«Լացելը ամոթ բան չէ»


 

Նարեկ ԴՈՒՐՅԱՆ. դերասան և բեմադրիչ

Փարիզի «Լա բոհեմա» թատերական միության հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի բեմադրությունները պահանջարկ են վայելում ոչ միայն Հայաստանում:

- Կատարյալ երջանկությանը հավատո՞ւմ եք:

- Ոչ: Կատարյալ ոչինչ գոյություն չունի: Կատարյալ ոչինչը հետաքրքիր էլ չի լինի: Կյանքը պետք է կոնֆլիկտ ունենա, բարիկադներ պետք է լինեն: Միևնույն է` ինչ ուզում ես ունեցիր, դու դարձյալ կատարյալ չես լինի:

- Ձեզ ե՞րբ կարելի է տեսնել արտասվելիս:

- Ինձ լացացնելը շատ հեշտ է: Երբ լավ երաժշտություն եմ լսում, լավ ներկայացում եմ դիտում` աչքերս ակամայից լցվում են: Ես շատ զգացմունքային մարդ եմ: Լացելը ամոթ բան չէ: Այն ևս Աստծո կամ բնության կողմից տրված գեղեցկություն է: Սակայն ամեն պարագայում պետք է իմանալ, թե ինչու ես լալիս:

- Ինչի՞ համար ներողություն կխնդրեիք:

- Կոնկրետ անձի պարագայում դժվարանում եմ ասել: Հաճախ փորձերի ժամանակ կարող եմ շատ կոպիտ լինել, որի համար հետո գուցեև զղջամ: Նույնիսկ` եթե ես ճիշտ լինեմ: Նույն բանը գուցե այլ կերպ ասեի: Երևի խնդիրն այն է, որ ես իմ անձի հանդեպ էլ շատ դաժան եմ: Այն մարդը, ով կարողանում է հեշտությամբ ներողություն խնդրել` մեծություն է: Միայն մեծահոգի մարդը կարող է ներողություն խնդրել:

- Ո՞ւմ կցանկանայիք շնորհակալություն հայտնել:

- Ծնողներիս: Նրանք ինձ կարողացան տալ այն ամենը, ինչ հնարավոր էր և պետք էր: Հայրս տվեց ինձ ողջ երաժշտական, մայրս` թատերական-գրական աշխարհը:

- Չիրականացված երազանքներ ունե՞ք:

- Կցանկանայի ունենալ սեփական թատրոն. երազանք, որ դեռ իրականություն չի դարձել, Եվ, իհարկե, դերեր, որ կցանկանայի խաղալ:

- Բեմի վրա արտասվե՞լն է հեշտ, թե՞ ծիծաղելը:

- Միանշանակ` արտասվելը: Լացը լավ և վատ չի լինում: Իսկ ծիծաղը, հումորը ավելին են, քան այն, ինչ այսօր մատուցվում է դրա փոխարեն:

- Ի՞նչն է ամենից շատ անհանգստացնում Նարեկ Դուրյան-մարդուն-արվեստագետին:

- Համատարած միջակությունը, անճաշակությունը, գռեհկությունը: Այսօր ով ասես` դերասան է, երգիչ, լրագրող ու քննադատ:

- Ո՞վ է Նարեկ Դուրյան ը:

- Երևանցի:

Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ