ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


ՕԵԿ լրատվականից հայտնում են «Գարդիան» թերթում կարդալով Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը, անգլիացիները այնքան են հիացել նրա կուսակցությունով, որ տեղի-անտեղի ասում են Օ¯Ե°: Մեթյու Բրայզայի տրտունջը - Էդ լուսամուտը փակեք, սկվազնյակ ա: Հա°մ էն կողմից ա քամի փչում, համ` է°ն: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության եզրակացությունը Հայ ժողովուրդը տառապում է ամնեզիայով: Ազգովի խնդրել են Լևոնին վերադառնալ քաղաքականություն, բայց ոչ մեկը չի հիշում այդ մասին: «Բժիշկներ առանց համոզմունքների» կազմակերպության հայտարարությունը Հայաստանում ո°վ էլ գա իշխանության` մեր համար մեկ ա, կարևորը` մենք լավ լինենք: Նոր ուսումնասիրություններ Քյավառագետների միջազգային ասոցիացիան պնդում է, որ Իտալիայի վարչապետը հայ է, այն էլ` քյավառցի: Այդ մասին է վկայում նրա ազգանունը, որը մի փոքր հնչյունափոխվել է` Բեռլուսկոնի-Բարլուս-կենե: ՀՀ Կենտրոնական բանկից հայտնում են Ի կատարումն ԱՀՌԾ պահանջի` շնչին հասանելիք օրական եկամտի քանակը հասցնել երեք ԱՄՆ դոլարին համարժեք դրամի, ԿԲ -ն որոշում է. դրամի փոխարժեքը 2007-ի ընթացքում 370-ից իջեցնել 150 դրամի: Արթուր Բաղդասարյանի զրույցը Սամվել Բալասանյանի հետ` «Ոսկե հորթը» կինոնկարի մոտիվներով - Միայն պոպուլիզմ, Շուրա, միայն պոպուլիզմ: - Ի՞նչ է պոպուլիզմը, կոմանդոր: - Դա այն է, ինչին մենք կարող ենք հասնել ........ից հետո, Բալագանո°վ: Քաղաքաշինությունը ևս քաղաքակրթություն է ՀՀ քաղաքների գլխավոր հատակագծերից որոնք իրենց դարն ապրել են, որոնք էլ եղած-չեղած մի հաշիվ է: Եվ, բնականաբար, նման գլխավոր հատակագծերը չեն կարող ծառայել որպես քաղաքաշինական փաստաթուղթ, որով նախանշվում է տվյալ բնակավայրի զարգացումը: Հայաստանի քաղաքները Կառավարության աջակցությամբ հերթով հատակագծվում են: Այս անգամ` ևս 13-ը: Որքան շուտ ունենա տվյալ բնակավայրը գլխավոր հատակագիծ, այնքան երաշխավորված է դրա ճիշտ կառուցապատումը, քաղաքաշինական նորմերին համապատաս խան զարգացումը: Շատ կարևոր է գլխավոր հատակագծի մեկ գործառույթ ևս. այն ծառայում է որպես համայնքի զարգացման հիմք: Ի վերջո, քաղաքն ինքը միջավայր է: Շրջակա միջավայր ասելով միայն բնությունը չպետք է հասկանալ: Մշակութային և ձեռակերտ միջավայրը շրջակա միջավայրի կարևոր բաղադրիչ են: Բնակավայրերի քաղաքաշինական զարգացումը կանոնակարգող էլ ավելի մանրամասն փաստաթղթեր են գոտիավորման նախագծերը: Քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանի դիտարկմամբ քաղաքաշինական նման փաստաթուղթը համայնքի ղեկավարի համար կարող է զսպաշապիկ լինել` կամայական, համայնքի շահերին հակասող որոշումներից հետ պահելու իմաստով: Այ, հիմա արդեն էլ ավելի հասկանալի է, թե ինչու են ուշանում Երևանի գոտիավորման նախագծերը, երբ գլխավոր հատակագիծն արդեն մեկ տարի է` ասպարեզում է: Եվ քանի դեռ այդ նախագծերը չեն կազմվել, որոնցով կչափավորվեր ոմանց ախորժակը, կսահմանափակվեին իրավունքները, առայժմ կշարունակվի Երևանի անօրեն-անճոռնի և այդպիսով` անխիղճ կառուցապատման բուռն ընթացքը: Եվ ոչ թե քաղաքի կառուցապատումը կհարմարեցվի հատակագծին, այլ հատակագիծը` արդեն կառուցվածին: Որովհետև «գոտիավորում իրականացնելիս պետք է փաստից ելնել»: Վերջացավ: Դրանից հետո ով որքան ուզում է, թող աղմկի: Միակենտրոնացումից` ապակենտրոնացում Մենք ժառանգել ենք միակենտրոն համակարգ: Մեր երկրում բնակեցումը բալանսավորված չէ: Երևանը Հայաստանի ամենախիտ բնակեցված բնակավայրն է: Լավ է, որ մյուս քաղաքները թեթև են բնակեցված, սակայն մյուս կողմից, քաղաքաշինական թույլ յուրացումն էլ մի բան չէ: Բնակավայրեր ունենք` իսկը Թումանյանի «Սուտլիկ որսկանի» հանգույն: Ապակենտրոնացման, մայրաքաղաքը բեռնաթափելու մասին վաղուց է խոսվում, սակայն վաղուց էլ միակենտրոնությունը հաղթահարելու ուղղությամբ ոչինչ չի արվում: Ներդրումները` Երևանում, ծրագրերը` Երևանում, ջահելները կասեին` կյանքը` Երևանում: Էլ մարզում մա՞րդ կմնա: Գալիս են ու գալիս` այդ «մեռյալ» կյանքից փախչելու, Երևանում աշխատանք գտնելու ու հիմնավորվելու հաստատ որոշմամբ: Մարդկային հոսքի դեմն առնող չկա: Հիմա էլ քաղաքաշինական զարգացումների հետ են հույսեր կապվում. ներդրումներն ուղղել մարզեր, վերհանել համայնքների գրավչությունը, հմայքը... Հայտնի կենդանու, գարնան ու յոնջայի մասին ասացվածքը այստեղ ճիշտ իր տեղում է: Առանձնահատուկ քաղաքներ Ամեն բնակավայր իր առանձնահատկությունն ունի. բնակլիմայական պայմաններ, տեղանքի գրավչություն, զբոսաշրջության զարգացման հնարավորություններ, պատմամշակութային արժեքներ: Առանձնահատուկ քաղաքներ են համարվում Գյումրին, Գորիսը, մասամբ Աշտարակը: Գյումրին իր Կումայրիով տեղով առանձնահատուկ միջավայր է, և քաղաքաշինական որևէ ծրագրի իրագործումը չպետք է խաթարի այդ միջավայրը: Ինչպես տ-կն Ալավերդյանը, մենք էլ ենք հույս փայփայում, որ Կումայրին կվերականգնվի` չնսեմացնելով եղածը: Քաղաքաշինական սխալներն անուղղելի են Փոխնախարարը դրական է համարում Գյումրիի կառուցապատումը` միաժամանակ նշելով, որ այստեղ էլ այն ընթանում է քաղաքաշինական նորմերի խախտմամբ: Երևանին տանջող ցավը` քաղաքաշինական չափորոշիչներին չհամապատասխանող, քաղաքաշինական միջավայրը չլրացնող կառուցապատում: Ներկա կառուցապատման գնահատականը թողնելով ճարտարապետներին` արժե խոսել ժամանակին թույլ տրված մի սխալի մասին: Իսկ քաղաքաշինական սխալներն, ինչպես գիտենք, անուղղելի են: Ի՞նչ իմաստ ուներ, քաղաքի կենտրոնը թողած, ծայրամասում բնակելի թաղամաս հիմնել` այդպիսով բզկտելով քաղաքը: Այդ սխալի մասին այսօր իրենք` ճարտարապետներն են խոսում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքից կտրված թաղամասը կառավարելու, նորմալ կենսապայմաններ ապահովելու ձեռքը կրակն են ընկել: Էլ չասենք, թե ինչպիսի մեծ սխալ էր (մանավանդ հողապակաս Հայաստանի համար) գյուղատնտեսական նշանակության հողերը դնել կառուցապատման տակ, ինչպես դա արվեց Մուշ թաղամասում: Մասնագետները փորձեցին սթափության կոչել այդ «ղալաթն» անողներին, սակայն ինչ-որ բան կառուցելու ազարտի մեջ հետերկրաշարժյա տարիներին ոմանց սթափ դատողությունը մթագնել էր: Նորօրյա կանոնակարգումներ Քաղաքապետարանը քաղաքային տնտեսությունը ոլորտ առ ոլորտ կանոնակարգելու երթ է սկսել: Հերթը առևտրի և սպասարկման ոլորտին է հասել: 2008-ին քաղաքը կունենա կանոնակարգված առևտուր և սպասարկում: 2006 թվականը 90 թվականը չէ 90-ականները կրպակների տեղադրման տարիներ էին, որը` օրենքով, որը` ինքնակամ: Եկել է ժամանակը պարզելու` արդյո՞ք դրանք գործում են իրավական դաշտում, փաստաթղթային անհրաժեշտ ձևակերպումներով: Եկել է նաև ժամանակը` խնդիրը դիտարկելու քաղաքաշինական նկատառումներով: Ահա այսպիսի հիմնավորումներով է քաղաքապետարանը սկսել դրանց հաշվառումը: Հաշվառված 6700 կրպակներից առայժմ կանոնակարգվածի կարգավիճակ ունեն մայրաքաղաքի 13 պողոտաներում և փողոցներում տեղադրված 386 կրպակներ: Վերոնշյալ նկատառումներին չհամապատասխանողները երկու ճակատագիր ունեն` կամ արդիականացվել, կամ ապամոնտաժվել: Երկրորդը տխուր երանգ ունի: Մարդը զրկվում է իր բիզնեսից, որով մինչև այդ իր ապրուստն է հոգացել: Առևտրի և սպասարկման վարչության պետի բնորոշումը, սակայն, բոլորովին այլ է. «ապամոնտաժման դեպքերը բոլորովին չեն առնչվում սոցիալական խնդրի հետ»: Այ, սա դժվար է հասկանալ, ո՞ր մի կրպակատերն է, որ ոչ թե բիզնեսի համար է աշխատում, այլ, ասենք, հաճույքի: Այն կրպակ-տաղավարները, որոնք տեղադրված են նորմալ տեղում (իսկ որոշողներն ովքե՞ր են), նորմալ իրավական ձևակերպումներով (ձևակերպողները նույնպես) և ենթակա չեն ոչ արդիականացման, ոչ ապամոնտաժման, քաղաքապետարանի հետ խնդիր կունենան, եթե ոչ այսօր, ապա վաղը, իսկ ավելի ստույգ` 2015 թ.: Դրանց գործունեության «մանգզիլը» մինչև 2015 թվականն է, իսկ այդուհետ բոլոր ժամանակավոր կառույցները համարվելու են պետության սեփականությունը: Գևորգյանի խոսքով, կրպակատերերն ուրախ են, որ քաղաքապետարանը թույլ է տալիս արդիականացվել: Արի ու գլուխ հանիր` ինչի՞ համար են ուրախ: Որ իրենց միջոցներով կառուցել են, իրենց միջոցներով արդիականացնում են և հետո նվիրում պետությանը. «Ես սարքեմ, պետություն, դու վայելիր»: Ցեմենտի փոշին շնչենք, մինչև տեսնենք` ինչ կլինի Որ շինարար ազգ ենք, ոտքներս վերցնում, տեղը մի բան կառուցում ենք, հո չի՞ նշանակում, թե ողջ քաղաքը` մայթ ու փողոց, շինանյութով պիտի լցվի: Մեր քաղաքում հենց այդպես է, թեև քաղաքապետարանը բնակելի տարածքներից սահմանված հեռավորության վրա շինանյութերի առևտուր չկազմակերպելու մասին որոշում ունի, սակայն ինչպես ասում են, սպասարկումն օրեցօր ավելի է մոտեցվում սպասարկվողին: Քաղաքապետարանը ինքն էլ կրակն է ընկել սնկի պես աճող շինանյութերի խանութների ձեռքը. էսօրվա հաշվառումը վաղն անիրական է դառնում: Իսկ ո՞ւր է նշված որոշման համաձայն մինչ այդ իրականացված հսկողության արդյունքը: Պատշաճ հսկողության դեպքում շինանյութերի վաճառքի նոր կետեր չէին բացվի կամ էլ չէին բացվի այդպիսի թափով և առատությամբ: «Ժամանակ է պետք, սպասել է պետք»,- խորհուրդ է տալիս ոլորտի կանոնակարգման պատասխանատուն: Այսինքն` առայժմ շնչիր տանդ դիմաց, քթիդ տակ պարկերը լցվող և վաճառվող ցեմենտի, ավազի և այլնի փոշին, մինչև տեսնենք` ինչ կլինի: Լավ պատասխան է, խոսք չկա:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ