Մեր խաղաղության երաշխավորները


 

Անկախ հասարակության տարբեր շերտերի հակասական վերաբերմունքից, բանակի հասցեին հնչող տարատեսակ կարծիքներից և առհասարակ` անկախ բոլոր հանգամանք ներից` հեռավոր մարտական դիրքերում միշտ զգոն է հայ զինվորը: Հաղթահարելով բոլոր դժվարությունները` նրանք ծառայում են բարձր գիտակցությամբ:

Այս տղաները խիստ տարբեր են` իրենց հայացքներով, մտքերով, սակայն ընդհանուր է հպարտությունը...…

Այդ տպավորությունը ստացանք` ԼՂՀ սահմանային զորամասերից մեկում զինծառայողների հետ զրուցելիս:

«Պապ ջան, գիտե՞ս, Մոնթեի զորամասում եմ ծառայում...»

Սերժանտ Շավարշ ԱԶԱՏՅԱՆՆ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ապա զորակոչվել բանակ` լիովին գիտակցելով հայ զինվորի առաքելությունը: Ծառայության ավարտին մնացել է 8 ամիս: Այսօր, հետադարձ հայացք ձգելով ծառայության սկզբնական շրջանին, պատմում է, որ հեշտությամբ է հարմարվել բանակային կյանքին: Դժվարութ յուններից երբեք չի ընկճվել, ավելին` դրանք համարում է բնական ու օրինաչափ, իսկ դրանց հաղթահարումը` յուրաքանչյուր զինվորի պարտքը:

- Հատկապես Արցախում ծառայելն ինձ համար մեծ հպարտություն է: Միշտ հետաքրքրվել եմ Արցախյան ազատամարտի պատմությամբ: Դեռ ուսանողության տարիներին հպարտությամբ էի լցվում, երբ մտածում էի, որ սովորում եմ մի ֆակուլտետում, որի ուսանողներ են եղել մեր հերոսներ Դուշման Վարդանն ու Թաթուլ Կրպեյանը: Իսկ երբ հասա զորամաս և իմացա, որ Մոնթե Մելքոնյանի հիմնադրածն է, հպարտությունս կրկնապատկվեց: Ոգևորությունս այնքան մեծ էր, որ անմիջապես զանգահարեցի հորս` «պապ ջան, գիտե՞ս, Մոնթեի զորամասում եմ ծառայելու»: Դա իսկապես մեծ պատիվ է: Մոնթեն Արցախյան ազատամարտի` իմ հերոսն է: Անկախ նրանից, թե այսօր մեր հասարակության մեջ ինչպես են ընդունում զորացրվածներին, միշտ հպարտանալու առիթ եմ ունենալու:

- Որպես արդեն բավական երկար ժամանակ ծառայած զինվոր, ինչպե՞ս ես գնահատում զինվոր-սպա փոխհարաբերությունները:

- Մեր զորամասում ընդհանուր առմամբ մթնոլորտը ջերմ է: Ես միայն մի համեմատություն կարող եմ անել: Ուսանողության տարիներին երբեք չեմ կարողացել որևէ դասախոսի հետ այնքան մտերմիկ զրուցել, որքան իմ սպաների հետ: Յուրաքանչյուր հուզող խնդրի շուրջ կարող ենք զրուցել սպաների հետ: Եթե ես թեկուզ մի փոքր կասկածեի, որ նրանց կողմից օգնություն չեմ ստանա, երբեք չէի դիմի:

- Ի՞նչ կասեիր մեր զինվորներին:

- Իմ բոլոր ծառայակից ընկերներին մաղթում եմ անփորձանք ծառայություն:

Ու զենքը ձեռքիս` հպարտ կկանգնեմ

Շարքային Ավետիս ԿԱՐԵՅԱՆԸ ծնունդով Երևանից է: 4 ամիս է` ծառայում է սահմանային այս զորամասում: Իր իսկ խոսքերով` արդեն հարմարվել է բանակային կյանքին:

- Մեծ հպարտությամբ եմ ծառայում Արցախում: Հիշում եմ, երբ նստեցինք զինվորներին տեղափոխող ավտոբուս, արդեն գիտեի, որ Արցախում եմ ծառայելու, և բոլոր զգացմունքներս խառնվել էին: Սակայն ամենապարզորոշը հպարտությունս էր: Գիտեի, թե ինչ մարտեր են ընթացել այս տարածքում: Իսկ այն գիտակցությունը, որ Մոնթեի հիմնադրած զորամասում եմ ծառայելու, առավել զգոն դարձրեց, պարտավորեցրեց` երբեք սխալներ թույլ չտալ: Մոնթեն մարտնչել է, արյուն է թափել այս հողի խաղաղության համար, իսկ մենք պետք է պահենք այս հողը, որ էլ երբեք արյուն չհեղվի:

- Ո՞րն է ծառայության ամենամեծ դժվարությունը:

- Պետք է ասեմ, որ արդեն հարմարվել եմ և առաջին հերթին` մեր սպաների վերաբերմունքի շնորհիվ:

- Ի՞նչ կասեիր զինվորներին:

- Խոսքս չեմ ուղղի զինվորներին, քանի որ համոզված եմ` բոլորն էլ գիտակցաբար են ծառայում և ինձ նման են մտածում: Դրա համար խոսքս կուղղեմ նորակոչիկներին: Թող հպարտ լինեն, որովհետև հատկապես այս հողի վրա ծառայելն իսկապես հպարտություն է:

- Որոշ ժամանակ անց, դու ևս ավագ ընկերներիդ հետ մեկնելու ես դիրքեր: Ի՞նչ ես զգում, պատրա՞ստ ես:

- Մի անգամ արդեն եղել եմ դիրքերում` զորավարժության ժամանակ: Երբ գիտակցում ես, որ դիմացդ հակառակորդն է, անբացատրելի զգացողություններ ես ունենում` թե´ վախ, թե´ հպարտություն: Համոզված եմ` երբ արդեն զենքը ձեռքիս կկանգնեմ մարտական հենակետում, ու կգիտակցեմ, որ թիկունքիս հայրենիքն է, վախը կանցնի, կմնա միայն հպարտությունը, ու զենքը ձեռքիս` հպարտ կկանգնեմ: