Այսօր դեկտեմբերի 7-ն է 

ՔՍԱՆՉՈՐՍ ՏԱՐԻ ԱՆՑ


 

Մեր զրուցակիցն է Գյումրու նշանավոր մշակութային գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:

- Օրերս Դուք նշեցիք Ձեր ծննդյան 70-ամյակը: Կանայք, սովորաբար, խուսափում են հոբելյաններից, իսկ Դուք ահա բոլորին ի տես` հոբելյանական երեկո կազմակերպեցիք:

- Իմ տարիներն իմ հարստությունն են, ինչո՞ւ պիտի խույս տամ: Հոբելյան նշելով` կամեցել եմ ասել, հաստատել, որ արմատներ ունեմ, կենսագրություն ունեմ: Արմատներիս կանչն իմ մեջ միշտ հնչում է զարմանալի-հրաշալի թրթռումներով: Արմատներս իմ էությունն են, իմ նկարագիրն ու կենսագրությունը, իմ երեկն ու այսօրը, շարունակվող ընթացքը: Առանց արմատ ապրել կլինի՞... Առանց կարոտի կանչի շնչել կլինի՞... Երկար, շա˜տ երկար ճանապարհ եմ անցել, կյանքիս մի ահռելի մասը, երբեմն նաև ընտանիքիցս ու երեխաներիցս «գողանալով»` մեր քաղաքին եմ տվել, մեր մշակույթին եմ տվել:

- Հետաղետյան շրջանում հատկապես չափազանց բարդ ու դժվարին եղավ Ձեր աշխատանքը: Սկզբում քաղաքային, ապա արդեն մարզային մշակույթը կառավարեցիք, իսկ մի քանի տարի է` մշակույթի հարցերով մարզպետի խորհրդական եք:

Չէ՞ր կարելի, արդյոք, ապրել առավել խաղաղ կյանքով, դասախոսել բուհում և հեռու մնալ այն դժվարություններից, որոնք Դուք կամովին ստանձնեցիք:

- Իհարկե, կարելի էր: Բայց այդ դեպքում ես ինքս ինձ դավաճանած կլինեի: Երկրաշարժից հետո մի շրջան քաղաքը հայտնվեց անորոշության մեջ: Լացս հաճախ չէի կարողանում զսպել, առաջին անգամ` ինձ անզոր էի զգում: Սակայն ինքս ինձ ուժ էի տալիս, ասում էի. «Հասմիկ, դու պարտավոր ես վերականգնել գրադարանները, մշակութային մյուս օջախները, դու պարտավոր ես Գյումրին աշխարհին հասցնել»... Ստեղծեցինք փողային նվագախումբ, որը մասնակցեց համաշխարհային փառատոնին և հայրենի քաղաք բերեց Գլխավոր մրցանակը: Լորիս Ճգնավորյանի, Սերգեյ Մացոյանի հետ ստեղծեցինք պետական սիմֆոնիկ նվագախումբ, երգչախումբ: Այստեղ իր մկրտությունը ստացավ Ռոբերտ Մլքեյանը: Ավերված քաղաքից, ուր աղքատություն էր, կորստի ցավերից երկինք հառնող թառանչներ` մենք երգ ու երաժշտություն տարանք աշխարհին: Գիտեի, հիմա էլ համոզված եմ, որ ցանկացած ողբերգության կարելի է դիմագրավել արվեստի ուժով: Երբ գյումրեցին համերգասրահ եկավ, երբ բեմում տեսավ պար ու նվագախումբ` հասկացավ, որ կա կյանք, կա ապրելու հավատ...

- Գյումրու քաղաքապետ Բալասանյան Սամվելը Ձեզ առաջարկեց տեղափոխվել քաղաքապետարան և ստանձնել քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:

- Ես շոյված եմ այդ առաջարկությամբ, այն համարում եմ իմ գործունեության գնահատման մի նոր առհավատչյա: Սակայն չեմ ուզում հեռանալ մարզպետարանից, որովհետև ինձ համար մշակութային քաղաքականությունը կապակցված հասկացություն է: Չի կարելի Գյումրին տարազատել մարզից, ողջ Շիրակից: Դրա համար էլ ես կմնամ մարզպետարա նում և այսուհետև էլ ամեն ինչ կանեմ, որպեսզի մշակութային զարգացումը լինի համաչափ, ուսումնասիրվեն նաև Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, այլ բնակավայրերի մշակութային շերտերը: Այսպիսով մենք նաև որոշակի քաղաքականություն կհուշենք, Մշակույթի նախարարությանը մեկ անգամ ևս կհամոզենք, որ մարզերի մշակութային զարգացումներով է պայմանավորված ողջ ազգային մշակույթի զարգացումը:

- Ոմանք վերջին շրջանում ակտիվացրել են Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ խնդրին:

- Դա վաղուց պետք է իրականություն դառնար: Բայց չէի ասի, թե խիստ հրամայական է: Կառավարող մարմինը կարող է լինել ցանկացած վայրում, դրանից շատ բան չի փոխվի, եթե չլինի ծրագրային մոտեցում: Ծրագրերը պետք է բխեն մարզային շահերից: Ես կարծում եմ, որ պետությունը պիտի փոխի իր մշակութային քաղաքականությունը, առավել հստակ պիտի լինեն հայեցակարգերը, պիտի առաջնային դառնան մարզային խնդիրները, որովհետև մեր թույլ տեղը հենց մարզերն են:

- Երկրաշարժից անցել է քսանչորս տարի: Արդյո՞ք հաջողվել է այս ընթացքում վերականգնել մշակութային ամբողջ ներուժը:

- Հիմնականում` այո: Եվ ոչ միայն վերականգնվել, այլև նոր իրողություններ են հաստատվել: Սակայն հակված չեմ պնդել, թե բավարարված եմ: Մեր գլխավոր հպարտությունը` Աճեմյանի անվան թատրոնը, դեռևս իր բարձունքում չէ: Լուրջ խնդիրների առաջ է կանգնած հանրապետության հնագույն տիկնիկային թատրոնը, տակավին խարխափումների մեջ է Աղասի Շաբոյանի անվան պարային անսամբլը: Մարզի մյուս բնակավայրերում դեռևս մշակութային ճգնաժամ կա, շատ գյուղեր չունեն մշակութային օջախներ, մեզ չի հաջողվում վերականգնել հոյաշեն մի շարք պալատներ, քաղաքային պատկերասրահի, երկրագիտական թանգարանի խնդիրները դեռևս անավարտ են: Մարզային գրադարանի շենքի հարցը չի լուծված... Մի խոսքով, հոգսերն ու ուրախությունները շաղկապված են:

- Քսանչորս տարի անց համոզվա՞ծ եք, որ գոնե առաջիկայում կլուծվեն շատ հարցեր:

- Ես միշտ ապավինել եմ լավատեսությանը: Միշտ հավատացել եմ: Հիմա էլ եմ հավատում...