Ո՞Վ Է «ԽՈՐՏԱԿՎԱԾ ՆԱՎԸ»


 

Հետաքրքիր լեզվակռիվ է սկիզբ առել առաջին և երկրորդ նախագահների միջև: Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս Ռոբերտ Քոչարյանին «խորտակված նավ» անվանեց, Ռոբերտ Քոչարյանի խոսնակն էլ` նույնը հակադարձեց Լևոն Տեր-Պետրոսյանին: Ըստ էության, երկուսի հիմնավորումներն էլ հեռու չեն իրականությունից: Ավելին, հատկապես Վիկտոր Սողոմոնյանի պատասխանի մեջ ակնհայտ է դառնում որոշակի չարախնդությունը ՀԱԿ-ի` ավագանու ընտրություններում իբրև թե կրած պարտության առթիվ: Հազիվ թե այս հայտարարություններն այսօր հետաքրքրեն հայաստանյան հանրությանը, որովհետև շատ վաղուց «խորտակված նավերի» թեման արդեն դարձել է անհետաքրքիր, հասարակությունը սպասում է «ընթացող նավերի» հայտնությանը: Ի վերջո, Քոչարյանի հայաստանյան կարիերան ստեղծեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ նրա կարիերան էլ «խորտակվեց» Ռոբերտ Քոչարյանի ջանքերով: Ուրեմն, հազիվ թե այս բանակռիվն այսօր քաղաքական հրատապություն ունենա և նպաստի առաջին նախագահի վերելքին: Պետք է այլ ուղիներ և այլ մարտավարություն ընտրել, մանավանդ որ երկու նախագահների հայտնությունն էլ կլինի վերադարձ անցյալին: