ԱՐԺԵ´ ՔՆՆԱՐԿԵԼ


 

Ազգային ժողովը քննարկումներ է ծավալել 2013 թվականի պետական բյուջեի օրենքի նախագծի շուրջ: Հնչում են ամենատարբեր կարծիքներ ու գնահատականներ` գլխավորապես առաջարկություններ, դիտողություններ: Խորհրդարան եկող կառավարության անդամները կամ էլ նրանց կողմից պատվիրակված անձինք կարծես հասկացնում են պատգամավորներին, որ որևէ առաջարկություն չի ընդունվելու, որովհետև ամեն ինչ արդեն հաշվարկված ու որոշված է: Ստացվում է, որ ձևական քննարկում է, քանզի կառավարությունը պնդում է իր տեսակետները, որոնք այս դեպքում, կարելի ասել, արդեն կայացված որոշումներ են:

«Ավանգարդ»-ն այս անգամ իր «ամբիոնը» տրամադրեց մի մարդու, ով Հայաստանի նորանկախ պետության պատմության ամենաերկարակյաց վարչապետներից է եղել և ում տնտեսական ծրագրերն ու տնտեսագիտական վերլուծությունները հաճախ ենթարկվել են քննադատության: Խոսքը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի մասին է, ում մտքերից ոչ բոլորի հետ կարելի է համաձայնել, սակայն մտահոգությունները արժե քննարկել, որովհետև դրանք «օդից վերցված» չեն.

- Աժ-ում ընթանում են 2013թ. բյուջեի նախագծի քննարկումները: Ճիշտն ասած կառավարության անդամների նախնական բացատրություններից հետո այնպիսի տպավորություն ունեմ, որ այս փաստաթղթի ընդունումով է´լ ավելի է հայաթափվելու երկիրը: Բավական է ասել, որ չնայած 6.2% տնտեսական աճին` մենք 2013թ. 4-ից մինչև 5.5% ավելի վատ ենք ապրելու. տեղի է ունենալու իրական եկամուտների անկում այդ չափով: Ուրեմն, եթե 2012-ին Հայաստանն արդեն լքել է ավելի քան 100 հազ մարդ, ապա 2013-ին կլքի ևս 130 կամ 140 հազարը: Կառավարությունն ասում է, որ 2013թ. 107 մլրդ դրամով ավել է ծախսելու: Մի կողմ թողնենք, թե ինչո՞ւ է 107 մլրդ-ով ավելացել և ոչ թե 307-ով (ի դեպ, ճիշտ կլիներ ԱԺ-ում բյուջեի քննարկումներն սկսել եկամուտներից): Բա լավ, այդ 107 մլրդ-ից ինչո՞ւ գոնե մեկ դրամ չի գնում, օրինակ, կենսաթոշակների բարձրացմանը: Պարզվում է, որ մի 40 մլրդ դրամով ավելանում է արտաքին պարտքի սպասարկումը, և ինչ որ ծախսեր են ավելանում անվտանգության համակարգում ու ԿԲ-ում: Ի՞նչ եք անում այս ահռելի ստվերի հետ: Ֆինանսների նախարարն ասում էր, որ ստվերային տնտեսությունը ՀՀ-ում 35% է: Իսկ այն դիտարկմանը, թե 44,6% է եղել, ասաց, որ տասնորդականով ստվերային տնտեսություն չի լինում: Պարզվում է, որ լինում է, այն էլ ինչպես: Եվ այսպես, ՀՀ-ում ստվերային տնտեսությունը 51.7% է: Իր հերթին վարչապետն ասում է, որ 2013թ. բյուջեն (դրա հիմնական առանձնահատկությունը) սոցիալական է: Ինչպե՞ս կարող է սոցիալական լինել մի բյուջե, որի արդյունքում կենսամակարդակի առնվազն 5% անկում է լինելու: Երկրորդ, ինչքան հասկանում եմ, 2013-ին պետք է վերադարձնել 418 մլն դոլար` գրեթե 2 անգամ ավել, քան 2012-ին (ԿԲ-ի պարտքերն էլ պետք է հաշվի առնել): Վաղօրոք ասել էի, որ 2013-ի աշնանը կարող է դեֆոլտ լինել: Եվ ուրեմն կառավարությունը գտել է դեֆոլտ ցույց չտալու ձևը` կենսամակարդակի բացարձակ վատացում մինչև 5.5% և հարաբերական վատացում 11.7% (5.5 + 6.2): Երրորդ, այդ ո՞վ է միևնույն տարում համ կրկնակի վճարումներ կատարում արտաքին պարտքի մասով, համ էլ բյուջեի դեֆիցիտը կրճատում...

Անհեթեթ իրավիճակից խուսափելու համար չի կարելի թույլ տալ (ցանկացած գնով) դրամի արժևորում դոլարի նկատմամբ: Եթե սրա հետ կապված կան գնաճային ռիսկեր, ապա դրանք պետք է փոխհատուցել հակամենաշնորհային քայլերի, մոնոպոլիաների թուլացման և ներքին շուկայում մրցակցության ուժեղացման հաշվին: