Եղջերուն հրապուրվել էր ծխախոտով 


 

Հենց այդպես` ինքը հրապուրվել էր, բայց երկու ամերիկացիներին ստիպել էր լրջորեն մտածել, թե ինչու պետք է հրաժարվել արատավոր այդ սովորույթից:

Տեխասի նահանգի Ուայթհաուս քաղաքի բնակիչներ Կոուլ Կելլիսը և Ջոզեֆ Ռոուզը հուզմունքից մի պահ համրացել են, երբ ետնամուտքից իրենց բակ է մտել ամենաիսկական մի եղջերու: Հետո սթափվել ու շտապել են շոյել նրան: Բայց խորամանկ «որսը» նրանց ձեռքն ընկնելու ցանկություն չուներ, ու հենց տղամարդիկ դուրս են եկել տնից` անակնկալ հյուրին գտնելու, եղջերուն աննկատ նորից բակ է մտել… Ետ վերադառնալով, Ջոզեֆը հազիվ հասցրել է բացել իր մեքենայի դուռը… Նույն պահին եղջերուն պոզահարել է նրա կողը: Կոուլը հասցրել է խցկվել բեռնախցիկում, իսկ անտառեկ հյուրը սողոսկել է մեքենայի առջևի նստելատեղ և բացել Ռոուզի սիգարետի տուփը:

Մինչ գազանը տարվել էր ծխախտով, «դեպքի վայր» են հասել անասնաբույժներն ու ոստիկանները, ցնցված տեխասցիները հասցրել էին նրանցից օգնություն խնդրել: Կենդանուն վնասազերծել հաջողվել է էլեկտրացնցման միջոցով` թույլ չտալով, որ նա ծամի սիգարետները (գրել է The Huffington Post-ը):

Մարդկանց արատավոր բարքերը, ուրեմն, նաև կենդանիներին կարող են հրապուրել: