Բնակիչն, այնուամենայնիվ, չի° սպասարկվում


Արձագանքելով մեր թերթի N 41-ում տպագրված «Չի թանկացել, ուղղակի հստակեցվել է» հոդվածին (գազի ներտնային սպասարկման վճարների մասին), «ՀայՌուսգազարդի» տարածքային ստորաբաժանումներից մեկի աշխատակիցները հարկ համարեցին տեղեկացնել, որ գազի ներտնային սպասարկման հարցում վիճակը այնքան էլ հարթ չէ, ինչպես ներկայացրել է լիցենզավորված գործունեության և ներդրումային ծրագրերի վարչության պետ Միքայել Ջալալյանը: Խնդիրն այն է, որ տարածքային տեսուչները հիշյալ ձեռնարկության ոչ թե սպասարկման, այլ իրացման բաժնի աշխատողներ են: Հետևաբար, նրանք գազօգտագործման անվտանգությունն ապահովելու համար չունեն անհրաժեշտ հմտություն ու որակավորում: «ՀայՌուսգազարդը» նրանց ստիպում է աշխատանքային պայմանագիր կնքել` պայմանագրում ներառելով նաև այս պարտավորությունը: - Այդ աշխատանքները մեզ նման անփորձ մարդկանց պարտադրելը հղի է ամենածանր հետևանքներով և° մեր, և° բնակչության համար,- ասացին հասկանալի պատճառով ներկայանալ չցանկացող մեր զրուցակիցները: Նրանք իրենց դժգոհությունը հայտնեցին նաև «սպասարկման ամբողջ ծավալ» հասկացության դեմ, որի մեջ մտնում է նաև ծխատարների մաքրումը: - Մենք այդ մրոտ ու կեղտոտ աշխատանքը չենք կարող և չենք կատարի: Մինչև հիմա դրանով հրշեջներն են զբաղվել, թող նրանք էլ շարունակեն: Մեր հարցին` «Դուք ձեր երկո՞ւսի կարծիքն եք հայտնում, թե՞ բոլորի», նրանք պատասխանեցին, որ իրենց տեսակետը պաշտպանում են գրեթե բոլոր տեսուչները` բացառությամբ մեկ-երկուսի: Հ. Գ. Տեսուչների բարձրացրած հարցը իրոք մտահոգիչ է: Փաստորեն, սպառողներին պարտադրվող ներտնային սպասարկման համակարգը ձևական է` նախևառաջ` անվտանգության առումով: Սակայն դա չի խանգարում, որ, չսպասարկվելով հանդերձ, բնակչությունը ստիպված է վճարել բավական բարձր գին: Վճարել` ոչ միայն չստացած ծառայության, այլ նաև սեփական կյանքը վտանգելու համար: Ակնկալում ենք «ՀայՌուսգազարդի» և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերաբերմունքը` օրախնդիր այս հարցի վերաբերյալ:

Գ. ԱԲԳԱՐՅԱՆ