Շքեղության, կեղտաջրի և առողջ մանուկի մասին


Նոյեմբերին խորհրդարանում երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունվեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը ստացել է Շքեղության հարկ անվանումը: 1,5 տարի առաջ խորհրդարանում շրջանառության մեջ դրված օրենքը բացի թանկարժեք մեքենաներից ներառում էր նաև առանձնատներ, բնակարաններ և այլն: Իսկ նոր ընդունվածում շքեղություն են համարվում միայն 100 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ մեքենաները: Օրենքը գործողության մեջ կմտնի 2012թ. հունվարի 1-ից: ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի կարծիքով, այս օրենքը բյուջեի մուտքերը կհամալրի 1 մլրդ դրամով: Ըստ նախարարի` Հայաստանում այդպիսի մեքենաները մի քանի հազար են: ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ կառավարությունը խոստացավ, որ հաջորդ տարի օրենքում լրացում կարվի, և այն կտարածվի նաև ունեցածքի այլ թանկարժեք բաղադրիչների վրա: Կարելի է ասել, որ «Շքեղության հարկի մասին» օրենքի ընդունումը մեզանում սոցիալական արդարության առումով պահանջված է, անգամ` ուշացած. ցանկանում ես և հնարավորություն ունես, ասենք` «Բենթլի» մակնիշի թանկարժեք մեքենա վարել` քո իրավունքն է: Բայց կան նաև սոցիալապես անապահով մարդիկ. ուրեմն` բարի եղիր վճարել քո շքեղության համար: Սակայն տարակուսանքի տեղիք է տալիս հարկման ենթակա գնի շեմի սահմանումը` 100 հազար ԱՄՆ դոլար: Հավանաբար հայրենի կառավարությունը գտնում է, որ մեր կենսամակարդակն այնքան բարձր է, որ 100 հազար դոլարից պակաս, օրինակ` 70 կամ 80 հազար դոլար արժողությամբ մեքենաները մեզանում շքեղություն համարվել չեն կարող, և դրանց դիմաց Շքեղության հարկ վճարելը սոցիալական արդարության տեսակետից անարդար կլինի: Իսկ եթե հաշվարկենք, թե նվազագույն աշխատավարձով Հայաստանի Հանրապետության քաղաքացին քանի օր կարող է գոյատևել… Կոմունալ վարձերը չենք հաշվում` դրանք թողնելով Աստծո ողորմածությանը… Եվ ընդհանրապես այս օրենքն իր նշանակությամբ որքան էլ մարդասիրական բնույթ ունի, այնուամենայնիվ, առաջադրում է խնդիրներ, որոնք մեր ժամանակների արժեհամակարգի տրամաբանության շրջանակներում չեն տեղավորվում, բայց սերտորեն առնչվում են սոցիալական արդարությանը, որին, կարծես, կոչված է ծառայելու խնդրո առարկա օրենքը: Այսպես. 100 հազար դոլար արժողությամբ մեքենայի սեփականության դիմաց շքեղության հարկ սահմանելով` այս օրենքն արդյո՞ք ենթադրում է մեքենայի սեփականատիրոջը հասցեագրված հարցը, թե ինչպե՞ս է ձեռք բերվել այդ 100 հազար ԱՄՆ դոլարը: Կգտնվեն մարդիկ, ովքեր կարող է մեղադրեն այս տողերի հեղինակին` խորհրդային կարոտախտով տառապելու մեջ: Սակայն մոռանում ենք, որ հենց զարգացած ժողովրդավարական երկրներում էլ հատկապես թանկարժեք ավտոմեքենա ձեռք բերելիս` գինը բանկային փոխանցու մով է վճարվում, ինչը թափանցիկ է դարձնում մեքենայի գնման գործընթացը: Չմոռանանք այս հարցում թերևս ամենակարևորի` անձի ունեցվածքի և եկամուտների հայտարարագրի մասին: Մինչդեռ` չնայած Հայաստանի և´ առաջին, և´ երկրորդ նախագահների հրամանագրերին, ունեցվածքի ու եկամուտների մասին հայտարարագրերի ինստիտուտը մեզանում այդպես էլ գործնական կիրառություն չգտավ: Ինչո՞ւ: Չէ՞ որ օրենքը ոչ ոքի չի արգելում գործարարությամբ, ձեռնարկատիրությամբ զբաղվել և հարուստ լինել: Ինչպես ասում են` հենց այստեղ է «թաղված շան գլուխը». իշխանությունն ինքն է խոստովանում, որ մեզանում բիզնեսն ու իշխանությունը սերտաճած են, խորհրդարանում փոքր չէ գործարար պատգամավորների թիվը` թեև օրենսդրորեն պատգամավորն իրավունք չունի անձնապես զբաղվել գործարարությամբ: Ստացվում է` մեզանում հենց օրենսդիրներն իրենք են օրենսդրության առաջին խախտողները: Խորհրդային ժամանակահատվածում պաշտոնյաները թանկարժեք մեքենաները զոքանչների անունով էին ձևակերպում, մեր օրերում էլ այդ պրակտիկան գործում է, միայն մեքենաները փոխարինվել են սեփականության այլ` առավել լուրջ, եկամտաբեր ձևերով… Այն ժամանակ թեև եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելու պահանջ օրենսդրորեն չկար, այնուամենայնիվ, գործնականում, հարկ եղած դեպքում հետաքրքրվում էին, թե ինչ միջոցներով է տվյալ անձը ձեռք բերել այս կամ այն թանկարժեք ավտոմեքենան: Խորհրդային համակարգին հրաժեշտ տվեցինք` շատ դեպքերում հակաբնական օրենքներին էլ հետը: Բայց երբեմն թվում է` կեղտաջրի հետ միասին դեն ենք նետել նաև առողջ մանկանը…

Ա.ԴՈԽՈԼՅԱՆ