Ցեղասպանը


 

Շվեդիայում 54-ամյա տղամարդը դատական պատասխանատվության է կանչվել` ցեղասպանություն կատարելու մեղադրանքով: Ներկայումս շվեդական քաղաքացի այդ մարդը ծագումով Ռուանդայից է, և իրավապահ կառույցները հիմքեր ունեն կասկածելու, որ 1994-ին իր հայրենիքում նա մասնակցել է զանգվածային սպանդների: Մասնավորապես, այդ սպանդների զոհ է դարձել Արևմտյան Ռուանդայի ազգաբնակչության թութսի խմբի 800 հազար ներկայացուցիչ (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն):

Կասկածյալը որոշ ժամանակ գտնվել է միջազգային հետախուզման մեջ: Ձերբակալվելուց հետո Ռուանդայի իշխանությունները պահանջել են, որ նրան հանձնեն իրենց` մոռանալով, որ իրենց հայրենակիցն արդեն Շվեդիայի քաղաքացի է: Ավելին, դատական մի քանի նիստեր գումարվելու են Ռուանդայում, ուր տեղի վկաներն ուղղակի ցուցմունք են տալու շվեդական դատարանին:

Տարօրինակ է, որ 1994-ի հանցագործությունը, այն էլ` զանգվածային սպանություն, միայն հիմա է դատապարտվում, այն էլ` հայտնաբերված է 1 կասկածյալի մակարդակով: Մինչդեռ զանգվածային սպանդը պիտի որ դատապարտվեր միջազգային մակարդակով: Բայց աշխարհը դարձյալ մունջ է` ինչպես անցյալ դարասկզբին լռեց` ակամա դառնալով ոճրագործ Թուրքիայի հովանավորը: