Անթոշակ ու առանց արտոնությունների


 

Օրենքի հետ խնդիրներ ունենալու պատճառով պաշտոնաթող եղած Քրիստիան Վուլֆին որոշում են այսպես պատժել` զրկելով «պատվավոր դրամական միջոցներից»:

Գերմանիայի արդեն էքս-նախագահն առայժմ ստանում է այդ գումարը` տարեկան 199 հազար եվրո: Սակայն տեղական լրատվամիջոցները հաշվարկել են, որ դա 6 անգամ գերազանցում է միջին աշխատավարձը և 16 անգամ ավելի է միջին թոշակից: Ամենատես լրագրողները նաև հիշեցրել են, որ այս տարվանից Գերմանիայում տղամարդկանց կենսաթոշակային տարիքն սկսում է 67 տարեկանից: Իսկ Վուլֆը 52 տարեկան է և պաշտոնաթող է եղել փետրվարին, երբ Հանովերի դատախազությունը խորհրդարանից պահանջեց նրան զրկել իրավաբանական անձեռնմխելիությունից: Մեղադրանքը հայտնի է` պաշտոնական դիրքի չարաշահում: Պատճառը ծանոթ գործարարին կես միլիոն եվրո մասնավոր վարկ տրամադրելն է և այն տվյալները, որ նա բազմիցս նվերներ ու արտոնություններ է շնորհել ձեռնարկատերերին:

Երկրի նախագահի պաշտոնը ստանձնելիս, Վուլֆը արտահայտվել է նախկին նախագահների թոշակը կրճատելու օգտին: Հիմա նա լռում է: Ընդդիմադիրներն ու մամուլն անխնա քննադատում են օրինազանց նախագահին.

- Նա պետք է հրաժարվի «պատվավոր դրամական միջոցներից» և կարգադրի, որ այդ միջոցներն օգտագործվեն բարեգործական նպատակներով: Քանզի խայտառակ կերպով իր պաշտոնից զրկվել է խարդախության պատճառով,- ասել է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Պետեր Դանկերտը: