսպես ասած, վայրընթաց գծով: Այն, որ մենք պատմականորեն կապված ենք միմյանց, ոչ մեկը չի ժխտում, բայց արդյո՞ք սխալներ չեն եղել երկու կողմից: Հասարակության տրամադրությունների նման միտումների պատճառները շատ կարող են լինել: Սխալները և´ Ռուսաստանի, և´ Հայաստանի կողմից, ցանկության դեպքում, կարելի է նշել:
- Հայաստանի կողմից ի՞նչ կարող ենք նշել:
- Կարող ենք նշել ոչ այնքան խելացի դիվանագիտական հաշվարկումները մեր գործընկերոջ հետ հարաբերություններում: Օրինակները շատ են. դիտարկենք մեր ունեցվածքի հետ կապված պատմությունը: Հայաստանը պետք է կարողանար իր շահերը հաստատուն կերպով պահել, երբ պարտքի դիմաց գույք էր տրվում: Այս հարցում Հայաստանի կողմից շատ մեծ սխալ կատարվեց: Այն պայմանները, որ դրված էր մեր գույքը Ռուսաստանին հանձնելուց առաջ, չկատարվեցին: Խոստացված էր, որ այդ բոլոր կառույցները շարունակեին գործել, ստեղծվեին 100 հազար նոր աշխատատեղեր: Սպասելիքները շատ էին, բայց արդյունքները գրեթե զրոյական են: Պարզվում է, որ պայմանավորվածությունները եղել են ռուս գործարարների հետ, որոնք գործում են բավականին անկախ, և ո´չ Պուտինը, ո´չ Մեդվեդևը չեն կարող նրանց վրա ազդել` անգամ ցանկության դեպքում: Խոսքն այն մասին է, որ պետք է նախօրոք իմանալ` ինչ ես տալիս և ինչ ես առնում: Քաղաքականության, դիվանագիտության արվեստը դա է: Իսկ այս հարցում ես չեմ բացառում երկու կողմից էլ կոռուպցիայի առկայությունը, և´ հապճեպություն է եղել, և´ անփորձություն: Մի խոսքով` ինչ որ ուզեք: Հաջորդ գործոնը ռուսական դիվանագիտության ամենամեծ թերություններից մեկն է: Նրանք միանգամից հարաբերություններ են հաստատում պետական կազմավորումների, իշխանությունների հետ: Բայց անտեսվում է ամբողջ հասարակությունն այն երկրում, որի հետ նա հարաբերություններ է զարգացնում, ամբողջովին անտեսվում է նաև իր երկրում: Ռուսական քաղաքական ուղղահայաց «իստեմբիշմենտը» երբեք ուշադրություն չի դարձրել, թե ժողովուրդն ինչ է մտածում: Եվ ստացվում է, որ Հայաստանի հասարակության հետ Ռուսաստանը չի կարողանում հարաբերության մեջ մտնել, բացատրել իր արտաքին քաղաքականությունը: Հոգեբանական առումով Ռուսաստանը գրավչության տեսակետից շատ հետ է մնում ԱՄՆ-ից, Եվրոպայից:
- Միջազգային հանրության շրջանակներում Ռուսաստանը դիտվում է որպես հասարակության զարգացման արգելակիչ:
- Այո: Բայց ուզում եմ ասել, որ Ռուսաստանի նկատմամբ հասարակության բացասական տրամադրվածության պատճառները միայն ՌԴ-ում փնտրել չի կարելի: Դա նաև մեր սխալների արդյունք է: Անդրադառնանք ՀՀ-ում ՌԴ ռազմաբազաների խնդրին: Գաբալայի ռադիոլոկացիոն կայանն օգտագործելու դիմաց Ադրբեջանը պահանջում էր 7 մլն, հիմա էլ կարծեմ ինչ որ 300 մլն դոլար են պահանջում: Իսկ մենք մեր տարածքում ՌԴ ռազմաբազաների դիմաց ոչ միայն վճարել չենք պահանջում, այլ նույնիսկ մեր իսկ հաշվին ենք պահում այդ ռազմաբազաները: Հիմա դա ո՞ւմ մեղքն է, Ռուսաստանի՞:
- Ոմանց կարծիքով, Հայաստանի հնարավորությունները թույլ չեն տալիս Ադրբեջանի նման կտրուկ պահանջներ ներկայացնել Ռուսաստանին:
- Աշխարհում անգամ երկրորդական, երրորդական համարվող պետությունները կարողացել են իրենց շահերը պաշտպանել: Եթե մեր բերանը դառը հաբ դնող` ամենաբարձր մակարդակով քաղաքական գործչի հակադարձեք, կարող է ինչ-որ բաներ լինել, բայց ո´չ մեր հրապարակում դեսանտ կիջեցնեն, ոչ էլ դիվանագիտական հարաբերություններ կխզվեն: Դիվանագիտության ամբողջ արվեստն այն է, որ պահելով քո ազգային դեմքն ու արժանապատվությունը, չգնաս վնասակար զիջումների: Դիվանագիտության մեջ ասվում է` հարգիր ինքդ քեզ, որպեսզի ուրիշներն էլ, այդ թվում նաև բարեկամներդ հարգեն:
- Բայց պատճառների շարքում նշվում է նաև Ղարաբաղի խնդրի առկայությունը: Ասվում է` եթե Ռուսաստանին ինչ-ինչ զիջումներ չանենք, Ղարաբաղի հարցում կարող ենք տուժել:
- Ռուսաստանը ելնում է իր աշխարհաքաղաքական շահերից: Վերջերս Բորդյուժան հայտարարեց, որ վտանգի դեպքում Ղարաբաղը կպաշտպանեն: Որովհետև, եթե նրանք չմիջամտեն, ուրիշ ուժեր կարող են այնտեղ հայտնվել. քաղաքականության մեջ դատարկություն չի լինում: Դա չի նշանակում, որ ՌԴ-ն Ադրբեջանին անտեսում է: Ռուսաստանն ասում է` Հայաստանի հետ ռազմավարական գործընկերներ ենք, բայց Ադրբեջանի հետ էլ ամեն կերպ մեր հարաբերությունները պետք է լավացնենք: Ադրբեջանին անտեսելու դեպքում, վերջինս կարող է ընկնել Արևմուտքի գիրկը, թուրքական ազդեցությունը կարող է մեծանալ, տնտեսական` էներգակիրների խնդիրներ կան: Մենք պետք է կարողանանք ճիշտ մանևրել: Տարածաշրջանային քաղաքական այս բարդ իրավիճակում քաղաքական արվեստին տիրապետելու դեպքում կարելի է նույնիսկ օգուտ քաղել: