ԻՆՔՆԱԱՐԴԱՐԱՑՈՒՄ.


ԵՎ ՈՉԻՆՉ ԱՎԵԼԻ Փոքր հույսերը, թե հայրենի քաղաքական դաշտը Ամանորը կդիմավորի որոշակի կամ գոնե տեսանելի ձևաչափերում ընդգրկված, այլևս հեռու է իրողության վերափոխվելու հավանականությունից: Ասել է թե` դեռ տարեսկզբից խմորվող թեժ աշունն իր բոլոր նախընտրական-դաշինքային հեռանկարներով այդպես էլ միս ու արյուն չստացավ: Ընդ որում, ինչպես միշտ, շահեկան դիրքում չկարողացավ հայտնվել հատկապես ընդդիմությունը, քանի որ եթե իշխանությանը հաջողվեց հերթական-ընթացիկ տարվա հետ բոլոր գործերը բարեհաջող ավարտել, ապա արմատականների «պայքարի» հետևանքները և ներկա կարգավիճակը դարձյալ կարելի է մեկ բառով անշարժություն բնորոշել: Մասնավորապես 2006-ին նույնպես նրանց ոչ մի կերպ չհաջողվեց կարևորագույն երկու խնդիր լուծել` միավորվել և առաջիկա ընտրությունների հնարավոր ընտրակեղ ծիքները կանխելու գործուն մեխանիզմներ գտնել: Այսպես, վստահորեն կարելի է պնդել, որ միասնաբար ընտրություններին մասնակցելու հավանականությունն անցնող ամիսներին է°լ ավելի անհուսալի դարձավ: Դիցուք, եթե տարեսկզբին նշված խնդրի հանգուցալուծումն ավելի անորոշ էր, ապա ներկայիս որոշակիացումը նույնպես խոստումնալից չէ: Դժվար չէ նկատել արդեն իսկ ուրվագծվող այն մի քանի նախընտրական դաշինքները, որոնց հաջողության հասնելու հույսերը փոքր են, հավակնությունները` մեծ: Արդյունքում, եթե արմատականները քվեարկության գնան երկու-երեք ուժերի միավորող 4-5 դաշինքով և մի այդքան էլ միայնակ պայքարող ընդդիմադիր կուսակցություն ներով, ապա չափազանց դժվար է կանխատեսել, թե որքան հիասթափեցնող կլինեն ԿԸՀ ամփոփիչ արձանագրությունները: Համենայն դեպս, ներկայում արդեն ակնհայտ է, որ լայնընդգրկուն «Արդարություն» դաշինքի կրկնօրինակը վերափորձարկելու տարբերակը գրեթե բացառված է: Խոշոր քաղաքական միավորում ստեղծելուն անշուշտ խոչընդոտելու են նաև արմատականների հիմնական լոկոմոտիվների բացահայտ անհամատեղելիությունն ու նախընտրական նորանոր շահերի ֆոնին առաջանալիք նոր տարաձայնություններն ու հակասությունները, ինչու չէ, նաև գնալով կարևորվող արտաքին կողմնորոշիչների հանդեպ եղած հակասական մոտեցումները: Ինչևէ, արմատականները գոնե արտաքուստ լավատես են և համոզված, որ ընտրությունների արդար լինելու դեպքում, անկախ գծագրվող ձևաչափերից, ապագա խորհրդարանում իրենք պատրաստ են և կարող են մեծամասնություն կազմել: Նման հայտարարություններին չի խանգարում նույնիսկ այն ինքնախոստովանությունը, թե արդար ընտրությունների դեղատոմսը իրենցից և ոչ մեկը դեռևս չի հայտնաբերել: Ստացվում է այսպես. «Կհաղթեինք, եթե քվեարկությունը չկեղծվեր»: Ծանոթ սցենար է. այսինքն ամեն ինչ տանում է դեպի 2003-ի անցած, բայց այդպես էլ չմոռացվող իրադարձությունների կրկնությանը: Իսկ եթե ավելացնենք, որ ասվածին էլ հաջորդում է հեղափոխությամբ իշխանափոխության հասնելու սցենարի հավանականության մասին թեմայի քննարկումները, ուրեմն կարելի է պնդել, որ միավորվելը կամ թափանցիկ քվեարկությունը արմատականների համար վաղուց արդեն երկրորդական է դարձել: