ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ, ՍԱԿԱՅՆ...


 

Երևան-Թբիլիսի գնացքը մարտի 5-ին ստիպված է եղել դադարեցնել իր չվերթն ու վերադառնալ Գյումրի կայարան: Գնացքում գտնվող 45 ուղևորների համար կրկնակի ջեռուցում են ապահովել վագոններում: Այս տեղեկատվությունն արդեն երկու օր ներկայացվում է մի շարք լրատվամիջոցներով` տպավորություն ստեղծելով, թե «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը շատ լավ է աշխատել: Իսկ իրականում հազիվ թե լավ աշխատանքի արդյունքում ձյունը ծածկեր երկաթագծերն ու խոչընդոտեր երթևեկությունը:

Խորհրդային տարիներին Ջաջուռի լեռնանցքի մոտ տեղադրված էին ցանկապատեր, որոնք երկաթուղին փրկում էին ձյան ծածկույթից, ապահովում նորմալ երթևեկությունը: Ավելին, թունելային ջոկատը մշտապես ապահովված էր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ուստի անգամ խստաշունչ ձմեռներին չեն եղել դեպքեր, երբ գնացքները ստիպված լինեն դադարեցնել երթուղին: Ուրեմն, ՀԿԵ-ի տնօրինությունը գոնե հետայսու պիտի լրջորեն մտածի երկաթուղին ապահովելու, համապատասխան ծառայություններ ձևավորելու համար, մանավանդ որ երկաթուղին այսօր մեր ամենաանհրաժեշտ տրանսպորտն է: