Գաղափարական պայքար` հանուն դրամանիշերի


Թեժ քաղաքական գարնան ու աշնան մասին այլևս խոսողներ չկան: Հիմա բոլոր նրանք, ովքեր խորհրդարանական ու նախագահական ընտրությունների շունչն արդեն զգում են, սկսել են խոսել գաղափարական պայքարի անհրաժեշտության մասին: Այս երևույթը բավականին արտառոց դրսևորումներ է ստանում այսօր, երբ դեռ չի եկել նախընտրական պայքար ծավալելու բուն ժամանակը, և նախապատրաստությունները ընթանում են տեսական հարթություններում: Գաղափարական պայքարն, անշուշտ, քաղաքական դաշտի անբաժան ատրիբուտ է: Բայց այնքան ժամանակ, երբ դեռ քաղաքական դաշտում, գոնե տեսանելի ու կանխատեսելի ժամանակահատվածի համար, չեն առանձնացել լիդերները, և նրանց միջև քաղաքական պայքարը չի վերածվել ռազմավարական ու մարտավարական մրցակցության: Իսկ լիդեր կարելի է համարել այն կուսակցություններն ու ուժերը, որոնք ռեալ հնարավորություն ունեն գալու իշխանության: Դժվար թե որևէ մեկը լրջորեն պնդի, որ հստակ ու շատ այլ կուսակցություններից էապես տարբերվող գաղափարաբանություն ունեցող կոմկուսը առաջիկա ընտրությունների արդյունքում կարող է ժողովրդի գերակա քվե ակնկալել: Եվ բնավ ոչ այն պատճառով, որ պառակտված ու ֆինանսապես սնանկ է Հայկոմկուսը: Այլ այն պարզ տրամաբանությամբ, որ ոչ ոք գլոբալացող աշխարհում ուղղակի թույլ չի տա, որ Համաշխարհային բանկի և միջազգային արժութային հիմնադրամի մշակած տնտեսական քաղաքականությունը իրագործող, Եվրամիության «նոր հարևանության», ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ», ՆԱՏՕ-ի և հազարումի այլ ծրագրերում ընդգրկված երկրում կտրուկ քաղաքական շրջադարձեր կատարվեն: Եվ, որ ամենակարևորն է, այս տրամաբանությունը հասկացել ու ընդունել են ոչ թե միայն քաղաքական դաշտի բոլոր խաղացողները, որոնց մեջ չկա գեթ մեկ ո°չ ժողովրդավար ու եվրոպական արժեհամակարգը հրապարակայնորեն մերժող ուժ, այլ նաև ժողովուրդը` վաղվա ընտրողը: Գլոբալացող աշխարհի թելադրած խաղի կանոններով առաջնորդվելու պարտադրանքը գուցե ամբողջովին գիտակցված էլ չէ: Սակայն ժողովրդավարությունը, շուկայական տնտեսակար գը, անվերապահորեն որևէ մեծ ու հզոր երկրի վասալը լինելու և այս համընդհանուր կանոններով ապրող աշխարհից ոչ մի կերպ չանջրպետվելու անթույլատրելիությունը, մասնավորապես Հայաստանում, կյանքի նորմ է դարձել բոլորի համար: Ամենայն հավանականությամբ, 2007 թվականի ամռանը, խորհրդարանի նոր կառուցվածքով պայմանավորվող կառավարության մեջ դարձյալ մեծամասնություն կունենան Հանրապետակա նը և ՀՅԴ-ն: Այսուհանդերձ, ոչ մի դեպքում ապագա կառավարությունը չի կարող լինել միայն ազգային բուրժուազիայի շահերի պաշտպանը կամ իրագործել նժդեհական-տարոնական գաղափարաբանություն` ինչպիսին է լիբերալ-պահպանողական ՀՀԿ-ն: Ոչ էլ Դաշնակցությունը հնարավորություն կունենա իր սոցիալ-ազգայնական գաղափարաբանության վրա խարսխված կառավարության գործունեության ծրագիր կամ գոնե տարեկան բյուջե ընդունել, առավել ևս դրսևորել իր հեղափոխական ու հայտնի չափով մարտական կեցվածքը անգամ Արցախի հիմնախնդրի լուծման գործում: Եթե առաջիկա ընտրություններում անվիճարկելի հաղթանակ տանի «Ազգային միաբանությունը» կամ ՀԺԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը» կամ «Օրինաց երկիրը», միևնույնն է, պետության արտաքին քաղաքական առաջնահերթություններում, տնտեսավարության կարգում ու անգամ ներքաղաքական դաշտի համամասնություններում շրջադարձային փոփոխություններ պարզապես չեն կարող լինել: Նման բան գլոբալ աշխարհի սահմանած կարգով ապրող երկրում ուղղակիորեն թույլատրված չէ: Իհարկե, եթե ինչ-որ հրաշքով իշխանության գա «Առաջադիմական ազատական» ՆԱՏՕ-ապաշտ կամ ծայրահեղ արևմտական «Օրինաց երկիր» կուսակցությունը, Հայաստանը շատ արագ, Վրաստանի նման, բացարձակ ու ամբողջական կախվածության մեջ կհայտնվի արևմտյան աշխարհից, ապա կդառնա գլոբալ ընդհանրության աննշան կցորդ: Այս ուղին մշտապես է խրախուսվում Արևմուտքից: Փոխարենը, հակառակ ընթացքը որևէ ուժի իշխանության դեպքում բացառված է: Եվ եթե այդպես է, էլ ինչ իմաստ ունի միջկուսակցական գաղափարների պայքարը: Պարզվում է, միայն իրարից ինչ-որ բանով տարբերակվելու և ընտրողին յուրովի ներկայանալու, բայց ո°չ իշխանության գալուց հետո նախանշած ծրագիրը իրագործելու համար: Այս առումով, թերևս, «Բարգավաճ Հայաստանը» ճիշտ էլ անում է, որ տուկի թել ու կարտոֆիլ բաժանելուց, բարեգործություններ անելուց, ժողովրդին դուր գալուց ու այդ մասին երգեր հնչեցնելուց բացի, ուրիշ ոչինչ չի ձեռնարկում` մանավանդ գաղափարական հարթությունում: Շատ ողբալի ու միաժամանակ զավեշտալի է նման ֆինանսական հնարավորություններ ու երբևէ իշխանության գալու ներուժ չունեցող կուսակցությունների` ԱԺԿ-ի, ԱԺԴ-ի, ՀՌԱԿ-ի ու մանր-մունր այլ խմբակ-ակումբների վիճակը: Ժողովրդին ճանաչելի դառնալու համար նրանք մեկը մյուսի հետևից ցնորական ֆանտասմագորիայի սահմանին ընդհուպ մոտեցող` պետության կառուցվածքի ուտոպիստական նախագծեր են մշակում: Իսկ ուտոպիան, ինչպես հայտնի է, տեղ չունի իրական կյանքում: Գլոբալացող աշխարհի համար անհանդուրժելի այս ծրագրերի համապատկերին, օրինակ, Հովհաննես Հովհաննիսյանի ՆԱՏՕ-ական ու ԱՄՆ-ական նկրտումները խիստ արդիական են, բայց նույնքան անիրագործելի գոնե մեր երկրում: Բանն այն է, որ Հայաստանում չկա նման հասարակական-պահանջարկ և համակիր-գաղափարակիրների բանակ, իսկ Արևմուտքը երբեք հակված չէ զուր տեղը ժողովրդին որևէ բան հարկադրել, երբ առանց դրա էլ հոյակապ կարելի է ուզածն անել: Ընդհանրապես, նաև հարկ չկա արձանագրել, որ Հայաստանի հանրային կյանքի հետազոտմանը ու հասարակական կարծիքի միտումները բացահայտելուն ուղղված բոլոր սոցիոլոգիական հարցումները, անգամ կեղծվածներն ու նենգափոխվածները, չեն գրանցել ժողովրդավարության ու արևմտյան արժեքների նկատմամբ հասարակական կամ խմբային գերակա վստահության ցուցանիշ: Սա հենց այնպես, ի գիտություն ՕԵԿ-ի, որ իր դեմագոգիկ պոպուլիզմը կառուցի ժողովրդի համար առավել ընկալելի ու ընդունելի հիմնասյուների վրա: Հատուկ ուշադրության են արժանի արտաքին ծագում ունեցող «Քաղաքացիական նախաձեռնությունների» բլոկի մեջ ընդհանրացող շարժումները: «Հակակրիմինալ շարժմանը» փոխարինելու եկած «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը ՀՀՇ-ի քառատված հատվածներից մեկի պարզ PR պրոյեկտն է: Նպատակը` ՀՀՇ-ի արատավոր էությունը մոռացության տալը և ժողովրդի ցավով տապակվողի համարումով քաղաքական լուսանցքից ելք գտնելն է: Բայց ակնհայտ է, որ ԱՄՆ-ի հայկական բոլոր համայնքներին իր` դիվանագետին անհարիր թուլություն ներով հայտնի Ալիկ Արզումանյանի, 1996-ին իր ընկերներին լքած ու ժողովրդից պարզապես ճողոպրած Կարապետ Ռուբինյանի, ամեն ինչ վաճառելու, նորից գնելու ու ավելի թանկ վերավաճա ռելու տաղանդ ու գաղափարի նշույլ չունեցող Վահան Շիրխանյանի հետևից կարող են գնալ միայն այն բախտախնդիրները, ովքեր քաղաքացիական կեցվածք մերժելու հաստատուն սովորություն ունեն ու ոչ մի կերպ չեն կարող քաղաքացի մնալ առանց շահի: ԱԺՄ-ի և «Ժառանգություն» քաղաքացիական շարժումը առանձնակի ամորֆ ու անգաղափար ձեռնարկ է, և կարելի է ընկալել որպես առաջիկա քաղաքական զարգացումների ընթացքում միասին ինչ-որ բան անելու պատվերի անհաջող կատարում: Սակայն, ըստ ամենայնի, բավարար ֆինանսական օժանդակություն ու այլոց սցենարները տապալելու գործառույթ խոստացող այս շարժումը ինքնին հասարակական ու քաղաքացիական մեծ վտանգ է պարունակում: Բանն այն է, որ անորոշությամբ ու ազդեցիկ գործիչներով քվեատուին քաղաքականապես էլ ավելի մոլորեցնելու միջոցով էապես կկրճատվի ընտրություններին մասնակցության ցուցանիշը: Քաղաքացու ամենակարևոր ժողովրդավարական պարտականությունը կատարելու համար արհեստական արգելքներ առաջացնող այս մեխանիզմները Արևմուտքը կիրառում է այն երկրներում, որտեղ լարվածություն է պետք ստեղծել` ժողովրդավարության որևէ գույնի դրոշ հեղափոխական ճանապարհով ներմուծելու համար: Ներքաղաքական համապատկերը նախընտրական պրիզմայով դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ բնականոն քաղաքական զարգացումների ընթացքով իշխանության գալու հնարավորություն չտեսնող ուժերը ուղղակիորեն փորձելու են խաթարել հենց քաղաքական զարգացումների ընթացքի բնականոնությունը: Ժողովրդավար ու արևմտյան արժեքների կրող երևալու համար նրանք իրենց անձիշխանական կուսակցական խմբակի իշխանության համար մղվող պարզ ու ուղղամիտ պայքարին փորձելու են գաղափարական ենթատեքստ հաղորդել: Գլխավոր նպատակը, սակայն, ինչ-որ մեկից արտաքին քաղաքական պատվեր ստանալն է` համապատասխան մեթոդական, ծրագրային, դիտորդական ու, որ ամենակարևորն է, ֆինանսական օժանդակությամբ: Բանաձևելու պարագայում ստացվում է` ինքնանպատակ գաղափարական պայքար հանուն դրամանիշերի:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ