Գործադիր տնօրենը հիմնադիր տնօրենին «քցել է» 


 

Վստահություն, հավատ, ազնվություն... Անշուշտ, գեղեցիկ բառեր են, մեր կյանքը, մարդու ապրելու և արարելու ձգտումը իմաստավորող հասկացություններ: Տարիներ առաջ հավանաբար հենց այս հավատով էր առաջնորդվել վարդենիսցի գործարարը, երբ իր հիմնադրած ընկերության ղեկն ամբողջությամբ, առանց դույզն-ինչ կասկածի, վստահել էր ծանոթին` քաջ իմանալով, որ նա փորձառու մարդ է բիզնեսում, և նրա շնորհիվ իր ձեռնարկած գործն էլ հաջողություն կունենա և ծաղկում կապրի: Իսկ ծանոթը, որը համապատասխան հրամանով անմիջապես ստանձնել էր հիմնարկության գործադիր տնօրենի պաշտոնը, իրոք «փորձառու» էր: Դրանում օրերս մեկ անգամ ևս համոզվեցին իրավապահները` արձանագրելով, որ խարդախության դրսևորումներն ու խարդախման մեխանիզմները ոչ միայն տարբեր են, այլև վերջ ու սահման չունեն: Այդ բազմադեմ հանցատեսակը շարունակում է նոր դիմակներով երևալ հանրությանը:

Վարդենիս քաղաքում գրանցված ընկերություններից մեկի հիմնադիր տնօրենն օրերս ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին և պատմել գլխին եկածը: Ոստիկանութ յան ծառայողների ուսումնասիրությամբ պարզվել է, որ տվյալ ընկերությունը 2010-2012 թվականներին` շուրջ երկու տարի, իր գործունեությունն իրականացրել է Երևան քաղաքում: Այդ ընթացքում 40-ամյա գործադիր տնօրեն Ս.-ն, չարաշահելով հիմնադիր տնօրենի վստահությունը` վերցրել է ընկերության եկամուտները` ընկերությանը պատճառելով ոչ ավելի ոչ պակաս` շուրջ 50 մլիոն դրամի նյութական վնաս:

Ս.-ին հայտնաբերելու առաջին փորձերը հաջողություն չեն ունեցել: Ոստիկանները ներկայումս անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկում «միլիոնատիրոջը» հայտնաբերելու և միլիոնները օրինական տիրոջը վերադարձնելու ուղղությամբ: