ՄԻԱՅՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ


 

Արդեն մի քանի տարի է` Երևանի պետական համալսարանում ՀՀ կառավարության որոշմամբ «իրավագիտություն» և «միջազգային հարաբերություններ» մասնագիտություն ների գծով անվճար ուսումնառության տեղեր չեն նախատեսվում: Այս խնդրով զբաղվել է Մարդու իրավունքների պաշտպանը, որի գրասենյակն էլ ուսումնասիրություններ կատարելուց հետո հայտարարել է, որ նման որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և արդեն դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելու կառավարության գործունեությունը:

Ի՞նչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը` չգիտենք: Բայց մեզ հետաքրքրում է ոչ միայն կառավարության քայլի հակասահմանադրականությունը, այլև երևույթի բարոյական կողմը: Ինչպես իրավագիտության, այնպես էլ միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում գլխավորապես սովորում են մեծահարուստների և պաշտոնյաների երեխաներ: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսպես կոչված հասարակ խավերի ներկայացուցիչներ չկան: Այստեղ, բացի մեծահարուստների ու բարձրաստիճան պաշտոնյաների զավակներից, սովորում են նաև դիվանագիտական ծառայությունների մեջ գտնվող անձանց զավակները: Այսինքն, արհեստականորեն ձևավորվել է էլիտար ֆակուլտետ, բնականաբար նաև` էլիտար ոլորտ, որտեղ մուտք գործել չեն կարողանում սոցիալական առավել ցածր սանդղակին գտնվողների զավակները: Իրավաբանական ֆակուլտետում ևս սովորում են մեծահարուստների, պաշտոնյաների և դատաիրավական համակարգի ոչ շարքային ներկայացուցիչների երեխաները: Կառավարության, Կրթության և գիտության նախարարության հովանավորությամբ ու Պետհամալսարանի ռեկտորատի քմահաճությամբ, Հայաստանում կրթությունը դարձել է սոցիալական. որոշ մասնագիտություններ վերապահվել են միայն այսպես կոչված «արտոնյալների»` փակելով ճանապարհը բոլոր շնորհալի այն երիտասարդների առջև, ովքեր ունեն գիտելիքներ, սակայն չունեն ֆինանսական միջոցներ:

Հազիվ թե այսօր աշխարհում գտնենք մեկ այլ պետություն, ուր նման սոցիալական սահմանազատում լինի կրթության ասպարեզում: Իհարկե, Հայաստանն այս առումով կարելի է եզակի համարել, բայց` ոչ ընդօրինակելի: Մենք արդեն վարժվել ենք` բազմաթիվ նախարարություններում, գերատեսչություններում, Ազգային ժողովում տեսնելու պաշտոնյաների և ունևորների զավակներին: Համոզվել ենք, որ շարքային ծագում ունեցողների գիտելիքներն այսօրվա Հայաստանում գրեթե չեն գնահատվում. տարբեր պաշտոնների համար հայտարարված մրցույթներում հաղթում են պարտադիր կերպով ունևորների և պաշտոնյաների ժառանգները: Հաշվարկեցինք և տեսանք, որ մեր նախարարություններում աշխատողների մոտ 60 տոկոսը հենց նման մարդկանց զավակներն են: Դատաիրավական համակարգում վերջին տարիներին պաշտոններ ստացողների, դատավորներ նշանակվողների 75 տոկոսը հենց այդ համակարգի ներկայացուցիչների, ինչպես նաև արդեն հիշատակված սոցիալական խմբերի ներկայացուցիչներն են: Արդյո՞ք սա չի խոսում այն մասին, որ ուսումնա ռությունից սկսած` մեր երկրում շատերին հասկացնում են, որ իրենց ծնողների սոցիալական վիճակը թույլ չի տալիս այդ մարդկանց համապատասխան կրթություն ստանալ և զբաղվել մի գործով, որը սիրում են, նախընտրում են:

Երևանի պետական համալսարանի կառավարիչներից ոչ ոք չկամեցավ մեկնաբանել այս անհավասարությունն ու սահմանադրական նորմի խախտումը: Ոմանք վախեցան իրենց դեմ հանել կառավարությանը, ոմանք էլ` ինչպես հասկացանք, այս գաղափարի «ճարտարապետներից» են:

Լ.Մ.