Մեր մայրենին ու գրականությունը


 

Հայաստանի գրողների միությունն ու Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունն ավանդաբար կազմակերպում են հանդիպումներ մեր ժամանակի նշանավոր գրողների հետ: Վերջին հանդիպումը գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի հետ էր:

Մի գրողի, ում ստեղծագործությունները վաղուց արդեն դարձել են ընթերցողի սեփականությունը, հարստացրել հայրենի գրականությունը: Իսկ Ռուբեն Հովսեփյանի սցենարներով նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր:

Այս հանդիպումը նաև բազմաթիվ հարցեր ծնեց, որոնցից մի մասը վաղուց դարձել է շատերի քննարկումների նյութը: Առաջին հերթին` դպրոցական ծրագրերի և մի շարք գրողների նկատմամբ ձևավորված վերաբերմունքի մասին էր խոսքը: Արդեն տևական ժամանակ դպրոցական դասագրքերից դուրս է մղվել Պերճ Պռոշյանը` Խաչատուր Աբովյանից հետո` երկրորդ խոշոր գրողը, ով ստեղծեց ազգային սոցիալական վեպը, գրականություն բերեց չափազանց ինքնատիպ կերպարներ, որոնք մինչև այսօր էլ չեն կորցրել իրենց հետաքրքրությունը` արտահայտելով մի ողջ սոցիալական դասի մտածողությունը: Ուսուցիչները ցավով խոսեցին, որ դպրոցական ծրագրերում ներառված չէ ժամանակակից հայ գրականութ յունը, ուստի հենց իրենցից շատերն ու աշակերտները տեղյակ չեն մեր գրականության ներկա միտումներին, չեն ճանաչում մեր գրողներին: Առանց այն էլ կտրվել է կապը ընթերցողի և գրականության միջև, գիրք գնելը շատերի համար դարձել է թանկ հաճույք, գրախանութների բացակայությունն էլ իր հերթին է խոչընդոտում գրականության հանրահռչակմանը:

Ոմանք էլ, օգտվելով «դաշտի պարապությունից», շատ հաճախ քարոզում են այնպիսի գրականություն և այնպիսի կարծիքներ գրականության մասին, որոնք ապակողմնորոշում են ընթերցողին, փշրում նրանց պատկերացումները մեր դասական գրականության մասին

Այս մտահոգությունները նոր չեն: Տարբեր ամբիոններից խոսվում է այս ամենի մասին, ցավով արձանագրվում, որ դասագրքերի կազմման գործում վաղուց ի վեր արմատավոր վել է անտարբերությունն ու ոչ արհեստավարժ վերաբերմունքը: Մինչդեռ դասագրքերի կազմմանը պիտի մասնակցեն գրողները` ինչպես ժամանակին Լևոն Շանթն ու Մուշեղ Իշխանը: Ինչպես դա անում էր Հովհաննես Թումանյանը` հետևելով, որ դպրոց մտնեն հետաքրքիր, աշակերտի երևակայությունը հարստացնող դասագրքեր: Ուսուցիչները տարակուսելի համարեցին այն, որ 9-րդ դասարանի գրականության դասագրքում տեղ է գտել նյութ Հոմերոսի մասին, որը ոչ մի կերպ չի ձուլվում դասագրքի սկզբունքին, չի առնչվում մայրենի գրականությանը…