ՄԻՋՆՈՐԴՆԵՐ ԸՆԴԴԵՄ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ


 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ-ի ու Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Իբրահիմիի հանդիպման նախօրյակին պաշտոնական Մոսկվան պարզ դարձրեց իր պատկերացումը սիրիական հանգուցալուծման ուղղությամբ: Լիակատար և երաշխիքային հրադադարի համար միակ առաջարկն, ըստ Մոսկվայի` ՄԱԿ-ի դիտորդների և խաղաղապահ ուժերի տեղակայումն է Սիրիայի տարածքում:

Թեև Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու նախագահի Միջին Արևելքի հարցերով խորհրդականը վերջնական տեսք չի տվել ռուսական առաջարկին, այսուհանդերձ, երբ ասվում է, թե Մոսկվան պատրաստակամ է դիտարկել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների և խաղաղարարների տեղակայման հարցը, նշանակում է, որ ոչ թե դիտարկումից անդին պատրաստ է միայն քննարկելու, այլ նաև այդ գծով առաջարկ անելու և աշխատելու, որ այդ առաջարկը վերածվի որոշման:

Ռուսական այս առաջարկը բախվում է թուրքական մերժմանը, որը դիվանագիտական ձևերով հրապարակայնորեն մերժում է այն. եթե ոչ անպայման հակա-առաջարկ, գեթ փոխ-առաջարկ ներկայացնելով: Անկարան եռակողմ ձևաչափով կայանալիք համաձայնության մեջ է տեսնում Սիրիայի հանգուցալուծումը: Այստեղ մանրամասնված է նաև եռակողմի բովանդակությունը` Թուրքիա, Ռուսասատան և Իրան:

Մոսկվան սկզբունքորեն համաձայն է ձևաչափի այս բաղադրությանը, սակայն, ըստ ռուս դիվանագետ ներկայացուցչի, գոյություն ունեն ձևաչափի տարբեր տարազներ` Թուրքիա-Իրան-Եգիպտոս և Թուրքիա-Եգիպտոս-Սաուդյան Արաբիա:

Նախադրյալները հուշում են, որ ռուսական առաջարկը միջազգային ընտանիքի կողմից կարող է քննարկման առարկա դառնալ: Ի վերջո, զինվորական բախումներով հատկանշվող հակամարտության գոտիների համար նախատեսված ընթացակարգ է խաղաղապահ ուժերի առաքումը. մանավանդ` քաղաքացիական ընդհարումների դեպքում:

Չի բացառվում, որ որևէ հակամարտության լուծում նաև հանձնվի միջնորդական առաքելություն իրականացնող կողմերին: Դա ևս օրինաչափ է` իբրև պրակտիկա և միջազգային պայմանագրի հիման վրա կիրառելի որոշում: Այս դեպքում սակայն միջնորդական ձևաչափի բաղադրության անորոշությունը և առաջարկողի կողմից տարբեր պատկերացումներ հրապարակ նետելը չի օգնում, որ սկզբունքի շուրջ համաձայնություն գոյանա: Ռուսական արձագանգը այդ մասին է վկայում` «համաձայն, բայց...»:

Մոսկվայի և Անկարայի պատկերացումները կարող են նույնիսկ իրար լրացնել, եթե անշուշտ ընդհանուր համաձայնությունը կայանա: Զինվորական տեղակայումներին զուգահեռ միջնորդական առաքելությունները կարող են աշխատել: Եվ կամ` միջնորդները կարող են խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտության հանգել ու դիմել միջազգային ընտանիքին:

Այս ամենը դեռ ճանապարհ ունի անցնելու: Հստակ է, որ սիրիական խնդիրը հայտնվել է երկու հիմնական ուղղությունների առանցքներում: Իսկ Մոսկվան և Անկարան դեռևս չեն համաձայնել խնդրի լուծման ընդհանուր սկզբունքների շուրջ:

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր