ՀԱՎԱՏ ԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ


Արմավիրի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Գագիկ Կարապետյանի հետ մի քանի րոպե զրուցելուց հետո, եթե չասի էլ, կհասկանաք, որ գործ ունեք երկրապահի, հող ազատագրած մարտիկի հետ: Նրա ամբողջ կեցվածքը ուժ և հանգստություն է ճառագում: - Մի առիթով պատմեցիք, որ մանկուց երազել եք ռազմական օդաչու դառնալ, սակայն Ձեր կենսագրությունը թերթելիս տեսա, որ զինվորական կրթություն չունեք և բանակ եք եկել ֆիդայական շարժման ալիքով: Նախ ուզում եմ իմանալ, թե ինչպե՞ս էր ծնվել ռազմական օդաչու դառնալու երազանքը և ինչո՞ւ այն չիրականացավ: - Պապերս Ալաշկերտից են: Առաքել պապս ծնվել էր Մանգասար գյուղում, սեփական աչքերով տեսել ջարդը: Ես դաստիարակվել եմ պապիս խրատով, պապիս զրույցներով: Պատմում էր ու պատմում, ասում էր` Մանգասարը մեկ անգամ էլ տեսնեմ, նոր մեռնեմ: Ուրեմն` ջարդի ժամանակ Արազն անցել էին, եկել Արևելահայաստան: Հետո, երբ եկել էր ցորենը ցանելու ժամանակը, հետ էին գնացել, ցանել էին, բայց կրկին ստիպված էին եղել փախչել: Մինչև կյանքի վերջին օրը պապս ախուվիշ էր անում, թե` ցորենն անքաղ մնաց: Պաշտում էր Անդրանիկին: Մենք գիտեինք, որ Անդրանիկը նրա թուլությունն է, ու երբ փոքր էինք, խաղում էինք պապիս հոգու հետ. Անդրանիկը լավ մարդ չէր` ասում էինք: Պապս խաղաղ, հավասարակշիռ մարդ էր, բայց երբ Անդրանիկին էինք կպչում, կատաղում էր, կոպալն առնում էր, որ խփի. «Ես ձեր տիրու պապ...»` հայհոյում էր էրգրի բարբառով: Ես շատ էի տպավորվում պապիս պատմություններից, գիշերը, քնելուց առաջ վերապրում էի այդ ամենը` ջարդը, կռիվները, փախեփախը... Ասես սեփական աչքերով էի տեսել, ասես ինձ հետ էր կատարվել: Չգիտեմ` կանխազգացո՞ւմ էր, թե՞ ցանկություն. միշտ մտածել եմ, որ պատերազմ է լինելու, ու մենք ազատագրելու ենք մեր հողերը: Ես երազում էի գրոհել երկնքից` որպես ռազմական օդաչու: Երբ սկսում էի պատերազմական ֆիլմեր նայել, ոչ մի ուժ ինձ չէր կարող պոկել հեռուստացույցից: - Նման երեխաները կռվարար են լինում, անհանդուրժող, բռնկուն: - Չէ, խաղաղասեր երեխա էի, երբեք կռիվ չէի հրահրում, թեև ուժեղ էի: Գնում էի ըմբշամարտի, հաղթում էի մրցույթների ժամանակ: Բայցևայնպես հաճախ էի ներքաշվում կռիվների մեջ, պաշտպանում էի ընկերներիս: Դպրոցում շատ լավ էի սովորում, օրինակելի աշակերտ էի, և ուսուցիչներն ինձ շատ էին սիրում: Կոմերիտմիության քարտուղարն էի, սիրում էի զանազան միջոցառումներ կազմակերպել, դպրոցականներին տանում էի Ծիծեռնակաբերդ, արշավի, էքսկուրսիայի: Բոլոր միջոցառումների կենտրոնական դեմքն էի: Ես շատ էի ցանկանում զինվորական դառնալ, երազում էի ընդունվել ռազմական ինստիտուտ, սակայն ծնողներիս պատճառով հրաժարվեցի այդ մտքից: Միակ եղբայրս ի ծնե հաշմանդամ է, և ես չէի կարող նրանց թողնել առանց խնամքի և օգնության: Գերազանցիկ էի, բայց դպրոցն ավարտելուց հետո չցանկացա որևէ բուհ դիմել, իմ երազանքը զինվորական ասպարեզն էր, որից հրաժարվելով` մի տեսակ կոտրվեցի, թերացա: - Փաստորեն, Արցախյան պատերազմն իրականացրեց Ձեր երազանքը: - Քսանչորս տարեկան էի, երբ շարժումն սկսվեց: Միանգամից մտա այդ հորձանուտի մեջ, հետո զորագրվեցի հատուկ գնդի Արմավիրի վաշտին: Շատ թեժ կետերում եմ կռվել, երկու անգամ վիրավորվել եմ: - Պատերազմից որևէ դրվագ պատմեք, որն ավելի խորն է տպավորվել: - Առաջադրանք էինք ստացել փակել Կուբաթլու-Կոռնիձոր ճանապարհը (Շուշիի ճակատամարտի օրերին էր): Ցուրտ օր էր, անձրև էր գալիս, մինչև ոսկորները թրջվել էինք: Կանգնել էի պոստի, տղաները 5-6 հոգով բարձունքից 20 մետր ներքև էին իջել, որ կրակ վառեն, տաքանան: Հանկարծ շատ մոտիկից շրխկոց լսեցի, մտածեցի` կենդանի է, կրակեցի, որ փախչի, նույն պահին տարբեր կողմերից, շատ մոտ տարածությունից բազմաթիվ կրակակետեր ուղղվեցին դեպի ինձ: Հասկացա, որ թշնամին աննկատ մոտեցել է: Նետվեցի խրամատ ու հանկարծ տեսա, որ 7-8 թուրք գալիս են դեպի ինձ: Միայն մեկ միտք կար ուղեղումս` գերի չընկնեմ: Մոտ կես ժամ կարճ կրակահերթերով պաշտպանվեցի: Բայց երբ թուրքերն ընդհուպ մոտեցան, հասկացա, որ պիտի արագ կողմնորոշվեմ` միակ նռնակով ի՞նձ եմ պայթեցնելու, թե՞ նետելու եմ թշնամու վրա: Թուրքերից մեկը գոռաց` հանձնվիր: Հանձնվում եմ` պատասխանեցի, նետեցի նռնակն ու կրակահերթի տարափի տակ վազեցի դեպի ընկերներս: Տղաներից մեկն ասաց` շուրջդ նայիր. տեսնեմ` բոլոր կողմերից 50-60 թուրք ավտոմատները պահած մոտենում են մեր 5-6 հոգանոց խմբին: Երբ մահն այլևս թվում էր անխուսափելի, տղաները օգնության հասան, մի խոսքով` փրկվեցինք: - Ինչի՞ մասին էիք մտածում այն ժամանակ, երբ ոհմակը շուրջկալ էր արել, ու մահը կարծես թե անխուսափելի էր: - ... Կյանքի: - Ի՞նչ վերցրեց պատերազմը ձեզնից և ի՞նչ տվեց: - Պատերազմը տարավ ընկերներիս, խլեց երիտասարդությունս, առողջությունս, տվեց ազատագրված հայրենիք, հաղթած ժողովուրդ, հպարտ երկիր: Տվեց ինքնահարգանք, խղճի հանգստություն, արժանապատվություն: - Փաստորեն, պատերազմից հետո մնացիք Զինված ուժերում: Եվ ի՞նչ ծառայություն եք կատարել մինչև Արմավիրի զինվորական կոմիսար նշանակվելը: - Սկսել եմ ջոկի հրամանատարից, եղել եմ դասակի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալ, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատարի տեղակալ: Արմավիրի զինվորական կոմիսար եմ նշանակվել 2005-ին: - Ի՞նչն է ամենակարևորը զինկոմիսարի աշխատանքում, և ո՞րն է հաջողության առաջնային պայմանը: - Զինկոմիսարը պետք է մոտ լինի ժողովրդին, վստահելի լինի, հարգանք ու սեր վայելի: Ես ծնվել, մեծացել ու մինչ օրս ապրում եմ Արմավիրի Բամբակաշատ գյուղում: Շատ լավ գիտեմ արմավիրցուն, նրա բնավորությունը, հոգսերը, խնդիրները, ցանկությունները, քանի որ ինքս նույն հողուջրի մարդն եմ: Արմավիրցիները ճանաչել են ինձ դեռևս զինկոմիսար նշանակվելուց շատ առաջ` որպես ազատամարտիկ, հաճախ եմ շփվել ժողովրդի հետ երկրապահ կամավորականների միության կազմակերպած միջոցառումների ժամանակ: Մեր հարաբերությունները պաշտոնյայի և քաղաքացու հարաբերություններ չեն, այլ նույն հոգսով ապրող հայրենակիցների: Իմ դռները միշտ բաց են արմավիրցիների առաջ: Երբ ինձ դիմում են, հաշվի չեմ առնում` խնդիրն ի՞նձ է վերաբերում, թե՞ ոչ, հնարավորության սահմանում օգնում եմ: Ամենակարևորը երկուստեք հավատն է ու վստահությունը: - Ի՞նչ խնդիրներ կան այսօր զորակոչին վերաբերող: - Ես կուզեի, որ հիվանդ զինակոչիկների թիվը ավելի քիչ լիներ, մտավոր մակարդակի բևեռացումը նվազեր, ու բոլոր զինակոչիկների համար զինծառայությունը ոչ թե պարտք լիներ, որը կատարում են բարեխղճորեն, այլ ներքին մղում, պատիվ, խանդավառություն: - Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին: Նաև ուզում եմ պատմեք, թե ինչպես ամուսնացաք: - Երեսուն տարեկանում եմ ամուսնացել: Ծնողներս էնքան էին ասել` ամուսնացիր, հոգնել էի: Մի օր էլ իմ հրամանատարն ու մարտական ընկերս` Ռուստամ Գասպարյանը, եկավ մեր տուն, սկսեց խոսել, համոզել: Որ շատ հոգիս կերավ, ասացի` մեր պայմանագրային զինծառայողներից մեկի աղջկան մի անգամ տեսա, դուրս եկավ: Ռուստամ Գասպարյանը կպավ, թե` վեր կաց գնանք ուզելու: Ասում եմ` մի անգամ եմ տեսել, հետը ոչ մի բառ փոխանակած չկամ: Ասում է` ոչինչ, ես ճանաչում եմ, լավ ընտանիք են: Մի խոսքով` գնացինք, ուզեցինք, նշան դրեցինք: Այդպես ամուսնացա: Ու հիմա շատ լավ ընտանիք ունեմ, երեխաներ: Տղաս ինձ նման չէ, շատ չարաճճի է, ասում է` զինվոր եմ դառնալու: - Գուցե իրականացնի Ձեր երազանքը` ռազմական օդաչու դառնա: - Տա Աստված: Շատ ընկերներ ունեմ: Սիրում եմ նրանց հետ ժամանակ անցկացնել: Սիրում եմ թերթ կարդալ, հեռուստացույցով լրատվական ծրագրեր նայել, իրազեկ լինել աշխարհի անցուդարձին: - Իսկ աշխարհում ամենից շատ ո՞ւմ եք սիրում: - Մայրիկիս... - Կպատմե՞ք: - Մորս անունը Մանուշ է, շատ ծանր կյանք է ունեցել: Հայրը 42-ին զոհվել է Հայրենական պատերազմում, 49-ին մորս, տատիս, էրզրումցի Աղունիկ պապիս, երկու մորաքույրներիս աքսորում են Ալթայի երկրամաս: Այդ ժամանակ մայրս մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի է լինում: Աքսորավայրի դաժան պայմաններից բոլորը մահանում են: 1956 թ. մայրս երկու քույրերի հետ վերադառնում է Հայաստան: Շարունակում է սովորել, խնամում է քույրերին, ամուսնացնում է: Մայրս այդքան ցավ ու վիշտ տեսնելուց հետո կարողացել էր պահպանել հոգու լույսը, բարությունը, կանացի մեղմությունը: Հայոց լեզու և գրականություն էր դասավանդում, շատ պատվախնդիր, առաքինի ու հայրենասեր կին էր, իսկական մանկավարժ` էությամբ ու կոչումով: - Ո՞րն է Ձեր մեծ երազանքը: - Ես ալաշկերտցու և էրզրումցու զավակ եմ: Նման դեպքում հայը միայն մի երազանք է ունենում:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ