Ցուցահարթակի նոր աստղը 


 

72-ամյա չինացի Լյու Սյանպինը կարողացել է մրցակցել բազմաթիվ նշանավոր թոփ-մոդելների հետ և միանգամից մեծ ճանաչում ձեռք բերել:

Քանի-քանի «աստղացուներ» այդպես էլ անհայտ-անճանաչ են մնում` իրենք իսկ չմտածելով, թե որքան բարետես են: Լյուն ընդամենը ցանկացել է օգտակար լինել սկսնակ մոդելագործ թոռնուհուն: Աղջիկը բարեկազմ մանեքեն էր որոնում` իր հավաքածուի շնորհանդես կազմակերպելու: Ու հանկարծ նկատել է, որ 168 սմ հասակ և 50 կգ քաշ ունեցող պապի չափերը պարզապես իր որոնածն են:

Մեկեն հանրահռչակ դարձած Լյու Սյանպինն ամբողջ կյանքում ուսուցիչ ու ֆերմեր է եղել մի խուլ գյուղում: Ու մի երեկո հագել է թոռնուհու ձևավորած հագուստները, թոռնուհին էլ կատակով լուսանկարել է պապին` կանացի հագուստ «ցուցադրելիս» և նկարները տեղադրել է համացանցում: Այն հետաքրքրել է շատերին և հազարից ավելի կարծիքներ են գրառվել: Քննադատություններ են հնչել` որ այդ տարիքում չարժե «այդպիսի հիմարություններով» իրեն ծիծաղելի դարձնի: Բայց Լյուն քննադատությանը հումորով է վերաբերվում և ասում, որ ինքը հրաշալի ժամանակ է անցկացնում` թոռանն օգնելով: