ԱՇԽԱՐՀԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ


 

Երևի չէին սխալվում բոլոր նրանք, ովքեր պնդում էին, թե շատ շուտով աշխարհը մոռացության կտա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու փաստը, իսկ բազմաթիվ երկրներ էլ պարզապես կարհամարհեն կատարվածն ու չեն արձագանքի: Մենք արդեն տեսանք ու համոզվեցինք, որ աշխարհի շատ ու շատ երկրների, այդ թվում նաև մեր ռազմավարական որոշ գործընկերների համար, միջազգային մակարդակով կատարված անբարո քայլը շատ սովորական երևույթ է: Երկուշաբթի օրը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ազգային ժողովում հայտարարեց.

- Միջազգային հանրությունը համապատասխան արձագանքով արտահայտեց իր վերաբերմունքը Ադրբեջանի կեցվածքի վերաբերյալ: Չկա մի երկիր և կառույց, որը խստորեն չքննադատեց, և իր վրդովմունքը չհայտնեց այդ քայլի նկատմամբ. միակ չփոխված բանը անհրաժեշտությունն է, որպեսզի Հայաստանն ու եռանախագահները պարտադրեն Ադրբեջանին, որ ԼՂ հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի:

Ուզում ենք հարցնել մեր արտգործնախարարին` ո՞ր միջազգային հանրությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ Թուրքիան և Բելառուսը բացահայտ լռություն պահպանեցին: Եթե Թուրքիայի դեպքում միանգամայն հասկանալի էր նման պահվածքը, ապա Բելառուսը, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներ չեն անդրադարձել այդ հարցին: Բելառուսի հետ բարեկամություն են անում մեր շատ քաղաքական գործիչներ, այդ երկիրն իրեն Հայաստանի բարեկամն է համարում, սակայն չի կամենում գնահատական տալ կատարվածին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն էլ այն գնահատականը և այն ձևով չտվեցին, ինչպես հարկն էր: Միացյալ Նահանգները երևույթին անդրադարձավ Պետդեպի մակարդակով, Ֆրանսիայի նախագահն ու կառավարությունը, Սենատը լռեցին, միայն ամեն ինչ արվեց արտգործնախարարության միջոցով: Իսկ ահա մեր դարավոր բարեկամ Ռուսաստանը չբարեհաճեց իր ձայնը հնչեցնել բարձր մակարդակով: Այստեղ ընդամենը ԱԳՆ մամլո խոսնակը հանդես եկավ կիսատ-պռատ հայտարարությամբ: Նշանակում է, շատ երկրներ չկամեցան փչացնել իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ` հանուն «ինչ-որ» Հայաստանի…

Իսկ մենք անընդհատ հույսեր ենք կապում միջազգային հանրության հետ…