ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ «ԱՐՄԱՎԻԱՆ»


 

Բազմաթիվ անգամներ էինք անդրադարձել «Արմավիա» ազգային փոխադրողի կողմից սահմանված ոչ ողջամիտ սակագներին, ցածրակարգ սպասարկմանը, ուղևորների հանդեպ դրսևորվող անհարգալից վերաբերմունքին: Եվ ահա երեկ, կարծես արձագանքելով մեր հրապարակումներին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն դադարեցրել էր փոխադրողի կողմից Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթերը: Իր հերթին` ռուսաստանյան ընկերություններն էլ արգելել էին «Արմավիայի» մուտքը Ռուսաստանի օդային տարածք` կուտակված պարտքերի պատճառով: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն սահմանել է սակագներ, որոնցից օգտվում են մյուս ընկերությունները, բայց ահա «Արմավիան» չի համակերպվում այդ սակագներին. ցանկանում է գերշահույթներ ապահովել: Թնջուկն այս անգամ էլ հանգուցալուծվեց: Բայց որքա՞ն կարելի է, մինչև ե՞րբ: Իհարկե, գուցե վիճակն այսքան չսրվեր, եթե Միխայիլ Բաղդասարովի ախորժակը փոքր-ինչ մեղմվեր, իսկ Քաղավիացիայի վարչությունում էլ կատարեին իրենց գործառույթներն ու հետևեին, որպեսզի գերիշխող դիրք ունեցող «Արմավիան» չդառնար անկառավարելի: