Զգուշացեք կեղծ «կռիշներից» 


 

Այս կոչ-հորդորը պատահական չենք ընտրել, որովհետև մեր իրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ այս կամ այն գերատեսչության աշխատակիցը գործի բերումով առնչվելով որևէ գործարարի հետ, մտածում է, թե վերջինս իր համար մեղրի կարաս է և բարեկեցության անսպառ աղբյուր: Եվ իր բուն առաքելությունն ու կոչումը մոռացած` փորձում է ամեն գնով գումարներ կորզել նրանից: Իսկ «ազդեցիկ պաշտոնյայի» այս տեսակը, հերթական դյուրահավատի մոտ հույժ կարևոր մարդու տպավորություն գործելու համար դեմքին լուրջ արտահայտություն տալով` խոսքի մեջ «պատժիչ տերմիններ» է օգտագործում և, ի վերջո` «թվեր կրակում»...

Դժբախտաբար, նման «հարց լուծողների» որոգայթում ժամանակ առ ժամանակ հայտնվում են մեր որոշ համաքաղաքացիներ: Հայտնվում են և որպես կանոն` քիչ անց համոզվում, որ իրենց նախընտրած այդ «ազդեցիկ պաշտոնյան» ոչ միայն չի կատարել խոստումը, այլև յուրացրել է այնքան դժվարությամբ աշխատած իր փողերը: Նման աննախանձելի իրավիճակներում հայտնված գործարարները հետագայում, երբ նույն գործարքներն իրականացնելու համար ընտրում են օրինական ճանապարհն ու հարկերը մուտքագրում պետբյուջե (ի դեպ, խարդախների պահանջած գումարից մի քանի անգամ պակաս)` համոզվում են, որ իրենց ամենահուսալի «տանիքը» պետությունն է: Եվ ահա նմանօրինակ հերթական դեպքը:

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկում նյութեր են ստացվել, որ ազգային անվտանգության աշխատակից Մ.-ն, չարաշահելով իր լիազորությունները` ջինսե տաբատների ներկրմամբ և վաճառքով զբաղվող մի գործարարի կողմից իրականացվող տնտեսական գործունեությանը չխոչընդոտելու, առաջացած հարկային պարտավորություն ների չկատարումը և այլ խախտումները չարձանագրելու, դրանք կոծկելու դիմաց, ինչպես նաև ապրանքները բռնագրավելու սպառնալիքով` պահանջել է 8.127.400 դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն սակարկությունից հետո վերջնական համաձայնության է եկել ստանալու 10.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նյութերով ներկայումս զբաղվում է ԱԱԾ քննչական վարչությունը: