Քադաֆիի մահն առեղծվածային է


 

Հիմա էլ Լիբիայի առաջնորդի վախճանն են հանելուկային որակում և այնքա˜ն զարմացական տոնով, որ քիչ է մնում հավատաս, թե նրան չեն սպանել:

Լիբիայում ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման հետաքննության հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ Մուամմար Քադաֆին և նրա Մոթասիմ որդին 2011 թ. հոկտեմբերի 20-ին գերի էին վերցվել Միսրատա քաղաքի գրոհայինների կողմից: Որոշ ժամանակ անց նրանք մեռած էին: Այս նկարագրությունից հետո փաստաթղթում արձանագրվել է.

- Հանձնաժողովն ի վիճակի չէ հաստատել, որ Մուամմար Քադաֆիի մահը ապօրինի սպանություն է և խնդրում է թույլատրել` ավարտելու հետաքննությունը:

«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկատվությամբ` հետաքննությունը շարունակելու անհնարինության պատճառն էլ Լիբիայի նոր կառավարությունն է: Քադաֆիին հերթափոխող իշխանավորները հրաժարվել են տրամադրել ջամահիրի մարմնի արտաշիրիմումի արդյունքներն ու նրա մահվան վայրի լուսանկարները: