Ինքնասպան թիկնապահը


 

Տարօրինակությունների «ցեցը» դուրս չի գալիս Օբամայի թիկնազորից: Մեր ընթերցողն էլ երևի հիշում է, որ ամիսներ առաջ` մայիսին, Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության աշխատակիցները սեքս-սկանդալի հերոսներ դարձան: Նրանք օգտվել էին պոռնկուհիների ծառայություններից` Բարաք Օբամայի` Կոլումբիա կատարած այցելության ընթացքում: Ընդ որում` ոչ թե մեկ-երկու թեթևամիտ տղաներ, այլ նրանցից 5-ը զինվորականներ էին, 11-ը` գաղտնի ծառայության ներկայացուցիչներ:

Ի դեպ` այդ միջադեպը կարող էր և աննկատ անցնել, եթե տղաները ժլատություն չանեին: Որոշել էին գումա՞ր խնայել, երկրի նախագահի թիկունքը պահե՞լն էր նրանց ինքնավստահություն ներշնչել, թե՞ թերագնահատել էին պոռնիկների «սկզբունքայնությունը»` դժվար է ասել: Բայց «աղջիկներից» մեկին կիսատ-պռատ էին վճարել, նա էլ գանգատվել էր ոստիկանությանը: Թիկնապահներից բողոքել էին նաև հյուրանոցի աշխատակիցները… Այն ժամանակ բոլորն անհապաղ հեռացվեցին աշխատանքից, ու նախագահական թիկնազորում նրանց տեղերը զբաղեցրեցին կանայք:

Եթե այս միջադեպը կարելի է նույնիսկ զվարճալի համարել, ապա նույն թիկնազորում օրերս կատարվածն իսկապես ողբերգություն է: Ու նախնական վարկածով` դարձյալ կնոջ, ավելի ստույգ` սիրային կապի պատճառով:

Նախագահ Օբամայի պահպանության ծառայության բարձրաստիճան աշխատակցին Վաշինգտոնում, իր իսկ մեքենայի մեջ մեռած են գտել: Ենթադրվում է, որ 47-ամյա Ռաֆայել Պրիետոն ինքնասպան է եղել (տեղեկացրել է AssociΖted Press-ը): Իր կյանքի գրեթե կեսը` 22 տարի, գաղտնի ծառայությունում աշխատած հատուկ գործակալը թունավորվել էր շմոլ գազով:

Արդյո՞ք ինքնասպանություն է դա, թե՞ սպանություն: Վերջին վարկածը չի քննարկվում, թեև մահվան պատճառաբանությունը մղում է` դա ևս չբացառել: Ռաֆայելը երկար ժամանակ սիրային կապերի մեջ է եղել մի մեքսիկուհու հետ, իսկ նրա վարած պաշտոնը զբաղեցնողը պարտավոր է օտարերկրացու հետ իր ցանկացած կապի մասին տեղյակ պահել ղեկավարությանը: