ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹԵՄԱՅԻ ՆՈՐ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ


 

Ազգային կինեմատոգրաֆում մի նոր ու հրաշալի իրողություն արձանագրվեց, էկրան բարձրացավ Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմը, որից հետայսու կարող է ծնունդ առնել նոր ու ինքնատիպ վերափոխումների ընթացքը:

Կին-տղամարդ հարաբերությունների, սիրո ու ատելության, երջանկության ու տառապանքի մասին բազմաթիվ պատմություններ են գրվել, արվեստի ու գրականության տարբեր ժանրերով ներկայացվել են դրանք` ամեն անգամ բացահայտելով հայտնի-անհայտը:

Արա Երնջակյանը սեփական պիեսի հիման վրա ֆիլմ է ստեղծել` «Երկաթ Փրոդաքշընի» և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Ֆիլմ, որն իր սյուժետային ընթացքով, կերպարաստեղծման հղացումներով և առանձնահատկություններով էապես տարբերվում է հայկական կինեմատոգրաֆում վերջին տարիներին ստեղծված բոլոր ֆիլմերից: Այն հիմնավորում է հոգեբանական կինոյի` թրիլերի ժանրը մեզանում:

Ֆիլմի ժանրը հուշել է այն միջավայրը, ուր ծավալվում են գործողությունները, որտեղ հոգեբանական պոռթկումներն ու բացահայտումները ձևավորում են ներքին սյուժեն: Հիմնական վայր է ընտրված կնոջ բնակարանը, սակայն այս ինտերյերը հաճախ խախտվում է, հայտնվում են հյուրանոցը, սրճարանը, խանութը, որոնք նպաստում են սիրո ու կրքի բռնկումին: Կոնֆլիկտի կառուցման, նրա հոգեբանական «դիրքերը» հայտածելու համար Արա Երնջակյանը ներկայացնում է գրեթե ավանդական մի սյուժե` պատահաբար ծանոթացած և սիրո վայելք ապրած մարդկանց առավոտյան բաժանումը դարձնելով այն ելակետը, որը տանում է դեպի խորքային թափանցումները: Սրճարանում պատահաբար ծանոթացած և մի ամբողջ գիշեր սիրո ու կրքի մեջ ապրած Տղամարդն առավոտյան պատրաստվում է հեռանալ Կնոջ տանից` երևի հետո մոռացության տալու համար ապրածն ու վայելածը: Արդեն իսկ այստեղ ձևավորվում է կոնֆլիկտը, որովհետև Կինն ակնհայտորեն դեմ է, որ նա հեռանա, որովհետև իր համար սովորական գիշեր չի եղել, որովհետև նա կամեցել է լցնել-իմաստավորել իր մենակությունը, հեռանալ տաղտուկից:

Հերոսներից ամեն մեկը յուրովի է ապրում երջանկության իր բաժինը, ամեն մեկը յուրովի է փորձում առավելագույնը` հագեցնելու-լցնելու պատահականությամբ տրված հազվագյուտ վայրկյաններն ու րոպեները: Այն մեկ օրը, որը մի ողջ կյանք արժե: Տղամարդու համար` ժամերով չափվող կյանք, որովհետև նա պիտի վիրահատվեր, Կնոջ համար` միապաղաղ ու սովորական ընթացքով առաջ սողացող կյանք...

Այս ֆիլմում համայնապատկերներ չկան, շատ քիչ են «ընդհանուր պլանները», գերիշխողը «խոշոր պլաններն» են, որոնք էլ հնարավորություն են տալիս միջավայրի գրեթե անշարժության և կամերայինության մեջ կենտրոնանալ, մշտապես լինել հերոսների հետ:

Օպերատոր Սուրեն Թադևոսյանը ոչ միայն հրաշալիորեն զգացել է բեմադրողի առաջադրած գեղագիտական սկզբունքները, պատում կառուցելու առանձնահատկությունները, այլև ինքն է ցանկացած կադր դիտարկել իր կոմպոզիցիոն-հոգեբանական ամբողջության մեջ: Հրաշալիորեն ընկալելով բեմադրող նկարիչ Ռաֆայել Խաչատուրյանի կառուցած «դեկորացիայի» ինքնատիպությունը, ֆիլմի արտակարգ գրավիչ լուսային «պարտիտուրը»` օպերատորը հենվում է գլխավորապես «միջին» և «խոշոր» պլանների վրա` այսպես առավել «խոսուն» դարձնելով ենթաշերտերը: Օպերատորի, նկարչի աշխատանքներին համադրվում է ֆիլմի չափազանց հետաքրքիր, բազմաշերտ երաժշտությունը, որի հեղինակ Հայկոն կարողացել է կիրառել երկու սկզբունք` երաժշտություն-իլյուստրացիա և երաժշտություն -հոգեբանական բաղադրիչ:

Արա Երնջակյանի ֆիլմը նաև դերասանական է, որովհետև ռեժիսորական-օպերատորական ինքնատիպ լուծումները նպաստում են կերպարների համակողմանի բացահայտումներին, մարդկային հարաբերությունների մատուցումներին: Եվ ստեղծվել է հրաշալի դերասանական զուգախաղ: Լուիզա Ներսիսյան և Դավիթ Քացառավա զույգն էլ յուրովի ընդդիմանում է վերջին տարիների ազգային կինեմատոգրաֆում հաստատված դերասանամերժ սկզբունքներին: Էկրան է վերադարձվում դերասանական հզոր ներկայությունը` հոգեբանական դրաման, որը նաև բարձր մելոդրամի դրսևորումներն ունի:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ