ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ` 530 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ


ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ծառայությունները հետաքրքիր տեղեկատվություն են տարածել` ընդգրկելով Հայաստանում մի շարք ոլորտների միջին աշխատավարձերը: Ըստ այդ տեղեկատվության, կրթության ոլորտի միջին աշխատավարձը կազմում է 77,2 հազար դրամ, մշակույթի աշխատողներինը` 41,1 հազար դրամ, պետական և քաղաքացիական ծառայութ յունների աշխատողներինը` 118 հազար դրամ, իսկ ահա բանկային համակարգում միջին աշխատավարձը կազմում է 530 հազար դրամ… Սա տարածաշրջանի ամենաբարձր միջին աշխատավարձն է, որը գերազանցում է Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի բանկային աշխատողների համար սահմանված միջինին: Արդյո՞ք սա մեր երկրի հարստության և սոցիալական բարեկեցության վկայությունն է: Եթե «մոռացության մատնենք» մյուս ոլորտների աշխատողների միջին աշխատավարձերի իսկապես խայտառակ պատկերը, ապա կարող ենք ասել, որ, այո, Հայաստանն առաջ է անցել շատերից և գրանցել սոցիալական այնպիսի աճ, որին կարող են նախանձել գոնե տարածաշրջանի երկրները: Սակայն երևութական այս սոցիալական աճը միայն մի ոլորտի պատկերն է ներկայացնում: Բայց նաև վկայում է, որ Հայաստանում բանկերը վերածվել են ամենակուլ հրեշների և իրենց սահմանած բարձր տոկոսադրույքներով ապահովում են իրենց իսկ աշխատավարձերը` տնտեսության մեջ ձևավորելով անհամաչափություն, խոչընդոտելով գյուղատնտեսության, արդյունաբերության, սոցիալական այլ ոլորտների բարելավմանը: Տնտեսագետները հաշվարկել են, որ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ վարկային քաղաքականության մեջ կիրառվող տոկոսադրույքները ոչ թե խթանում, այլ կասեցնում են տնտեսության աճը, անհաղթահարելի շեմեր ձևավորում գյուղացիական տնտեսությունների համար… Գերակա է դարձնում անհասկանալի թղթաբանությունն ու քաշքշուկները: Բազմաթիվ օրինակներով կարելի է հաստատել, որ բանկերը ծառայում են ոչ թե փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, այլ` դրանց փոշիացմանը և դրանց հաշվին` խոշոր տնտեսվարողների շահույթների բազմապատկմանն են նպաստում: Ծանոթանալով հայաստանյան բանկային համակարգին և այնտեղ արմատավորված աշխատաձևերին, եվրոպական և ամերիկյան փորձագետները տարակույսներ են հայտնել, որ հայաստանյան բանկերի սահմանած տոկոսադրույքները խիստ ինքնաբավ են, դրանք միայն նպաստում են բանկերի ու դրանց աշխատակիցների հարստացմանը, սակայն ոչ երբեք` տնտեսության և բանկերի սերտակցումին: Իսկ սա արդեն վտանգավոր իրավիճակ է: Ժամանակն է, գուցե, որ երկրի կառավարությունն ու Ազգային ժողովը հոգ տանեն բանկային հստակ օրենսդրության մշակման, բանկերին գերիշխող դիրքից զրկելու և նրանց գործունեությունն արդյունավետ դարձնելու մասին: Այլապես արդեն եկող տարի բանկային համակարգում միջին աշխատավարձը կարող է գերազանցել 600 հազար դրամը` ի հաշիվ մեր տնտեսության ավերման…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ