ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԱՂՔԱՏՆԵՐԸ 


 

Ամեն առավոտ, լուսումութին, մեր բակում դրված մեծ աղբամանների կողքին մարդիկ են հավաքվում: Երկու կին և մեկ տղամարդ: Լուռ, առանց իրար խանգարելու, ամեն մեկն իր «տեղամասի» վրա կենտրոնացած, նրանք աղբամանի միջից հանում են իրենց հետաքրքրող իրերը, դասավորում ցելոֆանե տոպրակների մեջ, ապա հեռանում են` գուցե այլ աղբամաններում շարունակելու իրենց որոնումները: Առաջին անգամ նման տեսարանի ականատես եղա 1990-ականներին, երբ մութ ու ցուրտ քաղաքում մարդիկ աղբամաններից անգամ փայտի կտորներ էին հանում և այն ամենը, ինչ կարելի էր վառել ու ջերմություն ստանալ: Այդ տարիներն անցան, շատերը գուցե մոռացան այդ օրերի մասին, իսկ ահա մարդկանց մի խավ մնաց, որը շարունակում է աղբամաններից իրեր հանել: Գուցե տաքանալու, գուցե ինչ-որ կարիքներ հոգալու համար...

Երբ այն ծանր տարիներին մայրաքաղաքի շուկաներից մեկում տեսա մաղախն ուսից կախ մի ներկայանալի տեսքով մարդու, ով հաց էր վաճառում, չկարողացա մի քանի օր մոռանալ այդ պատկերը: Հիմա էլ չեմ մոռանում, որովհետև բարձրահասակ, տարիների բեռից մի քիչ կռացած այդ մարդը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանն էր, Նար-Դոսի միակ որդին, Խորհրդային Միության լավագույն բասերից մեկը: Իշխանության նոր եկածները վայելում էին իրենց բարիքները, ոմանք ագահաբար ընկել էին երկրի ունեցված քի վրա ու հարստանում էին` շատերին տանելով աղքատության: Նրանք չէին մտածում այն մարդկանց մասին, ովքեր ազգային արժեք ու հարստություն էին, ովքեր իրենց վարած ապաշնորհ քաղաքականության ու նաև պատերազմի պատճառով` հայտնվել էին աղքատության ճիրաններում: Ժամանակները փոխվեցին, ՀՀՇ-ն հեռացավ իշխանությունից, իսկ ահա աղքատները մնացին որպես նախկին օրերի «ներկայացուցիչներ»` ոչ թե սակավանալով, այլև առավել խտացնելով իրենց շարքերը:

Ամեն տարի մեր հայրենի իշխանությունները հայտարարություններ են անում աղքատության ծավալները կրճատելու, աղքատության դեմ պայքարի մասին: Նախաձեռնություններ ու ծրագրեր են ներկայացնում, սակայն թեման չի փակվում: Հայաստանի բնակչության մոտ 35 տոկոսը թերսնված է, բնակչության մոտ 40 տոկոսը չի կարողանում դիմել առողջապա հական հիմնարկներին` բուժօգնություն ստանալու համար: Վերջին 10 տարիների ընթացքում աղքատության ծավալները մեծացել են հատկապես մարզերում, մասնավորաբար` Շիրակի մարզում, ուր աղքատ է բնակչության մոտ 58 տոկոսը: Սա ազգային աղետ է, սա նախապայմանն է ոչ միայն արտագաղթի, այլև ազգային գենոֆոնդի կրճատման:

Բայց այս բարձր արտահայտությունները մի կողմ թողնենք և պարզապես ասենք, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է անձի աշխատանքի և բարեկեցության իրավունքը. սահմանադրական պահանջ է մարդու հանդեպ հոգատարությունը: Արդյո՞ք այս առումով էական քայլեր կատարվում են մեզ մոտ: Վճռական պատասխանենք` ոչ: Արդեն իսկ 2013 թվականի պետական բյուջեն հուշում է, որ մեզ մոտ ավելանալու է աղքատների թիվը, որ գնաճը կանխելու, նոր սոցիալական միջոցառումներ իրականացնելու որևէ իրական նախաձեռնություն չկա: Նույն բյուջեով նախատեսված չեն արտադրական ծավալներից եկող ֆինանսական հոսքերի ավելացումները: Այսինքն, 2013 թվականին էլ կառավարությունը մտադիր չէ հոգ տանել արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման, աշխատատեղերի ավելացման, կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին:

Մեր ուսումնասիրությունները հանգեցրին այն մտքին, որ 2013 թվականին կարող է աղքատության տոկոսը բարձրանալ ևս 7 նիշով, որովհետև գնաճին դիմակայող քայլեր չկան նախատեսված, չկան սոցիալական փոխհատուցումներ: Նվազագույն աշխատավարձին ավելացվող 2 հազար 500 դրամն էլ չի կարող փոխհատուցում լինել, որովհետև գազի սակագնի բարձրացումն իրականում կբերի 10-12 տոկոս գնաճ, ինչի մասին մեր կառավարությունում լռում են: Լռում են, որովհետև չկան հակաքայլեր, առկա չեն տնտեսության աճն ապահովող ծրագրային դրույթներ:

Գուցե վերջապես մեր կառավարությունը մի կողմ թողնի իր ամբիցիաներն ու «ամաչկոտությունը» և հրավիրի՞ տնտեսագիտական մտքի ներկայացուցիչներին` քննարկելու երկրի առջև կանգնած տնտեսական ու սոցիալական մարտահրավերները: Չէ՞ որ այլևս այսպես չի կարելի շարունակել: