ՀՈՒՇԱՐՁԱՆ 


 

Մեր ժողովրդի քսաներորդ դարի պատմության մեջ առանձնակի է Կարեն Դեմիրճյանի դերը: Հզոր մի անհատականության, ով որոշակիորեն ընդդիմանալով խորհրդային համահարթեցման սկզբունքներին` կարողացավ հաստատել ազգայինի ներկայությունը: Դրա շնորհիվ էլ Հայաստանը պահպանեց ազգային դիմագիծն ու ինքնությունը, ամրապնդեց իր կապերը Սփյուռքի հետ: Շուրջ տասնչորս տարի Հայաստանը ղեկավարելուց հետո նա հեռացավ իր պաշտոնից չպարտված, չվարկաբեկված: Հեռացավ` 1998-ին վերադառնալու համար: Վերադարձավ այն ժամանակ, երբ երկիրը կանգնած էր դժվարագույն խնդիրների առջև, երբ օրավուր սեղմվում էր երկրի շուրջ ձևավորված օղակը, երբ ժողովրդավարության կղզյակ հանդիսացող Հայաստանը կամենում էին ճնշել տարբեր կողմերից:

Կարեն Դեմիրճյանը երկրի նախագահ չընտրվեց, չնայած շատերի համոզմամբ` նա ընտրված նախագահ էր:

Կարեն Դեմիրճյանի հիշատակի հավերժացման, նրա քաղաքական ու մարդկային դիմանկարի ստեղծման բացառիկ օրինակ է նրա կնոջ` Ռիմա Դեմիրճյանի օրերս հրատարակած «Հիշատակ» գիրքը: Այն եզակի արժեք է` որպես փաստագրական-գեղարվեստական էսսե, որի շատ էջեր քաղաքագիտական ինքնատիպ դիտարկումներ և եզրակացություններ են պարունակում:

- Սա Կարեն Դեմիրճյանի կենսագրությունը չէ, ոչ էլ պատմական աշխատություն կամ գիտական մանրակրկիտ ուսումնասիրություն, այլ ընդամենը մի փորձ է` չհավակնելով լիարժեք նկարագրության, սեփական ներդրումն ունենալ Կարենի կյանքի պատմությունը, կենդանի, իրական, ամբողջական կերպարը ներկայացնելու գործում,- գրել է Ռիմա Դեմիրճյանը:

Դեմիրճյանն առաջնորդ էր, հզոր անհատականություն, ում կենսագրության ու գործունեության ցանկացած իրողություն այս գրքում դիտարկված է ժամանակի հրամայականների, գերխնդիրների և հայեցակարգերի համատեքստում: Սա նշանակում է, որ Ռիմա Դեմիրճյանը ստեղծել է գիրք` անհատի ու պատմության մասին:

Գրքում ներառված բազմաթիվ փաստաթղթեր, վավերագրեր լրացնում են պատումը, նրան տալիս խորքայնություն, առավել համակողմանի դարձնում նյութի մատուցումը:

- Երբ կբացվեն արխիվները, այն ժամանակ միայն կհասկանան և կգնահատեն, թե ինչ եմ ես արել,- ասել է Կարեն Դեմիրճյանը:

Եվ Ռիմա Դեմիրճյանը գնացել է արխիվները բացելու ճանապարհով, փշրել է այն բոլոր հաստատված մտայնությունները, որոնք տարիներ շարունակ սխալ պատկերացումներ են ձևավորել Հայաստանի կոմունիստական կուսակցության և հատկապես նրա առաջնորդ Կարեն Դեմիրճյանի մասին:

Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» գիրքը ճշմարիտ ու մի նոր հուշարձան է Կարեն Դեմիրճյանին` պատմական երևելի անհատականությանը, ում անունն առմիշտ պետք է գրանցված մնա մեր ժողովրդի պատմության էջերում: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ