ԱՊՐԵԼՈՎ ՀԱՂԹԵԼ ԿԱՄ ԳՈՐԾ ԱՆՈՂԻՆ ԳՈՐԾ ՉԻ ՊԱԿՍԻ


Կան մարդիկ, որ ամենափոքր առիթի դեպքում սկսում են արտասվել, արցունքախեղդ անելով ցավի զգացումը, կորստի դառնությունը, մեղադրում են ճակատագրին, շրջապատին, հանգամանքներին, թշնամիներին, բայց, մեկ է, դրանով ոչ ցավն է ամոքվում, ոչ կորուստն է վերադառնում: Եվ միևնույնն է, մնում են պարտված: Մարդիկ էլ կան, որ ցավին ու կորստին դիմակայում են ապրելով, աշխատելով, շարունակելով հեռացածների հիշատակը վառ պահել, նրանց կիսատ երազանքներն իրականացնել… Վերջիններիս թվում է մեր պատմության հերոսը` սովորական հայ մի տղամարդ` Թորգոմ Աշոտի Եղիազարյանը: Ասացի Թորգոմ ու շփոթվեցի, ախր ծննդավայրում ու ընկերների շրջապատում այդ անունով դժվար թե ճանաչեն նրան: Եթե չհաշվենք աշխատանքային պաշտոնական հաշվետվությունների հետ առնչվողներին և գյուղապետարանի աշխատակազմին, չէ ՞ որ արդեն չորրորդ անգամ է ընտրվել գյուղական ավագանու անդամ: Իսկ առօրյա կյանքում Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղում, և ամենուր, ուր նա ընկերներ ու ծանոթներ ունի, Արթուրին ճանաչում են, սիրում, գնահատում որպես լավ ընկեր, ընտանիքում` լավ որդի ու հոգատար հայր, սիրող եղբայր ու ամուսին: Ցավոք, նրա առաջին սերը` Ռուզաննան, զոհվեց 1988-ի դեկտեմբերի 7-ին: Ինքնակամ զոհվեց, ինչպես կաներ ամեն իսկական մայր` ստույգ մահից փրկելով օրորոցում անխռով ննջող որդուն: Երկամյա աղջկան տնից դուրս էր հանել ու վազելով հետ դարձել տղայի բարուրը տանելու… Տեսնելով առաստաղի վայր ընկնող բետոնասալը, հասցնում է մարմնով ծածկել օրորոցը: Երբ հարազատները հասան տուն` օգնելու, տեսան` մոր կրծքի տակ կենդանի է մանուկը: Այդ մանուկը` Աշոտը, հիմա Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է, իսկ քույրը` Սաթենիկը, ավարտել է Վանաձորի բժշկական ուսումնարանը, մանկաբարձի մասնագիտությամբ, ամուսնացել է և տղա ունի: Հայրը միշտ ջանացել է` երեխաներն ամեն ինչով ապահովված լինեն, չզգան ոչ սիրո ու հոգատարության, ոչ էլ նյութական պակասություն: Ամուսնացել է մի հմայիչ հայուհու հետ` Սիրուն անունով, ում նույնպես իր այդ փաստաթղթային անունով չեն ճանաչում, բոլորի համար նա Լեյլի է, որ շատ ջահել` միանգամից երկու զավակի մայր դարձավ, փոխարինեց նրանց կյանք պարգևող մորը և ինքն էլ երկու զավակ ունեցավ` Արմեն և Ռուզաննա: Նրանք դեռ դպրոցական են, լավ են սովորում ու թեև դեռ չեն կողմնորոշվել` ինչ մասնագիտություն ընտրել, միևնույնն է, ծնողները պատրաստ են օգնել նրանց` ամենից առաջ լավ մարդ դառնալու հարցում: Քանզի սոցիալական բարվոք վիճակից շատ ավելի կարևոր է հասարակության հարգանքին ու վստահությանն արժանի լինելը: Իսկ Արթուրը դրան հասել է, իհարկե, ոչ այնքան հեշտ: Աշխատել և աշխատում է դեռ տասնյոթ տարեկանից: Սկզբում վարորդ, բանակից հետո` բանվոր ֆաբրիկայում, արտագնա աշխատանքի էլ է մեկնել: 90-ականների կեսերին հիմնադրեց «Ռուզաննա» ՍՊԸ-ն, աներորդին ու հորեղբոր տղան էլ օգնեցին հունի մեջ ընկնել: Առևտուրը սկզբում եկամուտ չէր բերում, «մինուսով» էին աշխատում, բայց նպատակից չհրաժարվեց: Հետո քիչ առ քիչ, ինչպես պետության մեջ, իր անձնական գործում էլ սկսեց կարգավորվել, և առաջընթաց ապահովվեց: Բացի խանութից, որ գյուղի մասշտաբով է մեծ համարվում, կանոնադրությամբ թույլատրելի այլ գործերով էլ է զբաղվում, երբ ժամանակն ու հնարավորութ յունը ներում են: «Հարկայինի հետ ազնի՞վ ես, ուրեմն քեզ ոչ ոք չի խանգարի լավ աշխատել, բնական է, նաև լավ ապրել»: Այս խորհուրդը նա տալիս է նրանց, ովքեր նոր են ուզում իրենց գործը դնել: Ինքն` օրինակ, հասցնում է զբաղվել բարեգործությամբ. պատահել է ամբողջ թաղամասի անվճարունակ ընտանիքների էլեկտրականության կուտակված վարձերի պարտքերն է մուծել, պարբերաբար հովանավորում կամ աջակցում է միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառումներ` ամանորյա հանդեսներ, վերջին զանգի հրաժեշտի խնջույքներ, մի քանի տարի, սկսած 1999-ի տարեմուտից` կազմակերպում է տոնածառի բացօթյա հանդեսներ, և իհարկե, նվերներ բաժանում փոքրիկներին Ձմեռ պապի անունից: Լուռ ու առանց ցուցադրանքի: Եվ այս ամենում նրան օգնում են արդեն մի ընտանիքի պես իրար հարեհաս փոքրիկ կոլեկտիվի անդամներ. չէ՞ որ այն, ինչ արվում է, արվում է համագյուղացիների համար: Մեր զրույցի պահին, հետաքրքիր զուգադիպությամբ, կրտսեր որդին` Արմենը, դպրոցից տուն մտնելով, դեռ դռնից հաղորդեց, թե «Պապ, մեր տասներորդցիներն այսօր որոշել են նամակ գրել քեզ ու գյուղապետին, որ Նոր տարվա դիմակահանդեսը հովանավորեք, կանե՞ս», Արթուրը զարմացավ` «Ե՞րբ չեմ արել»: Հետո դարձավ ինձ` «Էսպիսի բաների մասին արժե՞ գրել. դե, դրանք ի՞նչ բարեգործություններ են: Մարդիկ այնքան մեծ բաներ են անում»: Իսկ ինչո՞ւ չգրել, ամեն ոք իր ունեցածի չափով է տալիս: Կարևորը բարիք գործելու կարողությունն է: Շիտակ ասենք ` ամեն մի ընտանիքի համար բարեգործություն է թեկուզ և այն, հարգելի Արթուր, երբ ձեր խանութից դժվարին պահին մարդիկ կարողանում են ապառիկ մեկ - երկու պարկ մթերք տանել անգամ` հանապազօր հացից չզրկելով սոցիալապես անապահով ընտանիքին: Իսկ այդ ապառիկի ցուցակը շատ երկար է: Որովհետև ամեն ինչ անցողիկ է, վարն ու վերը` հարաբերական, իսկ ամենամեծ հարստութ յունը` բարի անունն ու մաքուր հոգին: Այդ հարստությունը ունի Արթուր Եղիազարյանը, մի մարդ, որի մասին կարելի է ասել` գործ անողին գործ չի պակսի: Իսկ արցունքներն ու տագնապները` թող սրտի մի անկյունում` հազար փակի տակ մնան… ՎԱՐՍԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ Ընտրված է վերելքի ճանապարհը Մանկավարժությունն ու դպրոցը ՆԱՐԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ համար ճակատագիր են: Իր կյանքի ճանապարհն սկսվել է այս դպրոցից (որպես աշակերտ) և այսօր էլ անցնում է այս դպրոցով (նախ` փոխտնօրեն, ապա` որպես տնօրեն): Ուսումնական տարվա նախաշեմին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թիվ 2 դպրոցում տնօրենի ընտրություններ էին: Իսկ ինչո՞ւ չառաջադրվել, երբ մարդն աշխատելու, դպրոց կազմակերպելու փորձ ու ջիղ ունի, արմատներն էլ մանկավարժության անդաստաններում են: Մարդկային և մասնագիտական հատկանիշները աննկատ չէին մնացել շրջապատի, նույն մանկավարժական կոլեկտիվի կողմից, ու թերևս այդ ամենի արժեվորումը ստացավ իր արտահայտությունը. տնօրենի թեկնածությամբ առաջադրվեցին մի քանիսը, ընտրվեց Նարինե Մուշեղյանը: Տնօրենի աշխատանքն սկսվեց «Վերջին զանգով»: Ձեռքից եկածն արեց, արածի մեջ հոգի դրեց, և առաջին իսկ միջոցառումը յուրատեսակ այցեքարտ դարձավ: Համայնքը տեսավ աշխատանքը, երեխան լսեց ծնողի գոհունակությունը, և անդրադարձը չուշացավ: Դպրոցից վարժարան տեղափոխված 30 աշակերտներ վերադարձան: Իսկ նոր ուսումնական տարում այս դպրոցից ոչ մի աշակերտ վարժարան չգնաց: «Սա արդեն ցուցանիշ է»,- գնահատում է Նարինե Մուշեղյանը: Իր աշխատանքի ամենամեծ գնահատականը համարելով աշակերտի և ծնողի ջերմ խոսքն ու վերաբերմունքը` տնօրենը վստահ է, որ դպրոցի վարկանիշն է°լ ավելի կբարձրանա, և կրթօջախը է°լ ավելի շատ աշակերտների կձգի դեպի իրեն: Բոլոր հաջողությունների մեջ մեր զրուցակիցը մեծ դեր է վերապահում մանկավարժական կոլեկտիվին: Իրենց գործին նվիրված, իրենց արածի կարևորության գիտակցմամբ աշխատող, իրենց կոչմանը հավատարիմ մարդիկ են: Ն. Մուշեղյանը նպատակ ունի դպրոցում ավտոգործի թեքում մտցնել: Գաղափարը ծնունդ է առել մի մտահոգությունից. տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, գյուղտեխնիկան բանեցնող չկա: Բա հասունացող տղաները` վաղվա տղամարդիկ, չկարողանա՞ն օգտակար լինել իրենց ընտանիքներին, համայնքին: Ավտոգործը, պարզվում է, պակաս հետաքրքիր չէ նաև աղջիկների համար: Հարցն արդեն վերին ատյաններում է: Տնօրենը հնարավոր առարկությունների պատասխանն էլ ունի: Գույք ու մեքենա՞ է պետք: Բեռնատար ունեն, մնացածն էլ կարելի է վարձակալել: Մի խոսքով` բարեփոխումներ, աշխատանք, ծրագրեր: Նորակառույց շենքի պահպանությունն էլ ուշադրությունից դուրս չէ: Ամենամտահոգիչը տանիքի կաթոցն էր: Իր անհանգստությունը փոխանցեց ծնողներին, ավագանու անդամներին: Համայնքը օգնեց: Տնօրենը հիմա էլ մտածում է մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ կառուցելու մասին: Հարկ է, որ նորակառույց, հարմարավետ, լոկալ ջեռուցմամբ դպրոցը նման կառույցներ նույնպես ունենա: Համայնքապետ Արծրուն Իգիթյանը խոստացել է այս հարցում էլ զորավիգ լինել դպրոցին: Օրը գա, բարին` հետը, Մուշեղյանը մտադիր է հանդիսությունների սրահն առայժմ դասասենյակներով փոխարինել: Երկհերթ ռեժիմից դպրոցը բեռնաթափել է հարկավոր: Այն բոլորովին էլ կրթանպաստ չէ: Իսկ ամեն ինչ դպրոցում պետք է ուղղված լինի կրթադաստիարակչական գործընթացի դրվածքի պահպանմանը: «Կարևոր եմ համարում դասալսումներին մասնակից դարձնել վաստակաշատ և երիտասարդ ուսուցիչներին` փորձի զուգակցման առումով»,- մեկնաբանում է տնօրենը: Վաստակաշատ ուսուցիչների վրա նա պարզապես դողում է: Ձեռքը չի գնա նրանց ազատել: «Ամենաակտիվ դասղեկներից են, ամենահետաքրքիր դաս պարապողներն են: Նրանց ներկայությունն իսկ` մանկավարժական փորձն ու տակտը օգնում են պահպանել այն բարոյական միջավայրը, որ երեխայի վրա բարերար ազդեցություն է թողնում, երեխան դաստիարակվում է նրանց կենդանի օրինակով»: Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների (ինչին տնօրենն իրավամբ մեծ կարևորություն է տալիս) առումով սա արդեն իսկ արժեք է: Դա այն հիմքն ու հենքն է, որի վրա կառուցվում է ողջ կրթադաստիարակչական գործընթացը: Ն. Մուշեղյանն առիթը բաց չի թողնում ուսուցիչներին հիշեցնելու-հորդորելու` երեխայի հետ շփումների մեջ մնալ մանկավարժին հատուկ բարձրության վրա, երբեք չվիրավորել նրան: Ուսուցիչը միայն սովորեցնող չէ: Նա նաև մշտապես պիտի սովորի: Կյանքն առաջ է ընթանում, նորի հետևից հասնել է պետք, նորին համընթաց քայլել է պետք: Լավ է, որ դպրոցի շատ ուսուցիչներ վերապատրաստման դասընթացներ են անցել: Վերազինվելու հերթը դասվարներինն է: Բազմաթիվ են նորընտիր տնօրենի ծրագրերը: Ուզում է ստեղծել հոգաբարձուների խորհուրդ: Ուզում է դպրոցը կապել աշխարհի հետ: Նոր տարուց հեռախոսակապը, ասել է թե` նաև ինտերնետ կապը կմտնի դպրոց: Մտադիր է ստեղծել փոստ: «Աշակերտը դպրոցից, ուսուցչից, ինչո՞ւ չէ, նաև ընկերոջից դժգոհություն ունի՞: Հնարավորություն տանք արտահայտել այն, կիսվել իր խոհերով»,- բացատրում է տնօրենը: Սահմանվել է «Օրինակելի աշակերտ» տիտղոս: Տիտղոսակիրը հայտնի կդառնա տարեվերջին և կարժանանա հատուկ պատվոգրի: Լավագույն աշակերտներին խրախուսելու ողջունելի միջոց: Մաղթենք, որ այս դպրոցում շատ լինեն և° օրինակելի աշակերտները, և° նրանց ոգևորելու գտնված միջոցները: Տնօրենը վստահ է դպրոցի հաջողությունների մեջ, քանզի առաջ քայլելու ճանապարհին մենակ չէ: Իր բոլոր նախաձեռնումներին աջակից է մարզի կրթության վարչությու նը, գյուղապետարանը: Կոլեկտիվն ու ծնողներն էլ թիկունք են ու թիկունք: ...Մենք միմյանց հրաժեշտ տվեցինք դպրոցի բակում: Բակի բարեկարգ, խնամված-հարդարված տեսքը լրացրեց զրույցից ստացած տպավորությունը: Տնօրենի խոսքը` դպրոցը բարձրացնելու հստակ շեշտադրմամբ, հավատ և հույս ներշնչեց:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ