ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱ՞ԶԴ, ԹԵ...
Արդեն հայտնի է, որ հայաստանյան հեռուստաընկերությունները սահմանել են քաղաքական գովազդի գները: Այսպես, «Շանթ» հեռուստաընկերությունը 1 րոպեի համար սահմանել է 120 հազար դրամ, «Արմենիան» առավել բարեգութ է գտնվել և 1 րոպեի համար սահմանել 110 հազար դրամ` նախորդ ընտրությունների համեմատ այն նվալեցնելով 20 հազար դրամով: Հանրայինը շատ ավելի ըմբռնումով է մոտեցել այս խնդրին և պահանջել 80 հազար դրամ: Գների կտրուկ իջեցումներ են արձանագրել «Երկիր Մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունները, որոնք համապատասխանաբար սահմանել են 36 հազար և 32 հազար դրամ: Իսկ ահա «Արմնյուզը» սահմանել է ամենացածր գինը` 18 հազար դրամ: Արդեն իսկ պարզ է, որ քարոզչության համար մարդիկ կդիմեն առավել խելամիտ սակագին սահմանած հեռուստաընկերություններին` մյուսներին թողնելով անհույս սպասումների մեջ:
Ուշագրավ է, որ ողջ աշխարհում քաղաքական ակցիաների ժամանակ հեռուստաընկերություններն իջեցնում են քաղաքական գովազդի գները` հնարավորություն տալով շատերին դիմելու իրենց ծառայություններին: Իսկ Հայաստանում որոշ հեռուստաընկերութ յուններ, նմանվելով տոն օրերին ծաղիկ վաճառողներին` արհեստականորեն բարձրացնում են գովազդի գները:
ՎԵՐՋԻՆ շրջանում Արևելյան Հայաստանի բնակավայրերի մասին լույս տեսնող տեղեկատու մենագրությունների շարքում ուրույն տեղ ունի Սերգեյ ՔՈՉԱՐՅԱՆԻ «Թումանյանի բնաշխարհը. Դսեղ» աշխատությունը, որը շահեկանորեն առանձնանում է իր ընդգրկուն ամբողջականությամբ` գրված թումանյանական մտածելակերպով, հյութեղ լեզվով: Գեղարվեստական շնչով նկարագրված են Դսեղի, նրա սարահարթի պատմաաշխարհագրական առանձնահատկությունները` նախաստեղծման ժամանակներից մինչև մեր օրերը: Անուն առ անուն նկարագրված են սարերն ու ձորերը, դաշտերն ու այգիները, գետերն ու աղբյուրները, բուսական ու կենդանական միջավայրը, ձեռակերտ ու անձեռակերտ հուշարձանները... Մի խոսքով այն եզերքը, որն ամենայն հայոց բանաստեղծի սիրո և ոգևորության աղբյուրն է եղել իր մարդկանցով, ադաթներով, կյանքին համ ու բույր տվող ազգային արժեքներով, ծեսերով ու հավատալիքներով: Հ. Թումանյանի ժամանակակիցների, զավակների հուշերը, գրականագետների կենսագրական աշխատությունները կարծես թե ամեն ինչ ասել են բանաստեղծի մասին:
Ս. Քոչարյանը այստեղ ևս նոր եղելություններ է հայտնաբերում` նոր ձայն ու երանգ ավելացնելով Բանաստեղծի մարդկային առաքինություններին:
Գրքի «Իրապատումներ» բաժինը պարզամիտ ու իմաստուն Դսեղցու կյանքն է, հողին ու ջրին նվիրված մարդը, հայրենի եզերքին նրա նվիրումը, ապրեցնող հումորը, կյանքի ու մարդկանց հրաշալի զանազանությունը և այս ամենը` նովելային շողարձակումներով:
Տքնաջան աշխատանքի արդյունք է Դսեղի «Տոհմաբանությունը», որով հեղինակը գալիքին է պատգամում Դսեղցու արմատների բազմաճյուղ ներկապնակը:
Գրքում անդրադարձ կա նաև Մամիկոնյան իշխանական տան Դսեղյան ճյուղի գործունեությանը, նրանց քաղաքական, կառուցողական նշանակալի աշխատանքներին:
Ս. Քոչարյանի այս մենագրությունը Դսեղի կենսագրությունն է, նրա անցյալի ու ներկայի, հեղինակի խոսքով ասած` գնացողների ու եկողների մասին:
Երևույթ հանդիսացող այս տարեգրության թե´ առաջին և թե երկրորդ (նոր լրացումներով հագեցած) հրատարակությունները, սակայն, մնացին աննկատ, առանց լուրջ գնահատանքի:
Այդպե´ս է: Մեզանում իսկական արժեքները հետո են արժևորվում, գնահատվում, ներկայացվում: Բայց մնայուն արժեքների համար ժամանակ գոյություն չունի: