ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ «ԱՂՔԱՏ» ՄԱՐԴ Է


 

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով հիմա ՀՀ նախագահի խորհրդական է, հաճախ էր խոսում այն մասին, որ ինքը որևէ եկամուտ չունի` աշխատավարձից բացի, բիզնեսով չի զբաղվում:

Շա˜տ էինք ուզում հավատալ նրան, մտածել, որ, այո, նա ապրում է միայն աշխատավարձով: Այսինքն, օրինակելի պաշտոնյա է: Բայց հիասթափվեցինք, երբ ծանոթացանք նրա հայտարարագրին: 2011 թվականին Ալիկ Սերգեյիչի եկամուտը կազմել է 5 մլն 517 հազար 240 դրամ` աշխատավարձի տեսքով: Սակայն իր հաշվին ունեցել է 120 մլն դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար: Սրան գումարենք նաև Ալիկ Սարգսյանի` ոչ մի տեղ չաշխատող կնոջ եկամուտները. նրա հաշվին առկա է 7 մլն դրամ և 6500 ԱՄՆ դոլար… Մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի տիկինը մեկ տարվա ընթացքում մոտ մեկ միլիոն դոլար եկամուտ էր ապահովել, ու դա բացատրվել էր իր գրած ինչ-որ դասագրքից ստացած հոնորարներով: Ալիկ Սերգեյիչը չի կարող ասել, թե դասագիրք է գրել ու հոնորար ստացել… Մնում է միայն ենթադրել, թե որտեղից կարող էին գոյանալ երբեմնի մարզպետի ու նախկին ոստիկանապետի գումարները:

Իհարկե, Ալիկ Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի համեմատությամբ աղքատ մարդ է, քանի որ այս պաշտոնյան մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան` երկրի նախագահը: Եթե ՀՀ նախագահի ամսական աշխատավարձը 400 հազար դրամ է, ապա Ջավադյանինը` 2 մլն 312 հազար 863 դրամ: Այսինքն, մեկ տարվա ընթացքում նա ստանում է 27 մլն 754 հազար 356 դրամ: 2011 թ. Արթուր Ջավադյանը ստացել է 39 մլն 15 հազար 776 դրամի, 76 հազար 268 դոլարի և 1514 եվրոյի եկամուտ, որից 27 մլն 754 հազար 356 դրամը աշխատավարձն է, 117 հազար 900 դրամը` շահաբաժինը, իսկ մնացածը ավանդի, հաշվի մնացորդի դիմաց վճարված տոկոսներ են, կամ օգտագործված և մարած վարկային գծեր: 2011 թ. սկզբին Ար. Ջավադյանն ունեցել է 257 մլն դրամ, 305 հազար դոլար և 192 հազար եվրո, իսկ տարեվերջին` 125 մլն դրամ, 410 հազար դոլար և 165 հազար եվրո: Նույն թվականին ԿԲ նախագահը 224 հազար 910 դրամով գնել է 1260 քմ հողամաս, 1138 քմ հողամասով անհատական տուն 20 մլն 350 հազար դրամով, ինչպես նաև 105 մլն դրամով անհատական բնակելի տուն` 1455 քմ հողամասով: Արթուր Ջավադյանի կինը` Հասմիկ Մանուկյանը, 2011 թվականին ունեցել է 217 մլն դրամ, 325 հազար դոլար և 340 հազար եվրո:

Այս տվյալներին ծանոթացողը կարող է մտածել, որ Հայաստանն աշխարհի ամենահարուստ երկրներից է, որտեղ պետական պաշտոնյաները նման ունեցվածքի տեր են: Մանավանդ որ` նրանք իրավունք չունեն բիզնեսով զբաղվելու, վճարվող այլ աշխատանք կատարելու: Բայց որքան հարուստ են այս մարդիկ, այնքան աղքատ են մյուսները: Ի վերջո, հրապարակելով նման փաստերը, մենք մի մտահոգություն ունենք` ե՞րբ են վերջապես մեր խորհրդարանն ու կառավարությունը հոգ տանելու, որ ԿԲ նախագահն ու պետական բյուջեից աշխատավարձ ստացող մյուսները չհայտնվեն արտոնյալ վիճակում…

Լ.Մ.