Վերջին քառօրյա


կամ` հրաժեշտ «թատերաբեմին » Խորհրդարանական այս աշունն էլ չտարբերվեց նախորդներից, ու հերթական պաղ հոսանքները մթնոլորտային բարձր ճնշման առկայությամբ ձմռան նախերգանքը երգեցին` ուր կրկնված էին հրաժեշտի խոսքերը բոլոր: Հերթական քաղաքական շոուն անգամ լրագրողներին չի հետաքրքրում: Եվ զուր է պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը փորձում հակադարձել գործընկերներին և ի լուր թամաշայասերների` հայտարարել. - Իմ մանդատը դուք չեք ինձ տվել, այլ` ժողովուրդը: Հարգարժան պատգամավորը, թերևս, այդ պահին մոռացել էր, որ ինքը Ազգային միաբանության ցուցակով է եկել խորհրդարան, ու ժողովուրդը երևի չի էլ իմացել, որ ցուցակում այդպիսի թեկնածու կա (ի՞նչ հոգ, թե արդեն դուրս է եկել ԱՄ խմբակցության կազմից): Ի դեպ, մերթընդմերթ խորհրդարանում երևացող Հակոբ Հակոբյանը (Էջմիածնից) երեքշաբթի օրը կրկին այստեղ էր: «Ավանգարդի» հարցին, թե վերջին իրադարձությունները չե՞ն ազդել արդյոք իր հեղինակության վրա և նոր խորհրդարանական ընտրություններում կրկին դնելո՞ւ է իր թեկնածությունը, պատգամավորը ինքնավստահ պատասխանեց. - Եթե ընտրողների 90 %-ը իր ձայնը ինձ չտա` ես կհանեմ իմ թեկնածությունը: Իհարկե, դրվատելի է, երբ մարդն իր խոսքի տերն է: Հատկապես, երբ այդ խոսքը վերաբերվում է ժողովրդին, ու ժողովուրդն էլ այլևս չի զարմանում քաղաքական թատերաբեմի տարաբնույթ սցենարներով... Խորհրդարանական կրակահերթ Հայտարարությունների ժամը փոքր-ինչ շիկացրեց խորհրդարանի մթնոլորտը: Պատգամավոր Մհեր Շահգելդյանի բարձրագոչ կոչին հետևեց նրա կուսակից ընկերոջ` Հեղինե Բիշարյանի բոցաշունչ ելույթը: Ոչ հեռու անցյալում իշխանություն ներկայացնող կուսակցության ներկայացուցիչը մանրակրկիտ վերլուծություն ներկայացրեց նախարարների եկամուտների վերաբերյալ: Ըստ այդ վերլուծության, Տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը ունի 200.000 ԱՄՆ դոլար եկամուտ, Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը` 40.000 ԱՄՆ դոլար, Տարածքային նախարար Հովիկ Աբրահամյանը` 32.000 ԱՄՆ դոլար, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` 10.000 ԱՄՆ դոլար, Սերժ Սարգսյանը` 1 մլրդ ԱՄՆ դոլար: Ըստ միջազգային վերլուծաբանների, ՕԵԿ-ականները շուտով կհատեն վերլուծաբանների մրցույթի նշաձողը իրենց ուսումնասիրությունների գունեղությամբ: Կարծում ենք, նմանօրինակ մեղադրանք-«բացահայտումներն» այս անգամ գոնե անարձագանք չեն թողնվի: Եվ ոչ միայն` ԱԺ ամբիոնից բանավոր հերքումով:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ