Մեղավորության զգացումն  օգնում է կազմակերպիչ լինել 


 

Ոչ թե նշանակովի կամ ընտրախաղերով ընտրված պաշտոնյա, այլ շրջապատում հեղինակություն վայելող, հանուրի վստահությանն արժանացած «կառավարիչ»` նույնիսկ անկախ տվյալ անձի զբաղեցրած դիրքից:

Ամերիկյան գիտնականներն ապացուցել են, որ իրենց զանցանքների կամ արարքների համար ինքնախարազանումի հակված մարդիկ, որպես կանոն ակտիվ են կոլեկտիվներում և գերազանց կազմակերպիչներ են լինում: Ամոթի զգացումը, կամ ամաչելու ունակությունը թերևս ընդհանրություններ ունի մեղքի զգացումի հետ, բայց իրականում դրանք տարբեր են (գրել է BBC-ն):

Ստենֆորդի բիզնեսի դպրոցից գիտնական Ռեբեկա Շաումբերգը որոշել էր հասկանալ, թե ինչու են ոմանք կամավորաբար ստանձնում կոլեկտիվում միջոցառումներ կազմակեր պելու, աշխատանքային ընկերների ծննդյան օրերը նշելու, նրանց համար նվերներ գնելու պատասխանատվությունը և չեն շտապում գործից հետո արագ տուն գնալ: Հետազոտող ները գտնում են, որ նման մարդիկ իրենց մեղավոր կզգան, եթե այդպես չվարվեն: Նրանց մեղքի զգացումը բխում է ուրիշների հանդեպ իրենց պատասխանատվությունից:

Շաումբերգը դժվարացել է գտնել միայն 1 հարցի պատասխանը. ո՞ւմ հանդեպ են նրանք իրենց մեղավոր զգում:

Մեկ այլ գիտնական էլ` Քարնեգի-Մելոն համալսարանի հոգեբան Տայա Կոենը զուգահեռներ է գտել մեղավորության զգացմունքի և էթիկայի միջև: Իրենց վարմունքի կամ անտարբերության համար մեղքի զգացում ունեցող անձինք, որպես կանոն հազվադեպ են անբարո արարքներ կատարում` ի տարբերություն սեփական վրիպումներն ու սխալները սովորական երևույթ համարողների: Ավելին, նրանք նախապես ձեռնպահ են մնում, իրենց զսպում են` թույլ չտալու այնպիսի արարք, որի համար հետո զղջալու են:

Կոենը համոզված է, որ մեղքի զգացումը սեփական անվայելուչ պահվածքի արձագանքն է, իսկ ամոթը` դժգոհությունն ինքն իրենից, մասամբ նաև` ինքնանսեմացման հետևանք:

- Ի տարբերություն մեղավորության զգացմունքի (որը մարդուն ստիպում է վերլուծել իր արարքները ու նախապես կանխել սխալները)` ամոթը սաստկացնում է վիճակը: Ամոթխած մարդը ձգտում է միայն թաքցնել անվայելուչ արարքը, այլ ոչ թե ուղղել սխալը,- ընդգծում է Կոենը: