Հեղինակության գումարելիները


 

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ամենահպանցիկ հետաքրքրասիրությունն իսկ փաստում է, որ այստեղ ևս նորոգվել է պատասխանատվությունը և համակարգը որակյալ կադրերով ապահովելու մտահոգությունը:

Որպես ուրույն օղակ` համալիրն էլ նոր է` ստեղծված 2011-ին: Այն ընդգրկում է ոստիկանության ակադեմիան, երկամյա քոլեջը և ուսումնական կենտրոնը: Այսինքն` ոստիկանի մասնագիտությունն ընտրող պատանիներին լիարժեք հնարավորություն է ընձեռվում և´ նախնական, և´ միջին մասնագիտական, և´ բարձրագույն կրթություն ստանալ: Նաև համակարգի աշխատողներն այստեղ վերապատրաստման դասընթացներ են անցնում` խորացնելով տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները:

Կրթահամալիրի պետը` ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, կարճատև արձակուրդում էր, սակայն նրան ժամանակավորապես փոխարինողը` հաստատության ծառայության գծով պետի տեղակալ, գնդապետ Մուշեղ ՂԱԶԱՐՅԱՆԸ չի վարանում ընդունել զրույցի մեր հրավերը: Ավելին, նրբանկատորեն և իրենց աշխատանքներն առավել ամբողջական ներկայացնելու նկատառումով նա հրավիրում է համապատասխան օղակների պետերին ևս:

Արմեն ՂԱԶԱՐՅԱՆ. ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետ, գնդապետ.

- Մեր ակադեմիան լիարժեք բուհ է, որն իրավաբանական` ինչպես բակալավրական, այնպես էլ մագիստրատուրական ու ասպիրանտական կրթություն է տալիս` համապատասխան աստիճանների շնորհմամբ:

Ընդհանուր բնույթի իրավաբանական ուսուցումը մեզ մոտ ավելի լայն առարկայացանկով է իրականացվում: Դիցուք` առարկաներ են ուսուցանվում հատուկ տեխնիկական միջոցների կիրառման ուղղությամբ, որոնց ուրիշ բուհերում ծանոթանում են շատ ընդհանուր ձևով:

- Այսինքն` առարկաներ, որոնց իմացությունը համակարգի ծառայողներին է անհրաժեշտ:

Ա. ՂԱԶԱՐՅԱՆ . - Այո, բայց` ոչ միայն ոստիկանության համակարգի: Մի խոսքով, մեր ծրագրերը խիստ հագեցած են:

- Յուրաքանչյուր ոք կարո՞ղ է դիմել Ակադեմիա` ինչպես այլ բուհեր կդիմեր:

Ա. ՂԱԶԱՐՅԱՆ .- Մինչև 2010 թ. մեր սաները միջնակարգ դպրոցների շրջանավարտներն էին: Սակայն փորձը ցույց տվեց, որ ոմանք այստեղ էին գալիս` զինվորական ծառայությունից խուսափելու նկրտումներով: Եվ արդեն 2 տարի է` մեր դիմորդներ կարող են լինել միայն այն երիտասարդները, ովքեր ծառայել են բանակում: Ինչ խոսք` օրենքի պահանջով և արտոնմամբ կան նաև բացառություններ. ընտանեկան հանգամանքներով ծառայելուց տարկետում ստացածները. արդեն 2 երեխա ունեցողները, երկկողմանի ծնողազուրկները, զոհված ազատամարտիկների որդիները: Բարեբախտաբար` այդպիսիք շատ չեն:

- Կանայք և աղջիկները նույնպես քիչ չեն համակարգում:

Ա. ՂԱԶԱՐՅԱՆ - Մեր սաների մեջ էլ նրանք քիչ չեն:

- Ի տարբերություն մյուս բուհերի, դուք հնարավորություն ունեք ընտրել ապագա ուսանողին: Արդյո՞ք միայն քննական առարկաների շրջանակում դրսևորած նրանց գիտելիքներով եք առաջնորդվում:

Մուշեղ ՂԱԶԱՐՅԱՆ .- Գիտելիքն, ինչ խոսք, կարևոր է, բայց բավարար չէ. մարդկային որակները, առողջական վիճակը, տրամաբանելու, արագ կողմնորոշվելու ունակությունները ևս հաշվի են առնվում: 2011 թվականից քոլեջում և ուսումնական կենտրոնում, իսկ այս տարվանից նաև ակադեմիայում ընդունելության նոր կարգ է սահմանվել: Թեստային առաջադրանքների միջոցով ստուգվում են ոչ միայն դիմորդների գիտելիքները, այլև անձնային որակները: Ի դեպ` ընդունող հանձնաժողովն անկախ է. դրանում ընդգրկում ենք տարբեր հասարակական կազմակերպությունների, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների: Ամենից առաջ ինքներս ենք շահագրգիռ, որպեսզի ընտրությունը հնարավորինս օբյեկտիվ լինի, և բացառվեն ոչ միայն հնարավոր շահախնդրությունները, այլև դիմորդների ու նրանց հարազատների կասկածները: Առանց վերապահումների կարող եմ պնդել, որ մեր շրջանավարտներն իրենց գիտելիքներով չեն զիջում ամենահեղինակավոր բուհի իրավաբան-շրջանավարտներին:

Արմեն ՂԱԶԱՐՅԱՆ . - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կիրառում ենք ընդունելության այդ նոր մեթոդը: Թեստային առաջադրանքները բացահայտում են դիմորդի մտավոր կարողությունները, նրանց լեզվական, համակարգչային իմացությունը: Վերջին հաշվով` ամենատարբեր մարդկանց, այդ թվում և Հայաստան այցելած արտասահմանցիների հետ առնչվելու, նրանց հարցերին պատասխանել կարողանալու համար ոստիկանը գոնե նվազագույն չափով պիտի օտար լեզուներ նույնպես գիտենա:

- Հաճելի անկեղծությամբ համակարգի ղեկավարությունը ևս բարձրաձայնում, հորդորում և պահանջում է բարեկիթ ծառայություն: Անշուշտ, նաև եղած թերությունները, անցանկալի երևույթները հաշվի առնվելով է կրթահամալիրում կազմակերպվում կրթության ընթացքը: Ո՞վ պետք է լինի ոստիկանը, ի՞նչ նկարագիր ունենա, որպեսզի իսկապես շահի հանրության վստահությունը, համակրանքը:

Արտաշես ԱՆԴՐԻԱՍՅԱՆ. Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, գնդապետ.

- Ի սկզբանե ուսումնասիրել ենք ողջ համակարգը: Այդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա ստեղծվել է հայեցակարգ, մշակվել են առաջարկություններ, որոնք ՀՀ նախագահի աշխատակազմի և ոստիկանության պետի կողմից արժանացել են հավանության: Ի վերջո մենք կարևորում ենք, թե ինչ համալրում ենք պատրաստում. ո՞վ պետք է լինի վաղվա գեներալը, ովքե՞ր պետք է ղեկավարեն համակարգը, կամ պահպանեն հասարակական կարգը: ԵԱՀԿ-ի և ոստիկանության կողմից կազմակերպված գործուղումների շրջանակներում այցելել ենք բազմաթիվ զարգացած երկրներ, ուսումնասիրել նրանց առաջավոր փորձը: Ընդօրինակման արժանի շատ բաներ կան, սակայն չենք պատճենահանել եղած դրականը, որովհետև հաշվի ենք նստել ազգային մեր առանձնահատկությունների հետ: Ոստիկանը պետք է լինի հանրությանը ծառայող, սպասարկող: Ասել է թե` ոստիկանությունը հասարակության առաջին պաշտպանն է, ում պիտի սիրի, գնահատի և օգնի յուրաքանչյուրը: Ահա այն կերպարը, որը ձգտում ենք ստեղծել, կայացնել: Հետխորհրդային մյուս պետություններում ևս առանձնապես գնահատելի չի եղել նախկին միլիցիոների ավանդույթները շարունակող ոստիկանը:

Բայց ժամանակի ընթացքում իրենց գործառույթների ճիշտ կիրառմամբ փոխվել է թե´ նրանց նկարագիրը, թե´ վերաբերմունքը նրանց հանդեպ:

Օրինակ, եթե 1993թ. Էստոնիայում կատարված հարցումներով բնակչության 17%-ն էր դրական գնահատել ոստիկանության աշխատանքը, 2010-ին արդեն 86%-ն էր վստահում իր անվտանգությունը պաշտպանողներին: Մեզ ևս ժամանակ է պետք, և այդ ուղղությամբ մեր ծրագրերը հստակ են: Առանց վերապահումների կարող եմ նշել, որ մեզ մոտ հանցագործությունների բացահայտման տոկոսն ավելի բարձր է, քան նույն Էստոնիայում: Կամ` Շվեդիայում ականատես եղանք, թե ինչպես ոստիկանին վիրավորող քաղաքացուն կարգի էին հրավիրում պատահական անցորդները` խոչընդոտելով, որ չարագործը չհասցնի գրպանից հանել դանակը: Եվ իբրև հանդիմանանք` հավաքվածներն այդ մարդուն ասում էին. «Եթե մեզ վտանգ սպառնա, դո՞ւ ես պաշտպանելու: Ո՞նց ես իմ պաշտպանի վրա ձեռք բարձրացնում»:

- Շատ դիպուկ օրինակ է: Տեսական գիտելիքներից բացի, դրական օրինակն ավելի դաստիարակող է: Իսկ Արցախամարտում հայ ոստիկանները նաև հայրենյաց սահմաններն էին պաշտպանում:

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ. - Այդ պատերազմում ազատամարտիկների առաջին ջոկատները ոստիկանության աշխատողներից էին կազմված. մեր համակարգից 137 մարդ է զոհվել: Կրթահամալիրի տարածքում նրանց հիշատակը հավերժացնող կոթող ենք տեղադրել` «Մեզ բացակա չդնեք» խոսուն մակագրությամբ: Ասել կուզի` ոչ մի մանրամասն չի անտեսվում: Մանավանդ, որ Ոստիկանության պետը և´ պահանջում է, և´ աջակցում ծրագրերի իրագործման ընթացքին: Բարոյական աջակցությունն ամենակարևորն է, որովհետև աշխատողը պետք է զգա, որ իրենից նվիրում պահանջելով` նաև գնահատում են այդ նվիրումը:

- Գրեթե բոլորը միաբերան ասում են, որ մեր հասարակությունն առողջացման կարիք ունի: Այդ գործում ի՞նչ խնդիր է վերապահվում ոստիկանությանը:

Ա. ՂԱԶԱՐՅԱՆ. - Ոստիկանն էլ հասարակության անդամն է:

- Բայց նա կոչված է կանխարգելել, բացահայտել հակահասարակական երևույթները:

Ա. ՂԱԶԱՐՅԱՆ .- Հենց այդ նկատառումով նեղ մասնագիտական առարկաներից զատ մեր սաներին հաղորդակցման հմտություններ, մանկավարժություն, հոգեբանություն, օտար լեզուներ ենք ուսուցանում:

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ. - Այդուհանդերձ, առանց հասարակության գործուն աջակցության, առանց լրատվամիջոցների օգնության կատարելության հասնել չենք կարող: Լրատվամիջոցները հաճախ բացասական դեպքերն են հրապարակում` խորացնելով հանրության բացասական վերաբերմունքը: Մինչդեռ դրականն ավելի վարակիչ կարող է լինել, բայց լավը, օրինակելին չեք ուզում նկատել:

Ա. ԱՆԴՐԻԱՍՅԱՆ .- Ոստիկանությունը հիմնականում ներկայացվում է որպես պատժիչ օղակ, քանի որ հանցագործին պե´տք է պատԺել: Բայց նրանց պատժելով` մեր գործընկերները պաշտպանում են հասարակական կարգը, հանցագործի թիրախ դարձող քաղաքացիներին:

Ա. ՂԱԶԱՐՅԱՆ. - Ես նաև դասավանդում եմ Երևանի պետհամալսարանում և ավելի ամբողջական եմ պատկերացնում աճող սերնդի ընկալումները: Երբեմն մեր ուսանողներն էլ տարակուսում են. ի՞նչ է կատարվում լրագրության ասպարեզում: Որոշ լրատվամիջոցների հրապարակումներով եթե առաջնորդվենք, ապա ոչ թե միայն ոստիկանությունում, այլ մեր շուրջ ամենուր միայն հոռի բարքեր են, միայն բացասական երևույթներ: Այսքան դեպքեր են բացահայտվում. հասարակությունը մոռացել է, բայց ոստիկանները շարունակել են հետամուտ լինել: Սակայն` ոչ մի արձագանք: Մի՞թե դժվար է լավն էլ լուսաբանել:

Լևոն ՄԽԻԹԱՐՅԱՆ. - Կրթահամալիրի պետի անձնակազմի գծով տեղակալ, գնդապետ.

Մեր հայրենակիցները նախևառաջ պետք է ընկալեն, որ ոստիկաններն իրենց զավակներն են, իրենց եղբայրներն ու քույրերը` իրենց իսկ ընտանիքներից ելած մարդիկ: Վերջին հաշվով` անհանգստացնող ամեն` նույնիսկ կենցաղային հարցերով դիմում են ոստիկանին: Ի դեպ` դա ավելի ակնհայտ է մարզերում, գյուղական վայրերում: Այդպես էլ պետք է լինի, և այդ կապն ավելի պետք է խորանա` մեծացնելով փոխվստահությունը: Իսկ լրագրողները հաճախ նսեմացնում են մեր համակարգը` չգիտես ինչու: Նսեմացնում են` մոռանալով, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանն իր կյանքն ու առողջությունն է զոհաբերում` ի շահ հասարակության, նույն հասարակության անդամին պաշտպանելու կամ փրկելու համար:

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ. - Նաև մոռանալով, որ հենց իրենք էլ վատ վիճակում հայտնվելիս` ոստիկանությունից են օգնություն ակնկալում:

- Տա´ Աստված, որ շուտ գան այն ժամանակները, երբ այս համակարգում միայն դրականը կիշխի, երբ հանրության հավատի նժարն առլեցուն կդառնա հասարակական կարգի պահապանների հանդեպ մեծ վստահությամբ ու համակրանքով, և մամուլի չարակամ հրապարակումնե´րը հասարակության պարսավանքին կարժանանան:

Ա. ԱՆԴՐԻԱՍՅԱՆ. - Այդ ժամանակներն էլ հեռու չեն: Մենք ոչ թե միակողմանի վերաբերունք ենք ակնկալում, այլ ինքներս մեզանից ենք սկսել. ինքնամաքրման գործընթաց ասվածն այլևս որդեգրված սկզբունք է մեզ համար:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ