ՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԸ


 

Շատերը երեկ ցնծությամբ ընդունեցին այն լուրը, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել արդեն իսկ խարդախի համարում ձեռք բերած Գագիկ Պապոյանին` «Գապբնակշին» և «Նարեկ_Դավիթ» ՍՊԸ_ների տնօրենին: 63-ամյա մարդուն, ով միանգամից հարստացել է` խաբելով բազմաթիվ մարդկանց: Այս մարդը մայրաքաղաքի Արամի և Բուզանդի փողոցներում կառուցվող էլիտար շենքերում զբաղվել է բնակարանների վաճառքով` մի բնակարանը միանգամից մի քանի հոգու վաճառելով: Արդյունքում ստացել է 407 մլն 413 հազար դրամ: Ինչպես ասում են` հաջող որս է եղել, որն այս մարդուն դասել է մեծահարուստների շարքը: Սակայն, ինչպես ասում են, կատվի վազքը մինչև մարագն է, ու փախուստի մեջ գտնվող խարդախը հայտնաբերվել ու ձերբակալվել է: Խաբվածները բազմաթիվ են, նրանց թվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ, այդ թվում` Ոստիկանության ակադեմիայի պետ Հովհաննես Վարյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, մի քանի փոխնախարարներ: Հետաքրքիրն այն է, որ այս մարդը կարողացել է մոլորեցնել հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների. անձանց, ովքեր ունեն լծակներ և կարողություններ` շուտափույթ բացահայտելու խարդախությունը: Թե ինչ համարձակությամբ և ինչ հաշվարկներով է գործել Գագիկ Պապոյանը` դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ հազիվ թե նա մենակ նման համարձակ քայլի գնար: Հավանաբար, կան և ուրիշներ, ովքեր թաքնվել են նրա թիկունքում և դրդել նման հանցագործության: Գուցեև այդ մարդիկ այդպես էլ չբացահայտվեն, քանզի նման դեպքերում ծուղակում հայտնվածներն աշխատում են շատ չընդարձակել խարդախության շրջանակը, անուններ չհրապարակել: Զարմանալի է նաև այն, որ Գագիկ Պապոյանն իր գործունեությունը ծավալել է համարձակորեն` երբեք չմտածելով հատուցման մասին: Մեր հանրապետությունում, ցավոք, սա եզակի դեպքերից չէ: Առաջին անգամ չէ, որ բնակարանային խարդախությունը դառնում է քննարկումների առարկա: Տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ են դարձել խաբեության զոհ: Այս դեպքը հուշում է նաև, որ Երևանի իշխանությունները հետայսու պիտի չափազանց պահանջկոտ լինեն բնակարանաշինությամբ զբաղվող ՍՊԸ-ների հանդեպ, պետական վերահսկողություն սահմանեն: Սա նաև անհրաժեշտ է` որպեսզի հենց նման շինարարության պատրվակով «փողեր չլվացվեն»:

Լ.Մ.