ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ 


 

Ամեն կերպ Հայաստանին Եվրասիական միության անդամ դարձնելու Ռուսաստանի ջանքերն օրավուր մեծանում են: Թուրքիայում Վլադիմիր Պուտինը սկսեց համոզել Էրդողանին, որպեսզի նրա երկիրը միանա Մաքսային միությանը` այսպիսով այլևս անիմաստ դարձնելով Հայաստանի պնդումը, թե ինքը ստեղծվող միության հետ մաքսային սահման չունի: Հիմա էլ Հայաստան է ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, ով հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ: Հասկանալի է, Խրիստենկոն ձգտելու է «բացատրական» աշխատանք կատարել, համոզել, գուցեև սպառնալ տնտեսական արգելքներով, գազի գնի թանկացումներով...

Գուցե նման «բացատրական աշխատանքներին» Հայաստա՞նն էլ հակադրի որոշակի պայմաններ և պահանջներ, ինչպես վարվում են ԱՊՀ մյուս երկրները: Ասենք` համաձայնի անդամակցել այդ միությանը միայն այն պայմանով, եթե Ռուսաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա ամենաէժան գինն է, որը Հայաստանը կարող է պահանջել անդամակցության դիմաց:

Իհարկե, անգամ նման պահանջի դեպքում Ռուսաստանը կդիմի մանևրների, սակայն, հավանաբար, նման ձևով պետք է խոսել ռազմավարական գործընկերների հետ, որպեսզի ամեն ինչ լինի փոխշահավետ:

Հայ քաղաքագետներից մեկը գրել է.

- Առայժմ Ռուսաստանից Հայաստանի հանդեպ սպասվում է հիմարագույն ճնշում և շանտաժ` հարկադրելով հրաժարվել եվրատլանտյան-եվրոպական կուրսից, միանալ եվրասիական նախագծին, ինչպես նաև հնարավորինս ցուցադրել Ռուսաստանին լոյալ կառավարություն: Ահա և ողջ կայսերական գաղափարը:

Գուցե իսկապե՞ս Ռուսաստանը պիտի մտածի, թե ինչո՞վ կավարտվի այս ամենը: