Հուշ-ցերեկույթ


Ամեն տարի նոյեմբերին մեծ շուքով անցկացվում է Վաղարշապատի Ռ. Պատկանյանի անվան N 9 դպրոցի քաջարի ազատամարտիկներին նվիրված հուշ-ցերեկույթ: Ինչպես ամեն մի ծնող սրտի թրթիռով ու կարոտով սպասում է երեխայի ծննդյան տարելիցին` մտերիմների, բարեկամների, հարազատների հետ տոնելու, այնպես էլ դպրոցի տնօրենը` Վարուժան Հայրապետյանը, ծնողական վեհ զգացումներով ու մեծ սիրով, դեռ շատ ջահել, սակայն հայրական հպարտությամբ անցկացրեց իր հերոս ազատամար տիկ-սաներին, նրանց հավերժող կյանքին նվիրված հավաքույթ: Այդ օրն է ծնվել Ռուզաննա Եսայանը, ով նույնպես առանց վարանելու մեկնեց կռվի դաշտ: Հայ արծվուհին անօրինակ սխրանքներ գործեց, փրկեց իր քաջորդի եղբայրների կյանքը, սակայն նրա ջահել կյանքի թելը կտրեց թշնամու դաժան գնդակը: Եթե մի ազգ ունի Սոսե դարձած ռուզաննաներ, նա անմահ է: Եվ այսօր, կռվի դաշտում փրկիչ հրեշտակ դարձած հայուհու ծննդյան օրը, անուն առ անուն հիշվում են այն հերոս դարձած առյուծ զավակների անունները, որոնք իրենց արյան գնով ազատություն տվեցին մեզ` ողջ մնացածներիս: ...Այդ հերոսները` մի դպրոցից... Դա արդեն ապացույցն է այն բանի, որ Վարուժան Հայրապետյանի և նրա ուսուցչական կոլեկտիվի ջանքերը վեհ ու հզոր զգացումներ են առաջացրել ու առաջացնում են այս դպրոցից ներս մտնող ամեն մի աշակերտի մեջ, ովքեր դեռ տարրական դասարանից պատրաստ են հայրենիքը սիրել ու պաշտպանել, իսկ եթե ժամանակը գա, կյանքը հայրենիքին նվիրել: Այսօր, ցերեկույթի ժամանակ, իրենց հայրենասիրական ելույթներով հանդես եկան 6-րդ «ա» (դասղեկ` Հասմիկ Գրիգորյան) դասարանի աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիամ Լևոնյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ: Լևոնյանը ոչ միայն դասավանդում է մեր` դարերի խորքից եկած լեզուն, ոչ միայն ուսուցանում է աշխարհահռչակ, անվանի հայ գրողների ստեղծագործությունները, այլև մայրական ջերմ սիրով ու նվիրվածությամբ է մոտենում ամեն մի աշակերտի: Սաների շուրթերից հնչած յուրաքանչյուր բառ սեր էր հայրենիքի, ընկած ազատամարտիկի, հույսի խոսք` ծնողի նկատմամբ: Այս կոլեկտիվը այնքան համերաշխ ու համախմբված է, որ ինչ էլ կազմակերպեն, պետք է մեկը մյուսին օգնեն, խորհուրդներ տան, որոնց աջակցում են նաև ուսմասվարներ Գ. Միքայելյանը և Մարկոսյանը: Ելույթ ունեցան նաև դպրոցի ամենափոքրիկ սաները (ուսուցչուհի` Վարդանյան), որոնք հետ չմնացին իրենց ավագ ընկերներից: Փառք ու պատիվ ընկած ազատամարտիկների հիշատակը վառ պահող այս դպրոցի համերաշխ ուսուցչական կոլեկտիվին: Եվ այս քաջարի հերոսամարտիկների օրը հիշելու, նշելու հիմքը դրել է Էջմիածնում պատմության անվանի ուսուցիչ Լազեր Հայրապետյանը:

Ջուլիետա ԴԱՎՈՅԱՆ