Ծնունդդ շնորհավոր, ՍՊԱՐԱՊԵՏ


 

Սպարապետի խոսքերն են` այնքան արդիական, անկեղծ ու ճշմարտացի: Սակայն, ավաղ, ոճրագործ «հայի» դավադիր կրակոցը կարողացավ «լռեցնել» նրան: Որքա˜ն իղձեր ու նպատակներ անկատար մնացին:

Ու արդեն 13-րդ գարնանամուտն ենք դիմավորում անուրախ տարելիցով: 13 տարի է` մեր կողքին չէ Սպարապետը` իր անկրկնելի հմայքով, խանդավառությամբ, կամք ու վճռականություն ոգեշնչելու կարողությամբ, լավատեսությամբ: Մինչդեռ անհրաժեշտություն էր նրա գոյությունը: Նա կլիներ 53 տարեկան:

Անգնահատելի է Վազգեն Սարգսյանի ավանդը հայոց պետականության կերտման ու կայացման, Զինված ուժերի կազմավորման գործում: Նրա անունն անխզելիորեն միահյուսված է Արցախյան գոյապայքարի պատմությանը: Իսկ Ազգային բանակը, որ ընդամենը բաղձանք էր, դարձավ իրողություն, դարձավ Սպարապետի հպարտությունը: Վազգեն Սարգսյանի նկարագիրը, թերևս, կարելի է ամբողջացնել մի քանի բառերով` մեծ հայ ու հայրենասեր, ՀՀ Ազգային և Արցախի հերոս, հմուտ ռազմական, հասարակական-քաղաքական գործիչ, պարզապես անհատ, ով երբեք իրեն չխնայեց, երբեք ոչնչից չվախեցավ, ում հավատացին և հետևեցին:

Այս տարի ևս ՀՀ Պաշտպանության նախարարությունը մեծ շուքով նշեց Սպարապետի ծննդյան տարելիցը: Յուրահատուկ խոնարհում էր ՀՀ ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմի, Երևանի կայազորի զորամասերի անձնակազմի այցելությունը Եռաբլուր պանթեոն, ապա Սպարապետի անունը կրող փողոցում` նրա կիսանդրու մոտ: Օրվա խորհուրդն ամփոփվեց հիշատակի և ոգեկոչման արարողությամբ:

«Ես ուզում եմ ասել, որ ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան շատ խաղաղություն չի ուզում, որքան ես: Պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին: Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի` ձեռք եմ բերել հպարտություն: Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա: Ես կռվել եմ, ես կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար, և իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող»:

Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ

Նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը լավագույնս բնորոշում են Վազգեն Սարգսյանին.

- Ազգային- ազատագրական յուրաքանչյուր պայքար ծնում է իր հերոսներին, ովքեր իրենց հոգում ու մտքում հավաքականորեն կրում են ժողովրդի իղձերն ու երազանքները, անցած պատմության վերելքների հպարտությունն ու վայրէջքների համար ապրած ցավը, հաղթանակների ոգին ու պարտությունների դառը դասերը: Եվ ունենում են նրանք վերաիմաստավորելու, պատմությունն առասպելներից մաքրելու, ու նաև առասպելներն իրականություն դարձնելու վճռականություն: Չունենալով զինվորական ուսումնառություն` նրանք լավագույնս են ղեկավարում մարտական գործողություններն ու համակարգում երկրի պաշտպանությունը: Չունենալով պատմական կրթություն` պատմաբաններից լավ են իմանում անցյալի դասերն ու ապագան: Հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ նվիրումից բացի ունենալով հզոր միտք, կազմակերպական բացառիկ ունակություններ, բյուրեղյա մաքրություն` նրանք իրենց գործունեությամբ լավագույնս են բնութագրում ժամանակի շունչն ու ոգին: Բայց կատարած գործով անջնջելի դրոշմ են դնում իրենց ժամանակի վրա` բարձրացնելով ու վսեմացնելով այն: Այդ հերոսներից մեկը դառնում է առաջնորդ, կազմակերպված ձև հաղորդում պայքարին, ղեկավարում և ուղղորդում այն և վտանգաշատ ու դժվարագույն ժամանակներում երկիրը, ժողովուրդն ու բանակը զերծ պահում մեծագույն աղետներից և կորուստներից: 20-րդ դարավերջին դեռ գոյություն չունեցող մեր բանակն առաջնորդելու դժվարին պարտականությունը ճակատագրով նախասահմանվեց Վազգեն Սարգսյանին... Նա կամավորականների համար Սպարապետ եղավ, իսկ բանակի համար դարձավ պաշտպանության նախարար: Բայց նա միայն նախարար չէր, այլ մեր ավագ ընկերը, ավագ եղբայրը, դժվարին պահերին մեր ամենահուսալի և վստահելի աջակիցն ու հենարանը:

Մեր Վազգենը...

Անժամանակ կյանքից հեռացած Սպարապետին երբեք ոչ ոք բացակա չդրեց: Նա շարունակում է ապրել...

Հավերժ ներկա մարտական ընկերոջ մասին իրենց հուշերը պատմեցին զինվորականներ, ովքեր ճանապարհ են անցել Սպարապետի հետ:

Արշալույս ՓԱՅՏՅԱՆ.

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ

-Վազգենը միայն հուշերում չէ: Նա այսօր էլ կենդանի է: Իր էությամբ այժմեական կերպար է և դեռ երկար կապրի: Այդ պատճառով ես ինչ-որ տեղ չեմ ընդունում, որ նրա մասին խոսում են որպես հիշողություն: Ի դեմս Վազգենի` մեր ազգային-ազատագրական պայքարի ընթացքում ուժեղ առաջնորդ ու զորավար ունեցանք: Նա կարողացավ համախմբել մարդկանց, բռունցք կազմել, որն էլ հաղթանակ բերեց մեզ: Կուզենայի մի դրվագ պատմել: Վազգենը բոլոր գնդերի հրամանատարներիս տարել էր Արցախ: Կոլեգիայի արտագնա նիստն այնտեղ էր: Գնացինք Մարտունու տարածաշրջան, որտեղ հրամանատարը Նեսո Սողոմոնյանն էր, ով բավական փոքրամարմին է: Նա ռազմարվեստի բոլոր չափանիշներին համապատասխանող հրամանատարական կետ էր կառուցել: Վազգենը, ոգևորված նրա կատարած աշխատանքով, կատակեց` նայեք Նեսոյի փոքր մարմնին, նրա աշխատանքին ու նայեք ձեզ:

Գուրգեն ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆ.

Գեներալ-գնդապետ

- Վազգենը մե´ծ հայ էր, իսկակա´ն հայ, հայրենասեր: Նա պաշտում էր հայրենիքն ու ազգը, այդ պատճառով նրան ամեն ինչ հեշտ էր տրվում: Հենց այդ հայրենասիրությունն ու ուժն էին յուրահատուկ հմտություն ու փորձ ձևավորում: Ես նրա հետ եմ եղել առաջին իսկ օրվանից: Վազգենը պաշտպանության նախարար էր, ես` Գլխավոր շտաբի պետ: Ներդաշնակ ենք աշխատել, համագործակցել` փորձելով հնարավորինս արդյունավետ լուծում տալ մեր առջև ծառացած խնդիրներին: Բարդ ժամանակահատված էր, խնդիրները շատ էին: Վազգենի դերն անուրանալի է նաև Արցախյան ազատամարտում ունեցած մեր հաջողությունների ու փայլուն հաղթանակների կերտման գործում: Թեև վերջին ռազմագործողությունն այդպես էլ չիրականացավ, չհասանք այն սահմանին, որ ցանկանում էինք: Քանի որ հրադադարի ստորագրումը դա թույլ չտվեց:

Աստվածատուր ՊԵՏՐՈՍՅԱՆ.

Գեներալ-մայոր

- Վազգենն այսօր էլ ապրում է: Նրա նկարագիրը նման է նույն ընկերաշատ Վազգենին, նման է մի նոր ասպետի` 2 թևերով, 2 Մասիսներով, միշտ վեր հառնող, դեպի դարերը սլացող մարդ: Վազգենն իմ ընկերն է, իմ սրբությունը ու միշտ ապրում է իմ սրտում: Հիշողությունները շատ են: Միշտ հիշում եմ իր կոչը մահապարտներին, հիշում եմ Երկրապահների հանրագումարը: Շատ լավ եմ հիշում մեր առաջին հանդիպումը` 1990-ի հունվարի 18-ին` Նոյեմբերյանում: Անհանդուրժող էր` երբ որևէ մեկը մյուսի նկատմամբ կասկածներ էր ունենում կամ չարախոսում: Միշտ ասում էր, որ պետք է ուժեղ լինենք, միասնական, գիտակցենք` ո՞ւր ենք գնում: Բոլոր բարձունքները գրավելու մի տենդ ուներ` ազգային մտածողության բարձունքները: Իսկ նրա հայրենասիրությունը շաղախված էր հայրենապաշտությամբ: Նրա կորուստը մեծ ցավ էր: Մինչ օրս մենք մեծ նեղություն ենք կրում, որովհետև չկա այն օդը, ջուրը, ուժը, կամքը, այն ծիծաղը, ողջույնը, մարդկային կերպարը, որ ուզում էր իր հետևից տանել: Ու գնում էինք նրա հետևից` հաղթանակներ տոնելու, բայց նաև գիտակցելով պարտության դառնությունը: Միշտ ասում էր` «Էդպես իրար մի նայեք, էս խելքին եք, որ էս խելքին եք: Մեկդ մյուսի նկատմամբ սեր ու հարգանք ունեցեք: Յուրաքանչյուր խելառ էս երկրի քաղաքացին է»:

Մուրազ ՍԱՐԳՍՅԱՆ.

Գեներալ- լեյտենանտ

- Վազգենին ճանաչել եմ հայկական բանակում իմ ծառայության առաջին իսկ օրվանից: Նրա հայրենասիրության մասին շատ է խոսվել ու գրվել, սակայն կցանկանայի որպես լրացում ավելացնել, որ նրա անսահման խիզախությունը ի հայտ եկավ նաև Լաչինում, որի ականատեսն եմ եղել ես: 1992-ի հոկտեմբերն էր: Լաչինը շրջափակված էր: Ադրբեջանցիները նույնիսկ հայտարարել էին, թե գրավել են Լաչինը: Եվ ահա Վազգենը եկավ միայնակ, առանց թիկնապահի` ամենաթեժ պահին: Նա առաջին գծում էր, երբ 3 ուղղություններով բոլոր զինատեսակներով գնդակոծում էին տարածքը: Նա ուզում էր ամեն ինչ իր աչքերով տեսնել: Ու եկավ, թեև գիտեր, որ կարող էր զոհվել: Արագ որոշում ընդունեց, համախմբեց, ու կազմակերպված գործողությունների շնորհիվ հաղթանակ տարանք:

Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Հրթիռահրետանային զորքերի 1-ին վարչության պետ, գեներալ-մայոր

- Վազգենն այն մարդն էր, ով ստեղծեց մեր Զինված ուժերը: Նա ամուր կանգնեց բոլորիս կողքին` թե´ զինվորի, թե´ սպայի և ամեն ինչ արեց, որ հաղթենք Արցախյան պատերազմում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ